1992թ. մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը՝ Արցախի կյանքի ճանապարհը

Մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Սնունդ, դեղորայք, ռազմամթերք, վառելիքի նվազագույն քանակ հնարավոր էր հասցնել միայն ուղղաթիռներով եւ ուղեւորատար ինքնաթիռներով: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը:

Շուշիի հաղթանակից հետո ռազմական մյուս մեծ հաջողությունը Լաչինի ազատագրումն էր: Լաչինը վերածվել էր մաքառող Արցախը Հայաստանից մեկուսացնող գլխավոր ռազմական հենակետի, հետեւաբար, Լաչինի ռազմական հենակետի վնասազերծումը թելադրված էր շուրջ չորս տարի շարունակվող շրջափակումը վերացնելու եւ Հայաստանի հետ ցամաքային կապը վերականգնելու, Արցախի դեմ ագրեսիայի օջախներից մեկը վերացնելու, պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությամբ:

Եվ Լաչինը վերագտավ իր հայկականությունը 1992 թվականի մայիսի 18-ին, երբ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը մտան բնակավայր:

«Լաչին»թարգմանաբար նշանակում է «Սպիտակ արծիվ»: Քրիստոսից դեռ 5000 տարի առաջ այժմյան Քաշաթաղի շրջանում եղած քարե արծվակերպ 2 տոտեմները երկրագիտական թանգարանում համարում են գավառի խորհրդանիշը: Քուռ-արաքսյան մշակույթին պատկանող այս ցուցանմուշներն ամենահինն են, որ վկայում են տեղանքի` հայկական պատկանելության մասին: 1992-ի մայիսի 17-ին եւ 18-ին ծավալված ռազմական գործողության արդյունքում ինքնապաշտպանական ուժերն իրենց վերահսկողության տակ վերցրին Ծաղկաձոր, Կանաչ տալա, Մեծշեն, Հինշեն գյուղերը: Մայիսի 18-ին ղարաբաղյան միավորումները մտան Լաչին:

Արցախի համար Լաչինի ազատագրումը չափազանց կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցավ. նախ` վերացվեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ յոթ կիլոմետրանոց անջրպետը, հետո էլ` առանց դրա, անհնար էր շրջափակման մեջ գտնվող երկրամասի գոյատեւումը: Այդ հաղթանակին ամեն մի հայ` լինի պատմաբան, թե ռազմագետ, տարբեր անուններ տվեց` ստեղծվեց Հայաստան-Արցախ ցամաքային կապը` Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, բացվեց մարդասիրական միջանցքը, հույսի կամուրջը, հարթվեց կյանքի ճանապարհը, Լեռնային Ղարաբաղն ազատ շնչելու հնարավորություն ունեցավ:

Այն, ինչ տեղի ունեցավ 1992 թվականի մայիսի 18-ին, սոսկ քաղաքի ազատագրում չէր, այն ազատամարտիկների կենաց ու մահու կռիվ էր, ցավոք` ոչ առանց կորուստների: Արցախ տանող ճանապարհն անցնում է Լաչինի միջանցքով: Լաչինի բազմաթիվ ու հոգնեցնող ոլորապտույտները, սակայն, անկարող են զսպել յուրաքանչյուր հայի հպարտությունը, երբ այդ ճանապարհի սկզբնամասում տեսնում է «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը:

Լաչինը, որ այժմ հպարտությամբ կրում է պատմական Բերձոր անունը, Քաշաթաղի շրջկենտրոնն է: Շրջանի մակերեսը 3777 քառ. կմ է: Այսօր ԼՂՀ-ի հարավ-արեւմտյան այս շրջանի համար կարեւորագույն հարցեր են վերաբնակեցումն ու տնտեսության զարգացումը: Վերաբնակեցման ծրագիրը շատերին բերեց Քաշաթաղ, որպեսզի Քաշաթաղի հրաշք բնության մեջ իրենց տունը ստեղծեն եւ իրենց ներկայությամբ ամրացնեն երկրի սահմանները:

Տպել Տպել