Արդյունքները լավը չեն, և դրա համար ամեն մեկն իր բաժինը պետք է ունենա

FotorCreatedՎարչապետ Կարեն Կարապետյանն անկաշկանդ է ձևավորել կառավարության կազմը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Վստահ եմ` այս ստարտային վիճակում վարչապետի համար ստեղծված են համապատասխան դյուրին պայմանները, որ կարողանա այն վճռականությամբ, որ ստանձնել է այս պաշտոնը, լուծել երկրի առջև ծառացած խնդիրները»,- ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով իրենց պորտֆելների փոփոխությանը` ՀՅԴ-ականը նշեց, որ իրենք որևէ հարց պորտֆելի թվի, տեսակի երբեք չեն դրել.«Մեր հարցը եղել է կապված այն համագործակցության հուշագրի նպատակների հետ, որոնք միասին համաձայնեցրել ենք, և մեր հարցն այն է, որ այդ ուղղությամբ կատարվեն հնարավորինս արագ և արդյունավետ քայլեր»:

Հարցին, թե մինչև ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելն էլ ընտրությունների արդյունքերում նույն շեմի տոկոսներն ուներ ՀՅԴ-ն և հիմա էլ՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ այս համագործակցությունն ի վնաս Դաշնակցությա՞նը գործեց, թե՞ ի օգուտ, Ռուստամյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդ ամենը համագործակցության հետ է կապված, այն խնդիրները, որոնք մենք դրել էինք, չենք հրաժարվել, անկախ նրանից, թե որ տեղում կգտնվենք, այդ խնդիրները մեզ համար կարևորված են լինելու լինենք իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս: Այստեղ տեղի հարցն այդքան էլ կարևոր չէ: Եղավ այն ինչ կա, համագործակցության հետ չենք կապում այդ ամենը: Այդ համագործակցության նպատակներն են կարևոր, մենք չենք գնացել այնտեղ ինչ-որ ռեյտինգի համար»:

Խոսելով բոնուսների կիրառման մասին՝ Ռուստամյանն ասաց, որ արդյունավետ չի համարում դա. «Արդարացված չէ, մենք այն ժամանակ էլ դեմ ենք եղել դրան, երբ Երևանի մասին օրենք էր ընդունվում, մենք ասում էինք, որ դա սխալ է: Մենք կարողացանք անել ամեն ինչ, որ այդ բոնուսները չկիրառվեն ԱԺ-ի ընտրությունների ժամանակ, նույն պատկերը կարող էր առաջանալ: Ոմանք զարմացել են դրանից ու լավ չեն հասկացել՝ ինչ է ընդունվել: Հիմա իսկապես այդ բոնուսների կիրառմամբ մեծամասնություն է ձեռք բերում այն քաղաքական ուժը, որ քառասուն տոկոսից ավելի ձայն ունի, բայց բոնուսների կիրառումը մենք ժողովրդավարական չենք համարում: Մյուսների հաշվին է դա լինում: Հարյուր տոկոսը լրացվում է, եթե 60, 40 է եղել, 40-ը դառնում է 50 տոկոս 60-ից վերցնում են դնում են մյուսի վրա,, պարզ տրամաբանություն է»:

Պատասխանելով հարցին, թե իսկապե՞ս Շիրակի մարզպետից դժգոհություններ կան, Ռուստամյանը պատասխանեց. «Գիտեք, հիմա արդյունքերը լավ չեն, ակնհայտ է, արդյունքերի համար պետք է լուրջ վերլուծություն անել և ամեն մեկը իր բաժինն այդ արդյունքերի մեջ ունենա, սա նորմալ պրոցես է և չեմ կարծում, որ արտառոց բան կա դրա մեջ: Մենք պարզապես պարզ հայացքով նայում ենք այն պրոբլեմներին և չենք գնում մեր մեղքն ուրիշների վրա բարդելու ճանապարհով, հազար բան կարելի էր ասել, բայց մենք գիտենք, որ գլխավոր պատճառն այն է, որ մենք հարց ունենք և մեր մեջ եղած հարցն օր առաջ պետք է լուծենք»:

yerkir.am

Կեղծիքները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա

fotorcreated
Ընտրություններն անցել են աննախադեպ քաղաքական մրցակցության մթնոլորտում:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովիՀայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Վստահ եմ, որ սխալ են բոլոր տպավորությունները, որ արդյունքները դարձնում են քաղաքական, քաղաքականության հեղինակության հետ են կապում: Հասարակությունն այս ընտրություններին քաղաքական նշանակություն չի տալիս: Դեր են խաղացել կոնկրետ անձինք, կոնկրետ կապերով»,-նշեց Ռուստամյանը՝ համոզմունք հայտնելով, որ կեղծիքները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Դիտարկմանը, թե մարզերում էլ ունեն ներկայություն, բայց Գյումրիում, օրինակ, ՀՅԴ-ն նորաստեղծ «Գալա» կուսակցությունից քիչ ձայն հավաքեց, ապա Արմեն Ռուստամյանը տեղի ունեցածը նորմալ գնահատեց:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք գոհ չեն արդյունքներից ու մեղքն իրենց մեջ պետք է փնտրեն, վերանայեն քաղաքականությունը:

Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Շիրակի ՀՅԴ-ական մարզպետի աշխատանքից դժգոհ են, Արմեն Ռուստամյանը հաստատեց. «Խնդիր ունենք, այո, դժգոհություն կա այն իմաստով, որ մարզպետն այն պաշտոնյան է, որ պետք է կարողանա համապատասխան հեղինակություն ավելացնել մեր հեղինակության վրա: Բարձրացներ, ճիգ գործադրեր, որ հեղինակությունը բարձրանար»:

Խոսելով նոր կառավարության վերջնական ու ամբողջական կազմից՝ Ռուստամյանն ասաց, որ այս ստարտային պայմաններում վարչապետ Կարեն Կարապետյանի համար ստեղծվել են այն դյուրին պայմանները, որ նա կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները:

Նա նշեց, որ Կարեն Կարապետյանն անկաշկանդ ձևավորել է իր թիմը, ապա վստահություն հայտնեց, որ գործադիր մարմնի ղեկավարը նույն վճռականությամբ, ինչպես ստանձնել է պաշտոնը, կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները:

Դաշնակցության պորտֆելներից, պատգամավորի համոզմամբ, գոհ կամ դժգոհ լինելու խնդիր չկա, որովհետև «ՀՅԴ-ն համաձայնություն ունի ՀՀԿ հետ և հուշագրի իրականացման ուղղությամբ արագ ու արդյունավետ քայլեր կատարելու խնդիր, ոչ թե պորտֆելները շատացնելու»:

«ՀՅԴ ազդեցությունը միշտ եղել ու կլինի հույժ կարևոր մեր երկրում: Մեր ազդեցությունը չի որոշվում միայն կառավարության մեջ մեր ներկայությամբ: Չեք կարող նշել որևէ քաղաքական ուժ, որը որտեղ հայ լինի աշխարհում, այնտեղ կառույց ունենա, ներկայություն»,- նշեց պատգամավորը:

tert.am

Տպել Տպել