«ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ» 9-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ – Յետադարձ հայեացք՝ արծարծւած զեկոյց-թեմաներին

«ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ իրականացւող ամենամեայ «Հայ Դատն այսօր» արդէն 9-րդ խորհրդաժողովը 2012 թ. նոյ. 1-ից 2-ը «Ալիք» հաստատութեան «Հրայր Մարուխեան» սրահում գումարեց իր երկօրեայ նիստերը՝ օրակարգերի հիմնական խորագիր՝ «Հայ Դատի արդար լուծման հեռանկարները» թեմայի շուրջ:

Եւ այսօրւանից սկսած՝ մենք ընթերցող հասարակութեան ուշադրութեանը կը յանձնենք երկօրեայ քննարկումների եւ լսումների առարկայ դարձած զեկոյցները. զեկոյցներ, որոնցով հանդէս եկան Հայաստանից, Արցախից, Եւրոպայից ժամանած մեր քաղաքագէտ վերլուծաբանները, ինչպէս նաեւ մեր համայնքը ներկայացնող մտաւորական-վերլուծաբաններ:

Անպայմանօրէն պէտք է մատնանշենք, որ ժամանած հիւրերի հետ մեր հարցազրոյցները եւ նրանց տեսակէտները արդէն իսկ հասցրել ենք արտացոլել թերթիս էջերում: Իսկ այսուհետեւ ներկայացւող զեկոյցները ապագայում կունենան գրքոյկի տեսք:
Այս շարանը սկսում ենք խորհրդաժողովի տարածած յայտարարութեամբ, որն ընդունեցին մասնակիցները՝ բուռն քննարկումների արդիւնքում, իսկ այնուհետեւ՝ զեկոյցները:

«ԱԼԻՔ»

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ ս. թ. նոյ. 1-2-ը կայացած «Հայ Դատն այսօր» 9-րդ խորհրդաժողովի ընթացքում հնչած հիմնական զեկուցումների, քննարկումների եւ առաջադրանքների լոյսի ներքոյ՝ ստորեւ ներկայացւում է հետեւեալ յայտարարութիւնը.
– Վերջին տարիներին աշխարհում տիրող տնտեսական ու քաղաքական փոփոխութիւնները, մասնաւորապէս Միջին Արեւելքում ընթացող շարժումները, դրանց արդիւնքում իշխանութեան եկած նոր ուժերի քաղաքական ու գաղափարական ուղղւածութիւնը մի կողմից, եւ միւս կողմից նշւած քաղաքական շարժումների ընթացքում որոշ տարածաշրջանային եւ արտաքին ուժեր, միտում են մեծացնել Թուրքիայի տարածաշրջանային դերը՝ ի հաշիւ Իրանի դերի նւազեցման: Այս երեւոյթները Հայ Դատի հետապնդման գործում առաջացրել են համապատասխան ու համազօր քայլեր առնելու անհրաժեշտութիւնը:

– Հայաստանի անկախացումից ի վեր՝ Հայ Դատի գրասենեակները, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացից զատ, իրենց գործունէութեան կենտրոնում ունեցել են նաեւ Արցախեան հիմնահարցի հետապնդումը, ջաւախքահայութեան իրաւունքների պաշտպանութիւնը, ինչպէս նաեւ, հարկ եղած դէպքում, ՀՀ իշխանութիւնների հետ համադրւած՝ Հայաստանի արտաքին քաղաքականութեանը վերաբերող հարցերում օժանդակութիւն ցուցաբերելը:

– Վերջին շրջաններում հասունացել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պահանջից յաջորդ՝ հատուցման պահանջ ներկայացնելու փուլի անցման պահը: Այդ է փաստում Հայ Դատի գրասենեակների միջազգային իրաւաբանների հետ համախորհուրդ աշխատանաքային ծրագրի մշակման գործընթացի նախաձեռնումը՝ ուղղւած հայ ժողովրդի ոտնահարւած իրաւունքների վերականգնմանը եւ հետեւանքների վերացմանը, ինչպէս նաեւ հատուցման հարցով քաղաքական որոշ նախաձեռնութիւններ:

Անհրաժեշտ է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ՝ համահայկական համախոհութիւն ձեւաւորել ՀՀ-ի կողմից արդէն որդեգրւած «Ճանաչում, դատապարտում, վնասների հատուցում» քաղաքականութեան շուրջ:

Այդ նպատակով՝ անհրաժեշտ է մշակել Հայ Դատի հայեցակարգ, որի իրականացմանը կը մասնակցեն ՀՀ-ն, ԼՂՀ-ն, Հայաստանի եւ Սփիւռքի հասարակական, քաղաքական կազմակերպութիւններն ու հոգեւոր կառոյցները:

– Վերջին տարիներին Հայ Դատի գրասենեակների գործունէութեան մարտահրաւէրներին աւելացել են նորաստեղծ թուրքական ու ադրբեջանական վարձկանական եւ արտասահմանում թուրք-ադրբեջանական համայնքների լաբբիները, որոնք Արեւմուտքում եւ Միջին Արեւելքում առաջ են քաշում հակահայ նախաձեռնութիւններ եւ կամ փորձում են չէզոքացնել յօգուտ Հայ Դատի ու Հայաստանի արւող քայլերը:

– Անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետութիւնը Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում դուրս գայ սպասողական, կրաւորական ու ռեսուրսներ վատնող հակազդող դիրքերից ու հանդէս գայ որպէս նախաձեռնող կողմ: Սա հրամայական է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախօրէին՝ յատկապէս հաշւի առնելով վերջին մի քանի տարիներում Թուրքիայի ապակողմնորոշիչ ու մոլորեցնող խարդաւանքները:

Նոյն համատեքստում պէտք է շարունակել օգտագործել Թուրքիայի հասարակութեան մէջ գործունէութիւն ծաւալելու տարբեր հնարաւորութիւնները, մասնաւորապէս՝ հանրային կարծիքի ձեւաւորման գործում համեմատաբար ազդեցիկ մտաւորականների հետ յարաբերութիւնը:

– Միջին Արեւելքում, մասնաւորապէս՝ Իրաքում, Սիրիայում եւ Թուրքիայում վերջին տարիներին աշխուժացած քուրդական գործօնը անտեսել հնարաւոր չէ: Հետեւաբար՝ անհրաժեշտ է հայութեան եւ Հայաստանի շահերից մեկնելով՝ քայլեր նախաձեռնել:

– Հարկ է նախաձեռնել Նախիջեւանի հայկականութիւնը հաստատող քայլեր եւ հետեւել այնտեղ կատարւող զարգացումներին:

– Հայաստանի ազգային անվտանգութեանն ուղղւած լրջագոյն սպառնալիքները՝ բնակչութեան թւի նւազումը, տնտեսական ճգնաժամը, տիրող հասարակական անարդարութիւնը, կարող են խաթարել Հայաստանի կողմից Հայ Դատի հետապնդման առաքելութեան իրականացմանը՝ դրա յենակէտային դերակատարը լինելու փոխարէն:

– Հայ Դատի հետապնդման գործի հիմքում անհրաժեշտ է կիրառել մշակութային քաղաքականութիւն՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփիւռքում՝ օգտագործելով զանգւածային հաղորդակցական ժամանակակից միջոցներ:

Մասնակիցները վերահաստատեցին նման խորհրդաժողովների օգտակարութիւնը եւ շարունակականութեան անհրաժեշտութիւնը:

«Հայ Դատն այսօր»
9-րդ խորհրդաժողովի դիւան

Տպել Տպել