Lույս է տեսել «Վէմ» համահայկական հանդեսի 2012 թվականի թիւ 2(38) համարը

Հուլիսի սկզբներին լույս է տեսել «Վէմ» համահայկական հանդեսի 2012 թվականի թիւ 2(38) համարը՝ 244 էջ ծավալով, որի հրապարակումների զգալի մասը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ներազգային կյանքում ու միջազգային ասպարեզում ի հայտ եկող նոր մարտահրավերների քննությանը։ Մասնավորապես՝ «Հիմնաքարեր» բաժնում պատմական գիտությունների թեկնածու Արմեն Ց. Մարուքյանը փորձել է հստակեցնել առաջիկա երեք տարիներին Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդրի առաջադրման ու հետապնդման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների հիմնական ուղղություններն ու մեթոդաբանությունը։ Նույն թեմայով հրապարակված ուսումնասիրություններից հետաքրքրական են նաև վերջերս Թուրքիայում գիտական հետազոտություններ իրականացրած թուրքագետ Անուշ Ռ. Հովհաննիսյանի, ինչպես նաև՝ լեզվաբաններ Սեդա Ք. Գասպարյանի և Գոհար Ռ. Հարությունյանի հոդվածները։

«Վէմ»-ի թիւ 2 համարի նման ուղղվածությունը չի խանգարել, սակայն, մի շարք հիմնարար ուսումնասիրությունների հրապարակմանը հանդեսի հիմնական բաժիններում։ Դրանցից ուշագրավ են հատկապես ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հ. Հարությունյանի՝ Աղվանքի սահմանների, տարածքի ու գավառաբաժանման հստակեցմանը նվիրված եզրափակիչ հրապարակումը՝ համապատասխան քարտեզներով, ինչպես նաև Հակոբ Պարոնյանի բարոյաբանության փիլիսոփայական-աշխարհայացքային հիմքերի հետազոտությունն ամբողջացնող՝ Արամ Գ. Ալեքսանյանի հոդվածը։ Հայկական տպագրության 500-ամյակին ընդառաջ՝ նոր և հետաքրքրական փաստեր են բացահայտվում Հակոբ Մեղապարտի հրատարակած 5 գրքերի տպագիր ու ձեռագիր օրինակների համեմատական քննությանը նվիրված՝ Վարդան Գ. Դևրիկյանի ծավալուն ուսումնասիրության մեջ։ Մեծ հետաքրքրությամբ է ընթերցվում նաև Խաչիկ Ս. Տեր Ղուկասյանի՝ «Սոցիալիզմի վերաձեւաւորման հեռանկարները» ուսումնասիրությունը, որը նվիրված է հետխորհրդային դարաշրջանում այդ համամարդկային ուսմունքին բաժին ընկած դժվարին ուղու վերլուծությանը։

Հանդեսի «Վավերագրեր» բաժնում տեղ են գտել 1894 թվականի վերջերին Ռումինիայում Ռոստոմի ձերբակալության առիթով իրականացված հետաքննության նյութերը, որոնք պատմաբան Մկրտիչ Դ. Դանիելյանը հայթայթել է Ռուսաստանյան կայսրության արտաքին քաղաքականության արխիվից։ Իսկ «Վէմ»-ի «Հավելվածը» նվիրված է արևմտահայ գրող, բանաստեղծ ու հոգեբան, Մեծ եղեռնի նահատակ Արտաշես Հարությունյանի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությանը։ Մինչ օրս Հայաստանի արխիվներում պահվող և խիստ անբավարար ուսումնասիրված այդ ինքնատիպ գրական գործչի ու հոգեբանի հարուստ ժառանգության վերաբերյալ Անահիտ Գ. Նահապետյանի հրապարակումից զատ՝ 2012 թ. թիւ 2-ում տեղ են գտել նաև հայ պատմագիտության, գրականագիտության և մշակույթի այլ հիմնահարցերին նվիրված հոդվածներ։

Տպել Տպել