Այս պահի դրությամբ ՀՅԴ-ում դաշինք կազմելու հարց չի քննարկվում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձավ մի քանի ներքաղաքական հարցերի:

Այն հարցին, արդյո՞ք այլ քաղաքական ուժերի հետ քննարկվում է դաշինք կազմելու հարցը, Աղվան Վարդանյանը նշեց, որ այս պահի դրությամբ դաշինքի հարց չի քննարկվում, նման օրակարգ առայժմ չկա, և որ 99 տոկոսով ՀՅԴ-ն ընտրությունների կգնա առանձին:

fotorcreated

«Բայց քաղաքականության մեջ երբեք մի ասա երբեք, բայց այսօր մենք որևէ բանակցություն չենք վարում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, ինչպես է վերաբերում պատգագամավորը արդեն կազմված դաշինքներին, որոնցից է «Ելք» դաշինքը, որը միավորում է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունները, Աղվան Վարդանյանը նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգում այն քաղաքական ուժերը, որոնք տեղ կգտնեն խորհրդարանում, հնարավորություն կունենան զարգանալ, աճել, ընդլայնվել ու ազդեցություն ունենալ: Ովքեր որ տեղ չեն գտնի խորհրդարանում, կփորձեն միավորվել, դաշինքներ կազմել:

«Շատ գովելի ու ողջունելի է ցանկացած միավորում, դաշինք ստեղծելու ցանկացած փորձ: Ուզում եմ, որ մեր քաղաքական ուժերը, անկախ քաղաքական տարբեր ճամբարներում գտնվելու փաստից, գիտակցեն, որ Դաշնակցության պնդմամբ էր, որ նոր Սահմանադրության մեջ արձանագրվեց դրույթը, որ ընդդիմությունը խորհրդարանում պետք է ունենա տեղերի առնվազն 30 տոկոսը: մենք իշխանություն ենք, թե ոչ, կապ չունի, մենք գիտակցում ենք, որ առանց ընդդիմության մեծ ներկայությւան, բալանսի ու հակազդեցության, հնարավոր չէ երկիրը զարգացնել: Այնպես որ ողջունում ու բարի ճանապարհ ենք մաղթում դաշինքներին»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանն անդրադարձավ ներքաղաքական մի քանի հարցերի, մասնավորապես նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեության մասին հարցին:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը հայտարարել է քաղաքական գործունեության մեջ ակտիվ մասնակցության մասին: Առայժմ հայտնի չէ, թե ինչ ձևաչափով է Սեյրան Օհանյանը մասնակցելու քաղաքական գործընթացներին:

Աղվան Վարդանյանի գնահատմամբ Սեյրան Օհանյանը նոր չի մտնում քաղաքականության մեջ, քանի որ զբաղեցրել է քաղաքական բարձր պաշտոն` լինելով նախարար, իշխանության թիմի անդամ:

«Սեյրան Օհանյանի ոլոշելիքն է` իր հետագա քայլերը, սա քաղաքական խումբ փոխել է, թե փոխել չէ, դա ինքն է որոշելու: Եթե ցանկություն ունի, դա իր իրավունքն է: Տեսնենք, ինձ հետաքրքիր է, թե ներքին զարգացումների առումով ինչ ձևաչափվ ու թիմով է նա գալու ասպարեզ»,- ասաց Աղվան Վարդանյանը: Հարցին, թե հնարավո՞ր է պատկերացնել Սեյրան Օհանյանին ընդդիմադիր դաշտում, պատգամավորը նշեց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշելու իր օրակարգը:

«Եթե Սեյրան Օհանյանը կստեղծի ձևաչափ, միավորում և իր խնդիրները կձևակերպի որպես ընդդիմություն, ուրեմն կդառնա ընդդիմություն, բայց կրկնում եմ, Սեյրան Օհանյանը նոր չէ քաղաքականության մեջ, նա եղել է քաղաքական թիմի անդամ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, որտեղ նա խոսում է ԼՂ հարցով փոխզիջումների անհրաժեշտության մասին, Աղվան Վադրանյանը նշեց, որ այդ ելույթում որևէ նոր բան չկար, միակ նոր բանը և լավ բանը ելույթի վերջին նախադասությունն էր, որ մեր մեծագույն հպարտությունը Հենրիկ Մխիթարյանն է:

«Խոսել փոխզիջումների մասին, երբ մի կողմը որևէ բան չի ցանկանում զիջել, անիմաստ է: Մենք ունենք հնարավորություն, ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու մեծ ներուժ, համազգային էներգիան կուտակելու ներուժ, ուրեմն կարող ենք, ուղղակի պարտավոր ենք մեր ներսի խնդիրները լուծել ինքներս, դրանով հզորացնել մեր անվտանգությունը»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Հարցին, թե արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի, Աղվան Վարդանյանը նշեց, որ այսօր ՀՅԴ-ն իր առջև դրել է խնդրների մի համախումբ, և կախված ընտրությունների արդյունքներից, պարզ կլինի նաև կոալիցիայի հարցը:

«Դուք գիտեք, որ քաղաքական համաձայնագիրը անժամկետ է, և եթե ԱԺ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան,ապա ՀՅԴ-ն կկարողանա լուծել իր առջև դրած խնդիրները:Հանրապետական կուսակցությունը շատ բազմաշերտ, բազմատարր ու բազմադեմ քաղաքական ուժ է, ինչպես ցանկացած իշխանության ուժ, բայց այն խնդիրները, որոնք կարողացել ենք միասին ձևակերպել, դրանք մեր երկրին անհրաժեշտ հիմնարար խնդիրներ են»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանն ամփոփեց տարին` ՀՅԴ գործունեության համատեքստում:

Պատգամավորի խոսքով` 2016-ը նոր սկզբի հնարավորություն էր մի քանի առումներով, նախ 2016-ը սկսվեց կառավարման նոր համակարգով, նոր Սահմանադրությամբ, ինչը համակարգային փոփոխության հնարավորություն էր: 2016-ը նար համակարգային փոփոխության տարի էր` ընտրական նոր օրենսգրքի ընդունման առումով, ինչը աշխուժություն մտցրեց քաղաքական դաշտում:

«Գիտակցելով, թե չգիտակցելով ԸՕ դերը, մարդիկ տեսնում են, որ կա հնարավորություն ընտրությունների միջոցով Հայաստանում բան փոխել: Կային գործիչներ, որոնք հայտարարում էին, եթե տեսնեն ԸՕ-ն այնպիսին է, որ հնարավոր է ընտրությունների միջոցով բան փոխել, ուրեմն կմասնակցեն ընտրություններին:Ուզում եմ շեշտել, որ այս երկու համակարգային փոփոխություններում Դաշնակցության դերակատարությունը էական է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ-ի քաղաքական համագործակցությանը, պատգամավորը նշեց, որ այդ համաձայնագրի հիմքում դրված են մեր երկրին հուզող ներքին ու արտաքին բոլոր խնդիրները: «Շատերը մեզ փորձում են մեղադրել, շատերը փորձում են այդ համաձայնագրի մեջ այլ ենթատեքստ տեսնել, բայց եթե մենք վստահ չլինեինք, որ առաջադրում ենք այնպիսի խնդիրներ, որոնք անհրաժեշտ են մեր երկրում իրականացնել, մենք երբեք չէինք գնա համագործակցության»,- ասաց նա:

Շարունակելով ամփոփել տարին, պատգամավորը առանձնացրեց նաև նոր կառավարության ձևավորումը, որը նոր մոտեցումների ու դրական սպասումների սաղմեր ձևավորեց:Նրա խոսքով` նոր կառավարության ծրագրում դրված են նաև ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համաձայնագրի ուղղություններն ու խնդիրները: Թե որքանով ծրագիրը արդյունավետ կլինի ու տեսանելի արդյունքներ կգրանցի, ցույց կտա ժամանակը, քանի որ ջանքերը տեղափոխվելու են արդեն 2017 թվական, որը նաև նախընտրական տարի է լինելու:

Աղվան Վարդանյանի խոսքով` ՀՅԴ համար 2016-ը առանցքային էր անկախության 25 ամյակի առումով: Դա ևս նոր սկիզբ էր, և ինչ որ առումով 25 տարին ամփոփում էր պետականության առաջին հասունության շրջանը` իր թերություններով, առավելություններով հանդերձ: «Պարտավոր ենք անկախության 25 ամյակից հետո մտնել նոր փուլ, ստեղծելով նոր սկզբի հնարավորություն»,- ասաց Վարդանյանը:

Պատգամավորը խոսեց 2016-ի երկու ծանր իրադարձությունների մասին` ապրիլյան պատերազմ և հուլիսյան դեպքեր: Ըստ Վարդանյանի, ապրիլյան պատերազմը աչքի ընկավ անսպասելի համախմբվածությամբ, երկիրը պաշտպանելու ժողովրդի ուժեզ կամքով, ու ցավոք` անդառնալի կորուստներով: Սակայն ապրիլից մինչև ամառ չկարողացանք կուտակված էներգիան ճիշտ ուղղորդել, ու պատահեցին հուլիսյան դեպքերը: Աղվան Վարդանյանը շեշտեց, որ հուլիսյան դեպքերին առաջինը գնահատական տվեց Դաշնակցությւոնը, հայտարարելով, որ մեր երկրում իմաստ չունի և դատապարտելի է զենքով ու բռնությամբ փորձել հարցեր լուծել:

«Որքան էլ անկեղծ կամ հուսահատ լիներ այդ քայլը, ցավալի է, բայց դա ինչ որ առումով ուղղորդված, կամ ոչ, նկատի ունեմ` դրսի ուժերին, դարձավ ինչ որ առումով ապրիլյան մեր համախմբվածության` ջարդելու, կոտորակելու առիթ ու հնարավորություն: Փառք Աստծո, մենք դուրս եկանք այդ կացությունից, բայց խնդիրները մնում են, և դրանք լուծելու համար պետք է հետևողականորեն աշխատել»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Պատգամավորը հավելեց, որ Դաշնակցության համար 2016-ը կազմակերպական առումով ևս նոր սկզբի հնարավորություն էր: Վերջին 6 ամիսների ընթացքում Դաշնակցության շարքերն են անցել մոտ 800 նորագիրներ, և նրանց 80 տոկոսը երիտասարդներ են: «Առաջիկա տարիները լինելու են անկախության սերդնի ինքնադրսևորման հնարավորության ժամանակաշրջան, և շատ կարևոր է քաղաքական դատում իրականացնել սերնդափոխություն, վստահելով պետությունն ու իշխանությունը նոր սերնդին: Մենք հրաշալի երիտասարդություն ունենք, շատ ավելի ազատ, ավելի անկախ մտածողությամբ, և հույս ունեմ, որ Դաշնակցության այս վերանորոգումը դառնալու է քաղաքական կյանքում նոր մոտեցումների առհավատչկա»,- ասաց նա:

Վերջում նա համոզմունք հայտնեց, որ որքան մեծ լինի Դաշնակցության կշիռը խորհրդարանում, այնքան երկրում կապահովվի ներքին կայունությունը, զարգացման ռեալ նախադրյալներ կստեղծվեն, երաշխավորված կլինեն Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, օտար միջամտության հնարավորությունները նվազ կլինեն ու հակազդեցություն կստանան:

yerkir.am

Տպել Տպել