Արծվիկ Մինասյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում համագործակցության ուղիները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին` բնապահպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանի հետ ունեցած իր արդյունավետ աշխատանքի նախորդ փորձն լուրջ նախադրյալ է նաև բնապահպանական ոլորտում համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար` ի շահ երկու բարեկամական պետությունների:artcvik

Դեսպան Սաջադին շնորհավորել է Արծվիկ Մինասյանին ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և, ծանոթ լինելով գործադիրում նրա նախորդ գործունեությանը, համոզմունք հայտնել, որ նոր պաշտոնում ևս նույն արդյունավետությամբ կաշխատի: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններում զգալի տեղ պետք է հատկացնել բնապահպանական հարցերի շուրջ համագործակցության ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար` ՀՀ բնապահպանության նախարարը հավաստիացրել է, որ հետագա համագործակցությունը բնապահպանության կոնկրետ ուղղություններով կտա շոշափելի արդյունքներ:

Կողմերը քննարկել են էկոտուրիզմին, երկրների տնտեսություններում էկոլոգիապես մաքուր, նվազագույն արտանետումներով տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտության, երիտասարդ մասնագետների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև միջազգային հարթակներում ակտիվ համագործակցության և միասնական շահերի առաջ մղմանն առնչվող հարցեր:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձել է բնապահպանության ոլորտում երկու երկրների մասնագետների կողմից իրականացվող մոնիթորինգի չափորոշիչների համադրման, էկոտեղեկատվության փոխանակման, երկու երկրների մասնագետների կողմից իրականացվող դիտարկումների համատեղ իրականացման հարցերին:

Շեշտելով, որ էկոլոգիական պահանջների պահպանությունը տարածաշրջանի բոլոր երկրների պարտավորությունն է` Արծվիկ Մինասյանը պատրաստակամություն է հայտնել նման հանդիպումներ հաճախ կազմակերպել և նոր թափ հաղորդել բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանը:

yerkir.am

Տպել Տպել