Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը

Արարատ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը

Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը

Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր դրությունը, արդարև, իր դրոշմն էր թողնում հասարակական-քաղաքական կյանքի վրա: Այդուհանդերձ, աստիճանաբար նկատվում էր հանրային-քաղաքական կյանքի աշխուժացում: Երևանը և Ալեքսանդրապոլը դարձան հասարակական կյանքի կենտրոններ: Հանրապետությունում լույս էին տեսնում վեց տասնյակ անուն պարբերականներ` թերթեր ու ամսագրեր: Դրանց շուրջ կեսը ընդդիմադիր կամ անկախ էին, գործում էին բազմաթիվ հրատարակություններ ու տպարաններ: Կային զանգվածային լրատվության այնպիսի միջոցներ, որոնք գտնվում էին կառավարության հսկողության տակ: Այդպիսի ամենագլխավոր միջոցը Հայաստանի հեռագրական գործակալությունն էր (ՀՀԳ): Հայաստանը փոստ-հեռագրական կոնվենցիաներ է կնքում Վրաստանի և Ադրբեջանի հետ: 1919 թ. սեպտեմբերին բացվում է Երևանի ուժեղ ռադիոկայանը: Կառավարությունը հիմնականում ապահովում էր խոսքի ու մամուլի ազատությունը: Քաղաքական այլախոհության համար օրենքով պատիժ չէր նախատեսվում: Հանրապետությունում ազատորեն գործում էին բոլոր կուսակցությունները, թույլատրվում էին այլակարծությունը, բացախոսությունը, քննադատության ազատությունը, գոյություն ուներ ընդդիմություն, փաստորեն չկար գրաքննություն:

Հանրապետության քաղաքական կյանքի հիմնական տնօրինողները, իհարկե, կուսակցություններն էին: Հասարակական-քաղաքական կյանքի գլխավոր դերակատարը, սակայն, ՀՅԴ կուսակցությունն էր: ՀՀ կյանքում նշանակալի իրադարձություն եղավ 1919 թ. աշնանը նորանկախ հանրապետության մայրաքաղաքում անցկացված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը: Այստեղ ընդունված ծրագրային բնույթի ամենամեծ փոփոխությունն այն էր, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փաս-տական իրողությունը և Փարիզի խաղաղության կոնֆերանսում Հայկական հարցի հուսադրող ընթացքը` որոշվեց հրաժարվել կուսակցության նախորդ ծրագրի որդեգրած՝ Ռուսահայաստանի և Տաճկահայաստանի ինքնավարության պահանջից և ամրագրել Միացյալ և Անկախ Հայաստան կերտելու ծրագրային հիմնապահանջը:

Բացի ՀՅԴ-ից` գործում էին Հայ ժողովրդական, Հայ (սահմանադրական) ռամկավար, Սոցիալիստ-հեղափոխական (էսէռ), Սոցիալ-դեմոկրատ (մենշևիկ, բոլշևիկ) կուսակցությունները: 1920 թ. հունվարին նախկին Սպեցիֆիկների հիմքի վրա ստեղծվեց Հայաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը (ՀՍԴԲԿ): Իսկ 1920 թ. հունիսի 30-ին Ադրբեջանի տարածքում ստեղծվեց Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությունը՝ ՀԿ(բ)Կ:

Հանրապետությունում, ի դեպ, շատ չնչին էր Ս. Դ. Հնչակյան կուսակցության դերակատարությունը: Վերոնշյալ կուսակցությունների մի մասը պաշտպանում էր սոցիալիզմի գաղափարները, իսկ մյուս մասը` ազատական (լիբերալ) արժեքներ: Կարելի է վստահաբար ասել, որ երկրում ձևավորված էր բազմակուսակցական համակարգ, որը, անշուշտ, նպաստում էր երկրում բազմակարծության ձևավորմանը, ժողովրդավարացման գործընթացներին:

Կուսակցությունների կողքին առկա էին հասարակական զանազան կազմակերպություններ ու միություններ` արհեստակցական, Կարմիր խաչի, հայրենակցական, բարեգործական, կանանց, աշակերտական, սկաուտական և այլն:

* * *
Դրական տեղաշարժերի հետ միասին ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի ամենացավոտ հարցերից էին հանրապետությունում զգալի թիվ կազմող թուրք-թաթարների շարունակական խռովությունները: Նրանք չէին ճանաչում Հայաստանի անկախությունը, հրահրվում և ուղղորդվում էին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Հակահայկական շարժման թեժ օջախներ էին համարվում Մեծ Վեդին, Զանգիբասարը (Մասիսի շրջ.), Շարուր-Նախիջևանը, Արդահանը, Սուրմալուն և այլն: ՀՅԴ ականավոր գործիչ, ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի պատկերմամբ` ՀՀ մարմնի վրա հայտնվել էր 20-ի հասնող նման հիվանդաբեր թարախապալար:

1918 թ. վերջին` Աշխարհամարտի ավարտից հետո, օսմանյան թուրքերը, հեռանալով Անդրկովկասից, Հայաստանի թուրքաբնակ վայրերում թողեցին մեծ թվով ասկյարներ (զինվորներ) ու զինվորական մասնագետներ: Նրանք սկսեցին հավաքագրել տեղացի մահմեդականներին: Թուրք-թաթարական խռովարարները չէին ենթարկվում Հայաստանի օրինական իշխանություններին: Նրանք հալածում էին հայ խաղաղ բնակչությանը, կատարում ահաբեկչական գործողություններ, փակում երկաթուղին, ճանապարհները և այլն: Անգամ Երևանում հավատարմագրված Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչը զբաղված էր Հայաստանի դեմ ուղղված լրտեսական գործունեությամբ:

Ստեղծված պայմաններում Հայաստանի իշխանությունները ստիպված էին դիմել համապատասխան գործողությունների: Սկզբում փորձ արվեց կոնֆլիկտները հարթել խաղաղ միջոցներով: Բայց արդյունք չտվեց. խռովարարները դա համարեցին Հայաստանի թուլության նշան: 1919 թ. կեսերից թուրք-թաթարական խռովությունները ստացան բացահայտ զինված ապստամբության բնույթ: Հայաստանի կառավարությունը ստիպված էր զինված ուժի գործադրման միջոցով հնազանդեցնել նրանց: Արդեն 1920 թ. ամռանը հիմնականում կասեցված էին թուրք-թաթարական խռովությունները: Թուրքերի մի մասը հեռացավ Հայաստանից: Ազատված մի շարք բնակավայրերում բնակություն հաստատեցին արևմտահայ գաղթականներն ու Ադրբեջանից տեղահանված հայ փախստականները:

1920 թ. Մայիսյան խռովությունները

Հանրապետությունում գործող քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները, բացառությամբ բոլշևիկ-համայնավարների, ընդհանուր առմամբ պաշտպանում էին հայոց անկախ պետականությունը, մի մասն էլ` Միացյալ Հայաստանի գաղափարը: Մինչդեռ Հայաստանի բոլշևիկները բաց չէին թողնում իշխանությունը գրավելու և Ռուսաստանի օրինակով Հայաստանում ևս խորհրդային կարգեր հաստատելու առիթը: Չունենալով բավարար ազդեցություն և ուժ` նրանք հույսը կապել էին դրսի` Խորհրդային Ռուսաստանի ու նրա կարմիր բանակի օգնության հետ:
1919 թ. սեպտեմբերին Հայաստանում առկա՝ հիմնականում Վրաստանից ու Ադրբեջանից ներթափանցած փոքրաթիվ բոլշևիկները, համախմբելով իրենց տեղական կազմակերպությունները, ստեղծեցին ղեկավար կենտրոն, որը կոչվեց Հայաստանի կոմիտե կամ Արմենկոմ: Արդեն 1920 թ. հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը (կոնֆերանսը) որոշեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը: Եվ նրանք այդպիսի նպաստավոր իրադարձություն համարեցին 1920 թ. ապրիլի 28-ին Ադրբեջանի խորհրդայնացումը ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից:

Կարմիր բանակի մուտքը Անդրկովկաս ու Ադրբեջանի անկրակոց խորհրդայնացումը ոգևորեց և ակտիվացրեց նաև դրսի ու ներսի հայ բոլշևիկներին, որը և ազդանշան հանդիսացավ անկախ Հայաստանի դեմ խռովություն բարձրացնելու համար` այն տապալելու և Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելու նպատակով: Սակայն տվյալ պահին ապստամբությանը դեմ էր ՌԿ(բ)Կ ԿԿ-ի Կովկասյան բյուրոն` գտնելով, որ Հայաստանի խորհրդայնացման պահը դեռևս չի հասունացել: Հայաստանում ապստամբություն սկսելուն դեմ էին նաև հայտնի բոլշևիկներ Ստեփան Ալավերդյանը և Բագրատ Ղարիբջանյանը:

Ադրբեջանի խորհրդայնացումից և Բաքվի նավթին տիրելուց հետո Ռուսաստանի խորհրդային կառավարությունը և ՌԿ(բ)Կ ԿԿ-ի Քաղբյուրոն, ելնելով արտաքին ու ներքին ռազմաքաղաքական բարդություններից, մայիսի 4-ին ընդունված որոշումով ժամանակավորապես օրակարգից հանեցին Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի խորհրդայնացման հարցերը: Խնդիրն այն էր, որ Կովկասում գտնվող կարմիր բանակի մի շարք դիվիզիաներ, այդ թվում՝ 11-րդ բանակի հիմնական ուժերը պետք է շտապ փոխադրվեին Արևմտյան ճակատ` մանակցելու Լեհաստանի դեմ սկսված լայնամասշտաբ ռազմական գործողություններին, ուստի Հայաստանի աշխատավորներին «օգնություն» չէր կարող լինել, ինչպես որ ակնկալում էին ապստամբները: Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացման հարցը հետաձգվեց նաև այն պատճառով, որ Անտանտի կողմից Բաթումում նոր դեսանտ իջեցնելու վտանգ կար: Բայց դա բնավ չխանգարեց, որ հայ բոլշևիկները դիմեն անժամանակ և անկազմակերպ մի արկածախնդրության:

Ամեն ինչ սկսվեց 1920 թ. մայիսմեկյան ցույցերով ու միտինգներով, որոնք ընթացան բոլշևիկյան կարգախոսներով: Հարկ է նշել, որ Մայիսի 1-ը` որպես աշխատավորների համերաշխության տոն, պաշտոնապես նշվել էր նաև նախորդ տարում: ՀՅԴ-ն՝ որպես սոցիալիստական կուսակցություն, իր կառույցներով ինքն էլ էր մասնակցում տոնական արարողություններին: Սակայն այլ ընթացք ու բնույթ ստացավ 1920 թ. մայիսը:

Հակապետական խռովության կենտրոն դարձավ իր ձախլիկ տրամադրություններով հայտնի Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքը: Քաղաքում անցկացված մայիսմեկյան տոնի ժամանակ բոլշևիկները` Ավիս Նուրիջանյանի ստորագրությամբ, ողջույնի երկու հեռագիր են ուղարկում Ադրբեջանի հեղկոմին: Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կոմիտեն իր մայիսմեկյան կոչում հավաստիացնում էր, որ «այսօրվանից մեր կռիվը թուրք բանվորի ու գյուղացու դեմ չէ, այլ դաշնակցական կառավարության»:

Ապստամբության օջախներ դարձան Կարսը, Սարիղամիշը, Բասարգեչարը, Նոր Բայազետը, Ղազախ-Դիլիջանը, Գորիսը և այլն: Բոլշևիկները որոշեցին 1920 թ. մայիսմեկյան հակակառավարական ցույցերը վերածել զինված ապստամբության և Ադրբեջանից Հայաստան հրավիրել 11-րդ կարմիր բանակը: Ապստամբների կողմն անցան կեղծ հեղափոխական գաղափարներով տարված, Հայաստանի անկախությունը և անվտանգությունը պաշտպանել չցանկացող զինվորականության մի մասը և «Վարդան Զորավար» զրահագնացքը: Մայիսի 7-ին զրահագնացքում կայանում է բոլշևիկյան գաղտնի խորհրդակցություն, որտեղ վերցվում է զինված ապստամբության կուրս և ստեղծվում ապստամբության ղեկավար կենտրոն` Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ): Ապստամբական ուժերի ղեկավար նշանակվեց զրահագնացքի հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը: Դրությունը բարդանում էր նաև նրանով, որ այդ նույն ժամանակ երկրում սկսեցին աշխուժանալ նաև բոլշևիկների բարեկամը հանդիսացող և Հայոց անկախ պետականությունը խորտակել ցանկացող թուրք-թաթարական տարրերը:

Պետության համար ստեղծվեց վտանգավոր դրություն: Կառավարությունը սկզբում շփոթության մեջ էր: Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար մայիսի 5-ին խորհրդարանի արտակարգ նիստում ընդունվեց Ալ. Խատիսյանի կառավարության հրաժարականը, և դրա փոխարեն կազմվեց ՀՅԴ Բյուրոյի անդամներից բաղկացած Բյուրո-կառավարություն: Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը (1873-1947): Խորհրդարանն ուղարկվեց հարկադիր արձակուրդ, իսկ նրա օրենսդրական գործառույթները ժամանակավորապես ստանձնեց կառավարությունը: Նորաստեղծ Բյուրո-կառավարությունը ձեռնարկեց արտակարգ մի շարք միջոցառումներ. ընդունեց խիստ օրենքներ, արգելվեցին գործադուլները և ցույցերը: Ար-տակարգ իրավիճակի թելադրանքով հիմնվեցին արտակարգ դատարաններ, սահմանվեց մահապատիժ և այլն: Փաստորեն հայտարարվեց կուսակցական դիկտատուրա:

Բոլշևիկների հակապետական խռովության դեմ կոչով հանդես եկան գրեթե բոլոր կուսակցությունները և հասարակական ուժերը` ժողովրդականները, ռամ¬կա-վարները, հայ մենշևիկները, անկուսակցականները, նախկին սպեցիֆիկները, գա¬ղու-թահայ հնչակյանները, մասամբ՝ էսէռները: Ստեղծված քաղաքական ճգնաժամի թելադրանքով նշված հասարակական-քաղաքական ուժերը վճռականորեն հանդես եկան բոլշևիկների ելույթի դեմ՝ հանուն Հայաստանի անկախության և Միացյալ Հայաստանի գաղափարի պաշտպանության:

Թեև բոլշևիկների ստեղծած Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեն (ՀՌՀԿ) մայիսի 10-ին Ալեքսանդրապոլում քաղաքային իշխանությունը վերցրեց իր ձեռքը, այնուամենայնիվ անվճռական գտնվեց, և մի քանի օր անց` մայիսի 14-ին, կառավարությանը հավատարիմ ուժերը Սեպուհի (Արշակ Ներսիսյան) հրամանատարությամբ առանց լուրջ միջադեպի ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել:

Խռովության ձախողումը Ալեքսանդրապոլում մեծապես կանխորոշեց դրանց անհաջողությունը հանրապետության մյուս քաղաքներում ու բնակավայրերում: Ապստամբական թույլ բռնկումներ եղան նաև Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում և այլուր: Ընդվզող հիմնական տարրը դասալիք զինվորականությունն էր: Ընդամենը մեկ օր տևեց Կարսի ելույթը (մայիսի 12-ին), որի ղեկավարներից 14 հոգի, այդ թվում՝ բոլշևիկ Ղուկաս Ղուկասյանը բեռնատար մեքենայով փորձեցին անցնել Ալեքսանդրապոլ, սակայն ճանապարհին Արգինա գյուղի մոտ (Բաշկադքլար), ընդհարվեցին ոստիկանական ուժերի հետ, որի հետևանքով 9-ը սպանվեցին, այդ թվում՝ Ղ. Ղուկասյանը, իսկ մնացած 5-ը ձերբակալվեցին: Մնացած ելույթները նույնպես հեշտությամբ ճնշվեցին: Արտակարգ դատարանների վճռով մահապատժի են ենթարկվել իննը ակտիվ կազմակերպիչներ: Առանց դատի հաշվեհարդար է կատարվել միայն երկու հոգու` ուսուցիչ Հ. Սարուխանյանի և պատգամավոր Ա. Մելքոնյանի հանդեպ, իսկ մոտ 250 մարդ ենթարկվել է բանտարկության: Կասեցվեց նորաստեղծ Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության (ՀԿ(բ)Կ) գործունեությունը: Նրանց մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Խորհրդային Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ:

Այսպիսով, բոլշևիկների ձեռնարկած հակապետական Մայիսյան խռովությունը պարտվեց: Դրա հիմնական պատճառն այն էր, որ ապստամբ բոլշևիկները բավարար աջակցություն չստացան ժողովրդից: Նրանք իրենց հույսը դրել էին դրսի` կարմիր բանակի օգնության վրա, որը 1920 թ. գարնանը սկսված խորհրդա-լեհական պատերազմի հետևանքով տեղի չունեցավ: Ապստամբությունը ընթացավ անկազմակերպ, անջատ-անջատ, առանց միասնական ղեկավար կենտրոնի:

Այդուհանդերձ, այդ ելույթը թուլացրեց իշխանության դիրքերը: Քանի որ ընդվզող հիմնական տարրը զինվորականությունն էր, ուստի այդ հանգամանքը խմորումներ առաջացրեց բանակում, ընկավ նրա մարտունակությունը, որը պետք է իր բացասական անդրադարձն ունենար արդեն 1920 թ. աշնան թուրք-հայկական պատերազմի վրա:

Տպել Տպել