Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2012 թ. թիւ 4-րդը, որը հաջորդական համարների շարքում 40-րդն է

VEM-header4Շուրջ 244 ծավալ և հարուստ ու բազմազան բովանդակություն ունեցող 4-րդ համարի Խմբագրականը նվիրված է հայ մտքի պատմության հետազոտությանը։ Այս բնագավառում մեզանում տպագրվող ուսումնասիրությունները մի կողմից հեռու են ինտելեկտուալ պատմության գիտական չափորոշիչներից, իսկ մյուս կողմից էլ շեղվել են ազգային մտքի ավանդույթներից։ Խմբագրականում ուրվագծվում են ստեղծված վիճակից դուրս գալու ուղիները, իսկ հանդեսի Հավելված բաժնում ներկայացվում են պատմագիտական ու գրականագիտական մտքի այն ձեռքբերումները (Լ. Ֆևր, Ֆ. Մորետի), որոնք կարող են օգնել հայագետների նոր սերնդին՝ ստեղծված վիճակը հաղթահարելու գործում։

Արդիական հնչեղություն ունի «Հիմնաքարեր» բաժնում տեղ գտած Գագիկ Ս. Գալստյանի «Նոր քննական հայացք Մարքսի տնտեսագիտական ուսմունքին» հրապարակումը, որը հիմնավորապես հերքում է համաշխարհային ճգնաժամի պայմաններում կրկին ասպարեզ նետվող՝ մարքսյան ուսմունքի «գիտականության» մասին պնդումները։ Բացահայտելով իրականությունը շրջանցելու և գիտական ճշմարտությունը քաղաքական նպատակահարմարությանը զոհաբերելու այն հնարքները, որոնց տիրապետում էր կոմունիստական գաղափարախոսության հիմնադիրը, հրապարակման հեղինակը յուրահատուկ մարտահրավեր է նետում այսօր էլ մարքսյան ուսմունքի կարոտախտով տառապողներին։

Հանդեսի 4-րդ համարի հատուկ ուշադրությանն է արժանացել հայ-վրացական քաղաքակրթական և քաղաքական առնչությունների հիմնախնդիրը։ Սկսվել է երիտասարդ ու հեռանկարային պատմաբաններ Արման Ս. Եղիազարյանի «Բագրատունիների վրացական թագավորության ձևավորման գործընթացը» հոդվածաշարի և Համո Կ. Սուքիասյանի՝ «Հայ-վրացական սահմանավեճը փաստաթղթերի լեզվով» վավերագրերի փաթեթի հրապարակումը։

Ուշագրավ և արդիական է նաև Արարատ Մ. Հակոբյանի «Խորհրդային Հայաստանի 1920-1922 թթ. միջազգային-իրավական կարգավիճակի շուրջ” քննական վերլուծությունը։ Նրանում բացահայտվում է նշված պատմաշրջանում սկսված՝ Հայաստանի անկախության իրավա-քաղաքական հիմքերի խարխլման գործընթացը՝ զուգահեռներ անցկացնելով մեր օրերում ևս նկատվող նման միտումի առանձին դրսևորումների հետ։

Սայաթ-Նովայի ծննդյան 300 ամյակի հետ կապված՝ «Վէմ՚-ի նախորդ համարում տեղ էր գտել նրա երաժշտական արվեստին նվիրված հրապարակում, իսկ ներկա համարում Վազգեն Հ. Սաֆարյանն իր ծավալուն ուսումնասիրության մեջ աննդրադարձել է մեծ բանաստեղծի քնարերգությանը։

Արդիական հնչեղություն ունի նաև Կարեն Հ. Խանլարյանի հրապարակումը, որը Օսմանյան քարտեզների, հանրագիտարանային նշանակության հրատարակությունների և դասագրքերի հիման վրա մեկ առ մեկ ուսումնասիրել է «Ադրբեջան» աշխարհագրական հասկացության վերաբերյալ նախքան 1918 թվականը թուրք հեղինակների արտահայտած տեսակետներն ու գնահատականնները և անհերքելի փաստերով ապացուցել, որ դրանք ամբողջովին վերաբերում էին Իրանի պատմական՝ Ատրպատական նահանգին։

«Վէմ»-ը 2012 թ. 4-րդ համարից սկսում է ՀՅԴ պատմության վավերագրերի նոր փաթեթի հրապարակումը, որն ընդգրկում է կուսակցության 1918-1920 թթ. գործունեության վերաբերյալ Հայաստանում պահվող, բավականին վատ վիճակում գտնվող ուստիև՝ հրապարակման կարիք զգացող փաստաթղթերը։ Ավագ Ա. Հարությունյանի ջանքերով ընթերցողներին ներկայացվող այս նոր փաթեթի առաջին մասը հիմնականում ներառում է ՀՅԴ Արևելյան Բյուրոյի արձանագրությունները։

«Վէմ»-ի վերջին համարում տեղ են գտել նաև այլ ուշագրավ հրապարակումներ։

Ներկայացնում ենք հանդեսի 2012 թ. թիւ 4-ի Բովանդակությունն ու Խմբագրականը։

Տպել Տպել