Հայ Դատի իրականացրած աշխատանքն ու ձեռքբերումներն ամփոփվեցին ամենամյա 6-րդ հավաքում


ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւելյան շրջանների 6-րդ ամենամյա հավաքը կոչված է ի մի բերելու եւ գնահատելու Հայ Դատի իրականացրած աշխատանքն ու ձեռքբերումները: Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրված է եղել ավելի քան 300 մարդ: Պատվավոր հյուրերի թվում են եղել հայկական հարցերի ջատագովներ, հայանպաստ գործունեությամբ հայտնի այնպիսի անձինք, ինչպիսիք են՝ դքսուհի Կարոլայն Քոքսը, Նյու Ջերսիից կոնգրեսական Ֆրենք Փելոնը, ամերիկաբնակ հայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, եւ այլոք:

«Որպես Ներկայացուցիչների պալատում Հայկական հարցերի հանձնախմբի հիմնադիր ու համանախագահ, այսքան երկար տարիների ընթացքում հասկացել եմ, որ առանց ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անգնահատելի աշխատանքի, հայ համայնքի դերն իսկապես նվազագույն կլիներ»,- ասել է Ֆրենք Փելոնը:

Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների Ազգային ասոցիացիայի ակադեմիական հարցերով տնօրեն Մարկ Մամիկոնյանը ներկայացրել է Ռիչարդ Հովհաննիսյանին, ում շնորհվել է Վահան Քարդաշյանի անվան մրցանակ:

«Ռիչարդ Հովհաննիսյանն այն առաջին սերնդակիցների թվում էր, որ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում Հայկական եւ մերձարեւելյան ուսումնասիրություններ ուսուցանելով՝ անգնահատելի ներդրում ունեցավ այն ոլորտի հիմնադրման հարցում, որն այն ժամանակ դեռեւս նոր ծիլեր էր տալիս: 1969 թվականին նա դարձել է Միացյալ Նահանգներում հայկական ուսումնասիրությունների մասին դասավանդող առաջին պրոֆեսորը»:

Դքսուհի Քոքսը ներկաների հետ կիսվել է Արցախ կատարած իր ճանապարհորդությունների հուշերով ու տպավորություններով: Բրիտանացի պատգամավորը Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում եղել է ավելի քան 70 անգամ, հիմնականում ղարաբաղյան պատերազմի տարիներին: Դքսուհին պլանավորում է այցելել Ղարաբաղ նաեւ 2013 թվականի ընթացքում: Նա պարգեւատրվել է Հայ Դատի Ազատության մրցանակով՝ հայ ժողովրդի եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում ունեցած իր անմնացորդ դերակատարման համար: Ինչպես հայտնի է, նա իր մարդասիրական գործունեությամբ զբաղվել է ոչ միայն Արցախում, այլեւ աշխարհի մի շարք այլ հակամարտությունների թեժ կետերում:

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, որ սրբազան արցախյան այդ հողի վրա ստեղծել է հավատի ու ազատության պաշտպանության ճակատ, այն օրինակ է եւ ծառայում է ամբողջ աշխարհի համար: Մենք բոլորս, ովքեր ապրում ենք ազատության մեջ եւ մեզ քրիստոնյաներ ենք կոչում, պարտավոր ենք երախտապարտ լինել ձեզ այդ ճակատն ի շահ մեզ պահպանելու համար»,- նշել է դքսուհին:

«Մենք բոլորս զինվորներ ենք, եւ սա է, որ ամուր կապում է մեզ, իսկ սա մեծ հարստություն է»,- եզրափակման իր խոսքում նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով, որ միմյանցից շնորհակալություն հայտնելու կարիք չկա, որովհետեւ հավաքված բոլոր մարդկանց պարտք է գործել ի շահ համայնքի եւ բոլոր խնդիրների լուծման:

Տպել Տպել