Քուրդական գործօնը՝ Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայ Դատի նկատմամբ, հեռանկարները մինչեւ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամեակ

AramShahnazarian«ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ» 9-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
«Ալիք» օրաթերթի խմբագրութեան անդամ Արամ Շահնազարեանի զեկոյցը

Չեմ կարող չհամաձայնւել այն փորձագէտների հետ, որոնց կարծիքով՝ մարդկային յիշողութիւնը չի կարող այնքան կարճ լինել, որպէսզի չյիշի ոչ վաղ անցեալում Էրդողանի ելոյթը Թուրքիայի ու Սիրիայի միջեւ «Բարեկամութեան կամրջի» բացման ժամանակ, երբ նա գովերգում էր թուրք-սիրիական դարաւոր բարեկամութիւնը, խօսում էր իրականացւելիք համատեղ մեծ ծրագրերի մասին, եւ իրեն յատուկ «բոնապարտեան ինքնահաւանութեամբ» սպառնում էր երկու երկրների ընդհանուր թշնամիներին:

Սակայն, շատ արագ փոխւեցին ժամանակներն ու պայմանները: Երբ Անկարայի իշխանաւորներին այնքան ոգեւորած արաբական գարնան ալիքները հասան Սիրիա, Էրդողանն առաջինն էր, որ մոռացաւ թէ՛ դարաւոր բարեկամութիւնը, թէ՛ համատեղ մեծ ծրագրերը, թէ՛ ընդհանուր թշնամիներին հասցէագրւած սպառնալիքները:

Արաբական գարունը Անկարայի «նէոպանօսմանիստներին» ընձեռեց ամենապատեհ առիթը՝ իրականացնելու իրենց մեծ երազանքը՝ վերականգնել Օսմանեան կայսրութեան ազդեցութեան գօտին: «Ժողովրդի կամքի յաղթանակի» պատրւակով Թուրքիան դարձաւ Սիրիայի աւերման եւ պետականութեան կազմաքանդման ամենաակտիւ եւ գլխաւոր գործիքը: Թուրքական իշխանութիւնները երկար ժամանակ հաւատում եւ վստահ էին, որ Սիրիայի գործող պետական համակարգը կազմաքանդելու իրենց մշակած պլանը գործելու է ոսկերչական ճշգրտութեամբ, եւ իրենց հրահրած սադրիչ գործողութիւնները չեն կարող իրենց համար իսկ բումերանգի էֆեկտ ունենալ:

Սա այն դէպքում, երբ անգամ անզէն աչքով կարելի էր նկատել, որ Սիրիական ճգնաժամը ունի բոլոր նախադրեալներն ու ներուժը, որպէսզի վերաճի այնպիսի անկառավարելի մի քաոսի, որն անխուսափելիօրէն յանգելու է տարածաշրջանային լրջագոյն աշխարհաքաղաքական փոփոխութիւնների:

Երբ Սիրիայի իշխանութիւնները երկրի հիւսիսարեւելեան շրջանների փաստացի ինքնակառավարումը զիջելով քուրդերին՝ այս ճգնաժամի ողջ ընթացքում կատարեցին իրենց միակ խելամիտ, ես կասէի չափազանց խորամանկ քայլը, փաստօրէն, սկսեց փլուզւել թուրքերի արտաքին գերատեսչութեան առանձնակի հնարամտութեան եւ թուրքական դիւանագիտութեան «անհասանելի բարձունքների» մասին առասպելը: Առասպել, որի մասին ինքնագոհ առոգանութեամբ սիրում էր բարձրաձայնել Էրդողանը:

Պաշտօնական Դամասկոսի թուլացմանը զուգընթաց՝ Սիրիայի քուրդերն աստիճանաբար աւելացրին իրենց ակտիւութիւնը: Հասկանալով, որ վրայ է հասել արմատական, անխուսափելի փոփոխութիւնների ժամանակաշրջանը, նրանք վճռեցին առաւելագոյն շահ կորզել իրավիճակից:

Այսօր քուրդերի ձեռքն է անցել Սիրիայի գրեթէ ողջ հիւսիսարեւելեան շրջանների վերահսկողութիւնը:

Բոլոր նախանշանները յուշում են, որ Սիրիայի քուրդերն աւելի ու աւելի են հակւած՝ մերձենալու Իրաքի քուրդական ինքնավարութեան հետ: Փոխադարձաբար, Սիրիայի տարածքում քուրդական ինքնավարութեան ստեղծման հարցին շահագրգիռ մասնակցութիւն ունի Հիւսիսային Իրաքի Քուրդական Ինքնավարութեան ղեկավարութիւնը : Արդէն տեւական ժամանակ է, ինչ բացայայտօրէն Հիւսիսային Իրաքի Քուրդական Ինքնավարութիւնից Սիրիայի քուրդաբնակ տարածքներ են գործուղւում տարբեր կարգի եւ մակարդակի քաղաքական, տնտեսական եւ ռազմական գործիչներ ու պատւիրակութիւններ, որոնք կատարում են նախապատրաստական աշխատանքներ՝ Սիրիայի քուրդաբնակ շրջանների լիարժէք ինքնակառավարման անցնելու համար: Այնպէս որ՝ եթէ Սիրիայի իրադարձութիւնները ծաւալւեն նոյն ընթացքով, ինչը տեղի է ունենում այսօր, ապա դժւար չէ ենթադրել, որ Սիրիայի քուրդաբնակ շրջանների փաստացի բաժանումն արդէն ոչ հեռու ապագայում միանգամայն հաւանական կը լինի: Իսկ սա նշանակում է, որ թուրքերի համար, լաւագոյն դէպքում, նրանց սահմանին կից առայժմ կը ստեղծւի երկրորդ քուրդական ինքնավարութիւնը:

Ցանկանում եմ շեշտել առայժմ, քանի որ Իրաքի հիւսիսում քուրդերը հաշւարկւած եւ վստահ քայլերով շարժւում են դէպի անկախութիւն: Նրանք այլեւս բացայայտօրէն հաշւի չեն առնում Իրաքի կենտրոնական իշխանութիւններին՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականութեան մէջ, ո՛չ էլ, առաւել եւս, տնտեսական հարցերում: Թէեւ մի կողմից Անկարայի, իսկ միւս կողմից Իրաքի կենտրոնական իշխանութիւնների ճնշմամբ եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների յորդորով, Հիւսիսային Իրաքի Քուրդական Ինքնավարութեան ղեկավարութիւնն առկախեց անկախութեան հանրաքւէն, սակայն այն կարող է անցկացւել որեւէ պահի, երբ կը ցանկանան ինքնավարութեան ղեկավարները: Իսկ հանրաքւէի արդիւնքներն ի սկզբանէ պարզ են՝ ԱՅՈ՛՝ անկախութեան:

Բնականաբար, այս բոլորը չի կարող չանհանգստացնել տարածաշրջանային երկու կարեւոր դերակատարներին՝ Թուրքիային եւ Իրանին, որոնց քուրդաբնակ տարածքների վրայ անմիջական ազդեցութիւն կարող է ունենալ կարգավիճակի որեւէ փոփոխութիւն, որը տեղի կունենայ Իրաքի կամ Սիրիայի քուրդաբնակ տարածքներում: Մանաւանդ որ՝ քուրդական անկախ պետական միաւորի ստեղծման ծրագրի մասին վաղուց ի վեր խօսում են Վաշինգտոնում եւ Թել Աւիւում:

Թէեւ դեռեւս ոչ ոք չի շտապում կեանքի կոչել անկախ Քուրդստանը, սակայն ակնյայտ է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի հեռահար ծրագրերում նրանց հովանաւորութիւնը վայելող քուրդական անկախ միաւորումը պէտք է դառնայ տարածաշրջանի երկրորդ Իսրայէլը (ես աւելի հակւած եմ ընդունելու այն փորձագէտների կարծիքը, որոնք Հիւսիսային Իրաքի Քուրդական Ինքնավարութիւնը համեմատում են Կոզովոյի հետ: Քանի որ երկու երկրամասերում պետականութեան ձեւաւորման գործընթացը չափազանց նման է) եւ օգտագործւի որպէս հզօր յաղթաթուղթ՝ առաջին հերթին Իրանի, իսկ յետոյ ինչու չէ նաեւ Թուրքիայի դէմ: Իսկ սա յուշում է, որ անհնար է լինելու ռազմական միջամտութեան օգնութեամբ վիժեցնել քուրդական անկախ պետական միաւորման ստեղծումը:

Հասկանալի է, որ իրերի նման զարգացումն առաջին հերթին անընդունելի է հէնց Թուրքիայի համար, որը համարւում է տարածաշրջանային այս քաոսի եթէ ոչ իրական հեղինակը, ապա՝ գլխաւոր գործադիրը: Մանաւանդ որ՝ ներկայ պահին Թուրքիայի քուրդաբնակ տարածքներում զգալիրէն ակտիւացել է Քուրդստանի Բանւորական կուսակցութիւնը, որն յաջողութեամբ իրականացրել է մի շարք ռազմական – ահաբեկչական գործողութիւններ՝ թուրքական բանակի եւ կառավարական կառոյցների դէմ: Զուգահեռաբար, վերջին շրջանում Թուրքիայի քուրդերի բազմաթիւ ականաւոր քաղաքական-կուսակցական գործիչներ մէկ անգամ չէ, որ երկրի քուրդաբնակ տարածքները, մասնաւորաբար Դիարբեքիր նահանգը, յայտարարել են քուրդական ժողովրդավարական ինքնավարութիւն՝հիստերիայի մէջ գցելով Անկարային:

Թոյլ տւէք չհամաձայնւել այն փորձագէտների հետ, որոնց կարծիքով՝ նման պայմաններում Թուրքիայի համար Դամասկոսի հսկողութիւնից դուրս քուրդական ինքնակառավարման ստեղծումը, որը կը գտնւի Հիւսիսային Իրաքի Քուրդական Ինքնավարութեան ղեկավարութեան վերահսկողութեան ներքոյ, ինչ-որ տեղ հանդուրժելի տարբերակ է, քանի որ դա, իբր, նւազագոյնի կը հասցնի Անկարայի թիւ մէկ թշնամու՝ Քուրդստանի Բանւորական կուսակցութեան ազդեցութիւնը՝ այդ տարածքում: Չպէտք է մոռանանք, որ ինչքան էլ մեծ լինի Հիւսիսային Իրաքի Քուրդական Ինքնավարութեան ղեկավարութեան անմիջական ազդեցութիւնը՝ Սիրիայի քուրդաբնակ տարածքներում, այնուամենայնիւ, այդ շրջանների իրական ղեկավարը հանդիսանում է Դեմոկրատական միութիւն կուսակցութիւնը, որն անուղղակիօրէն համարւում է Քուրդստանի Բանւորական կուսակցութեան սիրիական մասնաճիւղը:

Հաւանական անելանելի վիճակներից խուսափելու նպատակով՝ թուրքական դիւանագիտական մեքենան փորձ է անում Արեւմուտքում վերարժեւորել թուրքական պետութեան դերը՝ Մերձաւոր Արեւելքի հակամարտութիւնների կարգաւորման գործում եւ ստանալ ինքնուրոյն գործելու «քարտ բլանշ», որը տարածաշրջանային հարցերում, այդ թւում նաեւ Քուրդական հարցն իրենց հայեցողութեամբ կարգաւորելու գործում նրանց ազատ մանեւրի հնարաւորութիւն կընձեռի: Թէ ինչքանով կը յաջողւի թուրքական դիւանագիտութեան այս նախաձեռնութիւնը՝ ցոյց կը տայ ժամանակը:

Այլ է պարագան Իրանի հարցում: Թէեւ Իրանի քուրդաբնակ տարածքներում անհատ քաղաքական – հասարակական գործիչներ ցուցաբերում են որոշակի ակտիւութիւն, իսկ Քուրդստանի Բանւորական կուսակցութեան իրանական մասնաճիւղը համարւող ՓԵԺԱԿ-ը մերթընդմերթ ահաբեկչական գործողութիւններով յիշեցնում է իր մասին, այնուամենայնիւ, Իրանի քուրդերի մօտ չի նկատւում կազմակերպւածութեան եւ ակտիւութեան այն մակարդակը, որն առկայ է Իրաքի, Սիրիայի եւ Թուրքիայի քուրդերի մօտ:

Միաժամանակ, Թեհրանը փորձում է ակտիւ շփումների եւ գործնական քայլերի միջոցով պահպանել Իրանի եւ Հիւսիսային Իրաքի Քուրդական Ինքնավարութեան միջեւ առկայ ստատուսքւօն: Իրանը կարեւոր դեր է խաղում Քուրդական ինքնավարութեան տնտեսութեան զարգացման գործում: Յաճախակի են դարձել Իրանի պաշտօնատար անձանց այցելութիւններն Արբիլ: Այս այցերի ընթացքում կնքւում են տարբեր ոլորտներում համագործակցութեան յուշագրեր եւ համաձայնագրեր, որոնք, ինչ խօսք, ելնում են նաեւ քուրդական կողմի շահերից, եւ գոնէ ժամանակաւորապէս նպաստում են, որպէսզի Իրաքի Քուրդական Ինքնավարութիւնը չէզոքութիւն պահպանի Թեհրանի եւ Իրանի քուրդերի յարաբերութիւններում:

Իսկ այս բոլորն արդէն միանգամայն նոր շրջադարձ է Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանային իրադարձութիւնների եւ քուրդական պատմութեան մէջ:

Այնպէս որ՝ աստիճանաբար ընդգծւում է քուրդական վիրտուալ անկախ պետութեան իրական ուրւագծերը՝դեռեւս միայն Իրաքի եւ Սիրիայի քուրդաբնակ տարածքների հաշւին:
Իհարկէ, չպէտք է մոռանանք, որ Քուրդստանի որպէս անկախ պետութեան կամ ազգային ինքնավարութեան ստեղծման նախագիծը բոլորովին էլ նոր չէ եւ քաղաքական երկար պատրաստութիւն է անցել: Փոփոխւող իրողութիւնների, ուժերի դասաւորւածութեանը համապատասխան եւ քուրդերի բնակութեան հիմնական վայրի (Թուրքիա, Իրան, Իրաք, Սիրիա, Այսրկովկաս) հաշւառմամբ՝ փոխւում են միայն գերակայութիւնները եւ քուրդական պետականութեան օջախի տեղայնացումը:

Այժմ այն տեղայնացւել է Իրաքի հիւսիսում եւ ձգւում է դէպի Սիրիա, քանի որ այսօր դա առաւել համապատասխանում է Միացեալ Նահանգների տարածաշրջանային շահերին:
Սա մեծապէս պայմանաւորւած է եղել այն հանգամանքով, որ քուրդերը քոչւոր ժողովուրդ լինելով՝ երբեք չեն կարողացել ստեղծել սեփական պետականութիւն: Տարածաշրջանում ընթացող պատերազմների եւ բախումների ընթացքում նրանք միշտ հանդէս են եկել որպէս հակամարտող կողմերից մէկի շահերի պաշտպան՝ չունենալով պետականաշինութեան սեփական տեսլականը:

Հաշւի առնելով այս իրողութիւնը՝ կարելի է եզրակացնել, որ Քուրդական հարցը գործող ական է Մերձաւոր Արեւելքի համար: Վաղուց արդէն յայտնի այս ճշմարտութեանը կարող ենք յաւելել, որ վերջին շրջանում այս ականի ժամացոյցի սլաքը կարծես թէ աւելի արագ է պտտւում՝ սպառնալով պայթեցնել ողջ տարածաշրջանը:

Անշուշտ, այս պայթիւնի բեկորներից անմասն չեն մնալու նաեւ Հայաստանն ու հայութիւնը: Փորձեմ փաստել, թէ ինչու.

ա- Առաջին աշխարհամարտի ընթացքում եւ յատկապէս դրանից յետոյ Անտանտի տէրութիւնները բարձրացրին Քուրդստանի ինքնավարութեան ստեղծման անհրաժեշտութեան հարցը:

1920 թւականի օգոստոսի 10-ին երբ ստորագրւեց Սեւրի դաշնագիրը Հայկական Հարցին զուգահեռ՝ հաստատւում էր նաեւ քուրդական ինքնավարութիւն, ընդորում՝ ոչ թէ ներկայ Իրաքի տարածքում, այլ՝ Հայկական լեռնաշխարհի հարաւարեւելքում, ժամանակակից Թուրքիայի սահմաններին (Վանայ լճի հարաւային ափից ընկած տարածքներ – Դիարբեքիր): Պայմանաւորւածութիւն էր ձեռք բերւել նաեւ, որ ինքնավարութիւնը հետագայում պէտք է վերածւի քուրդական պետութեան՝ Անգլիայի հովանու ներքոյ:

Սակայն, այժմ քուրդերի ախորժակը բաւական աճել է եւ վերջին տարիներին սկսել են իրենցը համարել ներկայ Թուրքիայի ողջ արեւելքը՝ ընդհուպ մինչեւ Սեւ ծովի ափերը, այսինքն՝ ամբողջ Արեւմտեան Հայաստանը: Վերջիններս ոչ միայն չեն թաքցնում իրենց յաւակնութիւնները՝ պատմական Հայաստանի նկատմամբ, այլ այն ուղղակի կոչում են հայրենիք: Այսինքն՝ օրէցօր աճող քրդական ազգայնականութեան ֆոնի վրայ կարելի է յստակ դիտարկել, որ քուրդերը ցանկանում են իրենց երազած Մեծ Քուրդստանը կառուցել հայոց պատմական հայրենիքի հաշւին:

Ի՞նչ կը լինի,եթէ քուրդերը վերոյիշեալ տարածքներում հասնեն պետութեան ստեղծմանը: Ես կարծում եմ՝ պատասխանը միանշանակ է՝դա կը լինի Արեւմտեան Հայաստանի վերջնական կորուստը:

բ- Տարբեր տւեալներով՝ Հայաստանում բնակւում են շուրջ 40 հազար եզդի եւ 1500-2000 քուրդ: Վերջին ժամանակներում, սակայն, ակտիւացել է եզդիական համայնքը քուրդացնելու չափազանց վտանգաւոր քաղաքականութիւնը: Ըստ այդմ՝ եզդիներին համոզում են, որ նրանք նոյն քուրդերն են, ուղղակի այլ կրօն եւ այլ լեզու ունեն, հետեւաբար՝ ստացւում է, որ Հայաստանում բնակւում են աւելի քան 40 հազար քուրդ: Կարծում եմ՝ կը համաձայնւէք, որ նման քայլերի գլխաւոր նպատակը մէկն է՝ Հայաստանում եւս ազգային հարց բարձրացնել:
Անկախ Հայաստանի պետականութեան ամրութեան հիմնական գրաւականներից մէկը եղել եւ մնում է մոնոէթնիկութիւնը, ինչը 90-ականների ճակատագրական պահերին Հայաստանին թոյլ տւեց խուսափել իր հարեւանների ճակատագրից:

Խնդիրը պարզ է, եթէ Հայաստանում բնակւում են 1500-2000 քուրդ, ապա Քուրդական հարց Հայաստանում գոյութիւն չունի: Իսկ եթէ քուրդերի թիւը հասնում եւ անցնում է 40 հազարը, ապա այն կարող է բարձրացւել ցանկացած պատեհ առիթով:
Նորաստեղծ ենթադրեալ քուրդական պետութիւնը վաղ թէ ուշ՝ կարող է տարածքային պահանջներ ներկայացնել եզդիներով խիտ բնակեցւած տարածքների նկատմամբ՝ Արարատի, Արմաւիրի եւ Արագածոտնի մարզերում:

գ- Թուրքիան մէկ տասնամեակ է, ինչ ապացուցել է, որ այլեւս չի կարող համարւել Արեւմուտքի վստահելի եւ հաւատարիմ դաշնակիցը՝ տարածաշրջանում: Միացեալ Նահանգները, Արեւմուտքը եւ նրանց տարածաշրջանային թիւ մէկ դաշնակիցը՝ Իսրայէլը, արդէն փնտրում են մի նոր դաշնակցի, որն իր ստեղծմամբ՝ պարտական կը լինէր վերջիններիս եւ ըստ այդմ՝ կը կատարի նրանց կամքը՝ երկարատեւ կտրւածքով: Երկրորդ՝ Իսրայէլի կամ Կոզովոյի նման պետութեան ձեւաւորումը Մերձաւոր Արեւելքի սրտում արեւմտեան ռազմավարների գլխաւոր նպատակներից մէկն է: ԱՄՆ-ի համար խիստ կարեւոր է Քուրդստանն իր շահերի սահմաններում պահել նաեւ տնտեսական տեսակէտից: Յատկանշական է, որ Հիւսիսային Իրաքի Քուրդական Ինքնավարութեան բոլոր քաղաքական- տնտեսական ենթակառուցւածքները ձեւաւորւում են բացառապէս Արեւմուտքի վերահսկողութեան ներքոյ:
Բերենք միայն մի օրինակ՝ Իսրայէլի անմիջական մասնակցութեամբ է ստեղծւում քուրդական հետախուզական գործակալութիւնը:

Քուրդստանի ստեղծման միջոցով ԱՄՆ-ը լուրջ յենակէտ է ստանում Մերձաւոր Արեւելքում: Քուրդստանն այսօր գտնւում է իր ձեւաւորման սկզբնական փուլում եւ դեռ երկար ժամանակ կունենայ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների աջակցութեան կարիքը՝ թէ՛ արտաքին, եւ թէ՛ ներքին խնդիրները լուծելիս:

Թւում է, թէ Հիւսիսային Իրաքում քուրդական անկախ պետականութեան ստեղծման նախագիծը շատ լաւ է մշակւած: Քուրդերն այսօր բնակւում են Մերձաւոր Արեւելքի բոլոր երկրներում եւ բոլորից տարածքային պահանջներ ունեն: Միւս երկրներում բնակւող քուրդերի համար Քուրդստանն ունենալու է ուղեցոյցի նշանակութիւն:

Իրանի քուրդերը պատեհ առիթի դէպքում՝ կարող են օգտագործւել Իրանի դէմ ԱՄՆ-ի հնարաւոր պատերազմի ժամանակ: Իրաքի տարածքում ձեւաւորւած անկախ Քուրդստանի միջոցով բարձրացնելով իրանական քուրդերի ազգային ինքնագիտակցութիւնը, հրահրելով ազգամիջեան բախումներ՝ ԱՄՆ-ն Իրանում ներքին լարւածութիւն կը ստեղծի, ինչը, բնականաբար, կազդի Իրանի դիմադրողականութեան վրայ: Անհրաժեշտութեան դէպքում՝ նոյն սկզբունքով կարելի է գործել նաեւ Թուրքիայի դէմ:

Քուրդական հարցի հետ կապւած՝ եթէ սկսի գործել դոմինոյի քարերի տրամաբանութիւնը, ապա այն անխուսափելիօրէն կը հարւածի Իրանի տարածքային ամբողջականութեանը:
Սա աղէտալի հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար, քանզի մեծ հաւանականութեամբ քուրդերի անջատողական նկրտումներին փորձելու են հետեւել թուրքալեզու իրանցիների պանթուրքիստ անջատողականները: Իսկ սա նշանակում է, որ նրանց յաջողութեան դէպքում՝ կը փլուզւի Իրան-Հայաստան հակապանթուրանական առանցքը եւ Հայաստանը կարող է զրկւել իր միակ վստահելի շնչափողից: Սա անդառնալի կորուստ է Հայաստանի համար՝յղի աղէտաբեր հետեւանքներով:

Իսկ ինչպէ՞ս պիտի վարւենք մենք:

ա- Այսօր Հայաստանը Մերձաւոր Արեւելքում աշխարհաքաղաքական գործընթացների վրայ ազդելու որեւէ էական լծակ չունի, սակայն կարծում եմ, թէ արդէն իսկ անհրաժեշտ է աստիճանաբար ընտելանալ տարածաշրջանում նոր պետականութեան ձեւաւորման փաստի հետ: Անհրաժեշտ է գոնէ ինչ-որ յարաբերութիւններ ստեղծել Իրաքեան Քուրդստանի հետ: Սկզբնական շրջանում դրանք կարող են իրականացւել քաղաքական կուսակցութիւնների եւ հասարակական կազմակերպութիւնների մակարդակով (ի դէպ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն արդէն իսկ Սոցինտերնի շրջագծում յարաբերութիւններ է ստեղծել Ջալալ Թալեբանիի գլխաւորած Քուրդստանի Հայրենակցական միութեան հետ): Միեւնոյն է, ժամանակի ընթացքում Իրաքեան Քուրդստանը եւ նրա շուրջ ձեւաւորւող քուրդական ապագայ պետութիւնը լուրջ գործօն է դառնալու տարածաշրջանում:

բ- Հաւատացած եմ, որ թուրք հասարակութեան պէս՝ քուրդերը եւս պէտք է առերեսւեն Հայոց Ցեղասպանութեանը, որը նրանք միասին են իրականացրել (Քուրդերը հանդիսացել են Ցեղասպանութեան իրականացման գլխաւոր գործիքներից մէկը): Եթէ քուրդերն սկսեն հասկանալ մեր ողբերգութիւնն, նրանք կազատւեն այն պատրանքից, թէ իրենք միակ ժողովուրդն են, որ երբեւէ տառապանք է կրել տարածաշրջանում: Եթէ նրանք հասկանան Հայոց ողբերգութիւնը ու թէ ինչպէս է երիտթուրքերի «խորքային պետութիւն»-ն այն ժամանակ օգտագործել իրենց, նրանք շատ աւելի համեստ ու նւազ ազգայնական կը լինեն, ինչը, անշուշտ, բխում է մեր անմիջական շահերից:

Մենք պէտք է շատ հարցեր բարձրացնենք: Վստահ եմ, որ իւրաքանչիւր պատասխան ծնելու է նոր հարցեր: Մինչեւ նման հարցադրումներ չանենք, նման խորքային երկխօսութիւն չծաւալենք, մեր կայացրած որոշումներն անխուսափելիօրէն մակերեսային ու կարճաժամկէտ կը լինեն:

Սա շատ բարդ գործընթաց է լինելու: Կարո՞ղ ենք արդեօք սկսել այն: Որեւէ մէկը պատրա՞ ստ է արդեօք այդքան խոր հարցադրումների. կարծում եմ՝ դա ցոյց կը տայ ժամանակը:

«ԱԼԻՔ»

Տպել Տպել