Պէտք է զինուել համբերութեամբ, պայքարի ոգով ու վճռականութեամբ

ՀՅԴ հիմնադրութեան 126-ամեակի կապակցութեամբ Աբովեան քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ արտասանած Սարգիս Մկրտչեանի խօսքը։

Յարգելի հայրենակիցներ,
Սիրելի ընկերներ,

Այսօր, այս դա հլիճում հաւաքուել ենք նշելու ՀՅԴաշնակցութեան հիմնադրութեան 126-ամեակը։ Այդ կապակցութեամբ առաջին հերթին շնորհաւորում եմ բոլորիդ։ Շնորհաւորում եմ ծննդեան կապակցութեամբ այն կուռ, կազմակերպուած, կարգապահ, յառաջադէմ ու փառահեղ կազմակերպութեան, որը ծնուեց գործի միջից, որն իր մէկ դար ու քսանվեց տարուայ պատմութեան ընթացքում չընկրկեց որևէ դժուարութեան ու խոչընդոտի առջև, որին հարազատ չեն ձևականութիւնն ու ամբոխավարութիւնը, որին խորթ են յարմարուողականութիւնն ու հաշտուողականութիւնը, որը չի ճանաչում յոգնածութիւն ու յուսահատութիւն, որը պայքարի, յանձնառութեան, նուիրումի ու նպատակասլացութեան կուսակցութիւն է և, որի համար գերագոյն խնդիր է Հայաստանի ու հայութեան անվտանգութիւնը, հայութեան ազգային շահը։
fotorcreated-61

Ընդամէնը մի քանի օր յետոյ փակուելու է 2016 թ. էջը և մեզանից իւրաքանչիւրը պէտք է գնահատական տայ ոչ միայն իր անձնական, այլեւ հաւաքական կեանքի անցեալ մէկ տարուայ գործունէութեանը։ Նշել ձեռքբերումներն ու բացթողումները։ Մշակել նոր ծրագրեր։ Քայլել առաջ։

Բայց այսօր, ՀՅԴաշնակցութեան հիմնադրութեան 126-ամեակի կապակցութեամբ, ես ցանկանում եմ խօսել ոչ թէ այն ամենի մասին, ինչ արել է Դաշնակցութիւնն իր պատմութեան ընթացքում կամ անցեալ տարի, այլ այսօրուայ մեր անելիքների մասին։ Ինչ պիտի անենք, որպէսզի ունենանք այն երկիրը, որը մեր բոլորի երազանքն է։

Սրանից մի քանի տարի առաջ Սփիւռքի համայնքներից մէկում հրաւիրուել էի դասախօսութիւն կարդալու։ Դասախօսութեան աւարտին ներկաներից մէկը հարցրեց. «Այսօր ի՞նչ է նշանակում Հայ Դատ, երբ Հայաստանն անկախ է ու ունենք պետութիւն։ Մենք ի՞նչ անելիք ունենք այլևս։ Ի՞նչ է նշանակում Հայ Դատ մեզ համար»։

Սա լաւ հարցում է։ Արդիական։ Եւ ես այդ մասին բազմաթիւ հանդիպումների ընթացքում ասել եմ։

ՀՅԴաշնակցութեան Ծրագրում գրուած է.

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը՝ ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը»:
Ուրեմն «ամբողջական հայութեամբ ամբողջական հայրենիք»՝ սա է պատասխանը։ Հասե՞լ ենք այդ նպատակին։ Ոչ։ Ուրեմն ազգային մտածողութիւն ունեցող բոլոր հայերն անելիք ունեն։ Սակայն ինչպէ՞ս պէտք է հասնել այդ նպատակին։ Ո՞րն է առաջնահերթը, որը երկրորդականը, որո՞նք են հանգրուանները։

Իմ խորին համոզմամբ, այսօր, առաջին հերթին ամէն ճիգ պէտք է թափել Հայաստանի բազմակողմանի զարգացման համար, Հայաստանի տնտեսական, ռազմական, գիտական, արդիւնաբերական, կրթական, մշակութային հզօրացման համար։ Հայ Դատ նշանակում է ամէն ջանք թափել Հայաստանում ապրող հային հողի վրա, նշանակում է հայրենիքում, պահելու համար։ Ամէն ջանք թափել ստեղծելու արժանավայել ապրելու պայմաններ Հայաստանում ապրող մարդու համար։ Հզօր Հայասատանում, գերզարգացած Հայաստանում, անվտանգ Հայաստանում արժանապատիւ կեանքով ապրող հայ մարդն է այն հիմքը, որի շնորհիվ կարող ենք իրականացնել մեր նպատակները, մեր երազանքները։

Այսօր ազատ ու անկախ է Հայաստանի մի մասը։ Սակայն այս մի մասում էլ առկայ են բազմաթիւ խնդիրներ, որոնք չենք կարողացել լուծել վերանկախացման անցնող 25 տարիների ընթացքում։ Մեր ամբողջ ջանքը պիտի ներդնենք այդ հարցերը լուծելու ուղղութեամբ, մեր երկրում ընկերային արդարութիւն հաստատելու ուղղութեամբ։ Սա է ՀՅԴաշնակցութեան այսօրուայ գործը։

Հայի համար Հայաստան ու անկախութիւն համազօր են եղել արդարութիւն հասկացութեան հետ։ Հայ մարդու նկատմամբ տեղի ունեցած անարդարութիւնը, լինի Հայաստանում թէ Հայաստանից դուրս, մենք միշտ վերագրել ենք օտարի լուծի տակ ապրելուն և մշտապէս ունեցել այն համոզումը, որ Անկախ Հայաստանում լինելու է ընկերային արդարութիւն, լինելու է իրաւահաւասարութիւն։ Այսօր, ցաւօք, ականատեսն ենք այլ իրողութեան։ Ահա այստեղ անելիք ունի ՀՅԴաշնակցութիւնը, որովհետև «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն իր էութեամբ, աշխարհայացքով եւ աւանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական և յեղափոխական կուսակցութիւն է»: Սա ամրագրուած է ՀՅԴաշնակցութեան Ծրագրում։ Իսկ ընկերվարութեան հիմքը արդարութիւնն է։ Մենք պէտք է կերտենք արդար և օրինակելի հասարակարգ, որը հայ մարդու հպարտութեան առարկան լինի։ Մենք կարող ենք ու պարտաւոր ենք դա անել։

Դաշնակցութիւնը կազմակերպական կառոյց ունի աւելի քան 30 երկրներում և ունի 44 պատանեկան, երիտասարդական և ուսանողական միութիւններ։ Սրան պէտք է աւելացնել ՀՅԴ ուղեկից միութիւնները։ Եւ այս ամբողջին պիտի աւելացնել մեր համակիրների հսկայածաւալ բանակը։ Համակիրներ, ովքեր թէև ՀՅԴ անդամ չեն, սակայն միշտ կուսակցութեան կողքին են ու որևէ ջանք չեն խնայում Դաշնակցութեան ծրագրերի իրականացման համար։ Այս վիթխարի ներուժը, ինչպէս միշտ, դէպի Հայաստան ուղղելու, Հայաստանին թև ու թիկունք կանգնելու, Հայաստանի ու հայութեան շահերը աշխարհի չորս անկիւններում պաշտպանելու ու այդ շահերին ծառայելու մեծ առաքելութիւնն ունի ՀՅԴաշնակցութիւնը։

Դաշնակցութիւնը յանձնառու երիտասարդութեան կուսակցութիւնն է։ Այն երիտասարդութեան, ովքեր հաւաքական շահը վեր են դասում անձնական շահից, ովքեր հայի ուժը տեսնում են կազմակերպուածութեան մէջ, գիտելիք ունենալու մէջ, արդիականութեան մէջ, ովքեր պատրաստ են զոհաբերութեան, ովքեր գիտակցում են, որ անտարբերութիւնն ու սովորամոլութիւնը մեր թաքուն թշնամիներն են, ովքեր խիզախ են ու համարձակ, ովքեր հաւատում են Ազատ, Անկախ ու Միացեալ Հայաստանի կերտմանը, ովքեր չեն կասկածում, որ ապրելու են գերզարգացած Հայաստանում, որ գերզարգացած Հայաստան կերտելը հնարաւոր է և որին հասնելու համար պիտի աշխատել օրն ի բուն։ ՀՅԴաշնակցութիւնը այդ տեսակի երիտասարդութեան դաստիարակութեան դարբնոցն է։

Ժամանակին շատ շատերը չէին հաւատում Հայաստանի անկախութեանը։ Հայ ազգը ծնունդ տուեց ՀՅԴաշնակցութեան ու նրա ղեկավարութեամբ կերտեց Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը։
Ժամանակին, երբ ՀՅԴաշնակցութիւնը բարձր էր պահում Հայաստանի անկախութեան գաղափարը, շատ շատերը չէին հաւատւմ Խորհրդային Միութեան նման հսկայի փլուզմանը։ Դա տեղի ունեցաւ մեր աչքի առջև։ Եւ այդ փլատակների միջից վեր յառնեց Հայոց անկախ պետականութիւնը՝ լոյս ու յոյս բերելով իւրաքանչիւր հայ մարդու։

Այսօր, երբ մենք խօսում ենք Միացեալ Հայաստանի, հողահաւաքի ու հայահաւաքի, ընկերային արդարութեան ու իրաւահաւասարութեան, գերզարգացած Հայաստան կերտելու մասին, կրկին ոմանք մեզ խորթ աչքով են նայում, կասկածով են նայում, չեն հաւատում։ Իսկ մենք ասում ենք, որ դա հնարաւոր է։ Դաշնակցութիւնը յոյսի, հաւատքի, պայքարի ու վճռակամութեան կուսակցութիւն է։
Ժամանակն անցնում է. անցնում են տարիներ ու տասնամեակներ, փոխւում են պայմանները, փոխւում են նաև մարտահրաւէրների ձևերը, սակայն խնդրի էութիւնը մնում է նոյնը։

Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը մեզ պարտաւորեցնում է լինել զգօն ու շրջահայաց։ Մեր արևելեան ու արևմտեան հարևանները շարունակում են թշնամի մնալ Հայաստանին ու հայութեան։
Մենք ունենք Արցախի հարց և հայութիւնը հէնց այն համախմբուածութեամբ ու միասնականութեամբ, որ ի ցոյց դրեց 2016 թ. ապրիլին արցախեան ռազմաճակատի սրացումների ժամանակ, հէնց նոյն այդ համախմբուածութեամբ ու միասնականութեամբ պէտք է շարունակի պայքարել՝ իր աւարտին հասցնելով Արցախի հարցի հայանպաստ լուծումը, յաւերժացնելով Արցախի ազատագրութեան յաղթանակը։ Մենք պէտք է միասնաբար ցրենք այն սև ամպերը, որ կուտակուել են Արցախի գլխին, լինի դա դրսի թշնամիների կողմից, թէ ներսի ապազգային ուժերի ու թուլամորթների։

Պէտք է շարունակել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման ու հատուցման ուղղութեամբ տարուող պայքարը, թէև համոզուած եմ, որ եթէ մինչ այս պահը որևէ երկրի խորհրդարան կամ կառավարութիւն չի ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, դա փաստերի ու ապացոյցների չգոյութեան կամ պակասի պատճառով չէ, այլ քաղաքական շահերի։ Չեն ճանաչում, որովհետև իրենց շահերից չի բխում։ Իսկ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան նոյնիսկ ճանաչումն ու դատապարտումը բաւարար չեն, որպէսզի արդարութիւնը վերականգնուի ամբողջութեամբ։ Մենք պէտք է հասնենք հողային հատուցման, որովհետև դա մեր իրաւունքն է ու, որովհետև հողային հատուցումն է մեր երկրի անվտանգութեան երաշխիքը։ Ահա այս պարագայում ևս մեր յաջողութեան բանալին՝ մեր երկրի հզօրացումն է։

Յարգելի ներկաներ,

Ինձ բախտ է վիճակուել վերանկախացած Հայաստանի 25 տարիներից 15-ը ապրել Հայաստանում։ Ասել, որ անցնող 25 կամ 15 տարիների ընթացքում Հայաստանում փոփոխութիւններ չեն եղել՝ անխղճութիւն կը լինի։ 2016 թ. Հայաստանը, 1991 կամ 1993 կամ 2001 թուականի Հայաստանը չէ։ Փոփոխութիւններ եղել են։ Յառաջընթաց կայ։ Սակայն այդ յառաջընթացն ու փոփոխութիւնները տեղի են ունեցել կրիայի քայլերով։ Մենք պիտի շատ աւելի առաջ լինէինք այն կէտից, ինչ հիմա ենք։ Հայաստանը կորցրել է ժամանակը, ժամանակի հետ նաև մարդկային ու նիւթական հնարաւորութիւնների մի մասը։ Սա մեր ազգի համար շռայլութիւն է։ Մեր ազգի կենսագրութիւնը, հազար տարի անկախութիւն ու պետականութիւն չունենալը, Ցեղասպանութեան ենթարկուելը, ազգի երկու երրորդի հայրենիքում չապրելը, մեր անցեալն ու ներկան մեզ յուշում են, որ մենք պէտք է լուրջ լինենք, զգօն լինենք, պատասխանատու լինենք, չկորցնենք ժամանակն ու հնարաւորութիւնները և կերտենք հզօր հայրենիք։ Այլ տարբերակ չկայ։

Սփիւռքի մարդկային ու նիւթական ներուժը պէտք է ծառայի այդ նպատակին։ Հայաստանը պէտք է կարողանայ իր շուրջն համախմբել սփիւռքահայութեանը։ Պէտք է նեցուկ կանգնի Սփիւռքի վերակազմակերպմանը։ Հզօր Հայաստան՝ կազմակերպուած ու հայաստանակենտրոն հզօր Սփիւռքով։ Սա է մեր յաջողութեան բանալին։

ՀՅԴաշնակցութեան հիմնադրութեան 126-ամեակի կապակցութեամբ կրկին շնորհաւորում եմ բոլորիդ։ Շնորհաւորում եմ նաև գալիք Նոր Տարուայ կապակցութեամբ։ Մենք շատ անելիք ունենք։ Պէտք է զինուել համբերութեամբ, պայքարի ոգով ու վճռականութեամբ։

Կեցցէ Հայաստանը,
Կեցցէ հայ ազգը,
Կեցցէ ՀՅԴաշնակցութիւնը

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի
Կազմակերպական լիազօր մարմնի անդամ
Սարգիս Մկրտչեան
24 դեկտեմբեր, 2016 թ.
Հայաստան, Աբովեան քաղաք

Տպել Տպել