Քննական գործընթացում բացակայում է հասարակական լարվածությունը

Լևոն Մկրտչյանն այցելել է քննակենտրոն

FotorCreatedՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն և մասնակցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին:

Նախարարը շրջել է քննակենտրոնում, զրուցել դիմորդների հետ, քաջալերել ու հաջողություն մաղթել նրանց, այնուհետև պատասխանել դիմորդների ծնողների և լրագրողների հարցերին: Նախարարը հույս է հայտնել, որ այս տարի ևս քննությունները կանցնեն հանդարտ և բնականոն:

Մկրտչյանի խոսքով` քննական գործընթացում բացակայում է հասարակական լարվածությունը, այն մի կողմից կապված է քննությունների այս ընթացակարգի , մյուս կողմից` պայմանավորված է հատկացված տեղերի քանակով: Նա նշել է նաև, որ միջին գիտելիք ունեցող ցանկացած երեխա, նույնիսկ առանց հատուկ պատրաստվածության, առանց կրկնուսույցների ծառայություններից օգտվելու, հնարավորություն ունի իր ուսումը շարունակել բարձրագույն կրթական հաստատություններում:

Նախարարն անդրադարձել է կրթության որակի հետ կապված խնդիրներին` նշելով.«Կրթության որակը խիստ կարևոր է, և հենց այստեղ պետք է վստահել համալսարաններին: Առիթ կունենանք ներկայացնել «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի նախագիծը, որտեղ նախարարության գործառույթներում կտրուկ բեռնաթափում է տեղի ունենալու և աճելու է համալսարանական պատասխանատվությունն ու վստահությունը: Համալսարանները պետք է պատասխանատվություն ստանձնեն, որպեսզի կարողանանք որակ պահանջել»:

Ընդհանուր առմամբ, դիմորդների թիվն այս տարի 11375 է, իսկ այսօր «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 6266 դիմորդ:

Նախարարը տեղեկացրել է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ համատեղ ԿԳ նախարարությունն ունի որոշակի ծրագրեր:

«Հաջորդ տարի պետք է փորձենք լուծել մի քանի կարևոր սկզբունքային հարցեր: Տանջատելու ենք երեք գործընթաց: Հիմա բոլորը կենտրոնացված են մեկ տեղում՝ և’ պետական պատվերը, և’ քննական գործընթացը, և ‘ մրցույթը: Երեքն էլ անցկացվում են թեստավորման կենտրոնում: Թեստավորման կենտրոնը պետք է իրականացնի իր հիմնական գործընթացը՝ իրականացնի գիտելիքների գնահատում: Այնուհետև պետական պատվերը կկենտրոնացնենք մեկ համակարգում, որտեղ հիմնական շեշտադրումը կկատարենք սոցիալական բաղադրիչի վրա, այսինքն` պետական պատվերի, կրթաթոշակների հսկայական զանգվածը կդնենք զուտ սոցիալապես անապահով շերտերի անվճար ուսուցման ապահովման վրա: Վերջին գործընթացը կլինի այն, որ համալսարանները կհաստատեն անցողիկ շեմերը, և, ըստ այդմ, մրցույթները կիրականացվեն բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- ասել է նախարարը:

Նա նշել է նաև, որ այժմ մշակման փուլում է «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքը, և այն ունի այնպիսի ձևաչափ, որն աշխարհի շատ երկրներում ընդունված է: Օրենքը, ըստ Մկրտչյանի, պետության օժանդակությունն ավելի հասցեական կդարձնի, քանի որ մեր հանրապետության մի զգալի հատված, որը սոցիալական անապահով շերտերից է, հնարավորություն չունի մասնավոր կրկնուսույցների մոտ պարապելու, անգամ` ընտանիքները հնարավորություն չունեն ուսանողական վարկ վերցնելու:

«Նման երեխաներին հնարավորություն ենք ընձեռելու անվճար կրթություն ստանալ: Եվ սա է պատճառը, թե ինչու ենք ցանկանում պետական պատվերի մեջ սոցիալական հատվածը հստակեցնել: Կրթաթոշակ կամ պետական պատվեր հասկացությունը պետք է բաժանվի երեք մասի` սոցիալական, ավելի նպատակային ուսուցման, և գիտելիքի՝ զուտ քննական արդյունքներով: Սա լուրջ բեռնաթափում կիրականացնի»,- ասել է նախարարը:

Մկրտչյանի խոսքով` թեստային կենտրոնացված համակարգն ունի առավելություններ օբյեկտիվության և հակակոռուպցիոն համատեքստում, բայց, մասնագիտական որակի իմաստով, ավտոմատ ստուգումը չի տալիս այն հնարավորությունները, որն առաջատար համալսարաններում կազմակերպում են բանավոր քննության, փոխադրությունների և էսսեների միջոցով:

Տպել Տպել