Հայաստանն ունի ժողովրդագրական պատկերի բարելավման գերխնդիր

Շահան Նախագահական ընտրությունները կարող էին նկատելի շրջադարձ լինել ընդհանրապես մեր երկրի ընտրական մշակույթի կայացման գործընթացում։

Խոսքն այստեղ սոսկ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու դասական կարգախոսի լիարժեք իրարանցման մասին չէ:

Ընտրություններն այս հանգրվանին կարող են լինել համեմատաբար ավելի ժողովրդավար, քաղաքակիրթ և կազմակերպվածության առումով ավելի համահունչ միջազգային օրինաչափություններին։ Խնդիրը, սակայն, մրցակցային դաշտի չկայացումն է։

Ավելի կոնկրետ՝ իրոք, կա խոսքի ազատություն՝ նշմարվում է հանդուրժողականություն, սակայն չկա ծրագրերի, գաղափարների մրցակցություն, իսկ սա ժողովրդավարության կարևոր բաղադրիչ է, սա պետականության և հասարակության անփոխարինելի երաշխիք է, որը, ցավոք, դեռևս չի ձևավորվում մեր երկրում։

Խոսելով փետրվարի 18-ին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունների մասին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանը:

Նա նշեց, որ քվեարկող քաղաքացու դատողությունը զարգացնելու, քննական մտածողության ձևավորմանը նպաստելու և մանավանդ քաղաքացուն մասնակցության և դերակատարություն վերցնելու բավարարվածության զգացում հաղորդելու առումով՝ շատ կենսական է գաղափարների և ծրագրերի մրցակցությունը և այդ ծրագրերին ի պաշտպանություն՝ բանավեճերի մշակույթի կայացումը. «Եթե մի կողմից մեր ընտրակարգի (քաղաքակրթվածության առումով) երևութական առաջընթաց է նկատվում, մյուս կողմից` տեսանելի չեն դառնում ժողովրդավարության կարևոր բաղադրիչները՝ մրցակցային դաշտի կայացման համար գաղափարների, ծրագրերի ներկայացումը և դրանց վերաբերող կառուցողական բանավեճերի ծավալումը»:

Խոսելով թեկնածուների նախընտրական ծրագրերի մասին` Շահան Գանդահարյանը կարծիք հայտնեց, որ ներկայացվող ծրագրային առաջադրանքները կամ դրանց իրականացման մեխանիզմների առաջարկությունները կարող են որոշակի դրական տպավորություն ստեղծել. «Խնդիրը այդ բոլորի իրականացման համար քաղաքական կամքի և առավել ևս ռեալ հնարավորությունների ստեղծումն է։ Կարծում եմ` մեր հանրապետության համար առաջին խնդիրը այսօր ժողովրդագրական պատկերի բարելավման գերխնդիրն է։ Իհարկե, հարցերը փոխկապակցված են։ Արտագաղթը կամ ծնելիութան ոչ բավարար աճը սերտորեն կապված են սոցիալական իրավիճակի հետ՝ կարգին աշխատատեղերի և մանավանդ արժանապատիվ կենցաղի ապահովման համար աշխաավարձերի բարձրացման հետ։ Այս բոլորը իրենց հերթին առաջընթաց չեն գրանցի, եթե երկրում շարունակի տիրել մենաշնորհը, ստվերը, կոռուպցիան և սակավապետությունը։

Որոշակի առումով՝ այս խնդիրները կապված են, անշուշտ, արտաքին քաղաքականության տարբեր ոլորտների հետ. Հայաստանի ապաշրջափակումը կամ վերջերս արծարծվող Աբխազիայի երկաթգծի վերագործարկումը կարող են դեպի նոր շուկաներ առաջնորդել մեր հասարակությանը, նաև դրական առումով կտրուկ ազդեցություն ունենալ նշված հարցերի վրա, ընդհուպ մինչև ժողովրդագրական պատկերի բարելավում»:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու այսօր Սփյուռքն այդքան էլ չի հետաքրքրվում Հայաստանի քաղաքական կյանքով. հիասթափությու՞նը, թե քաղաքական կյանքի միօրինակությունն է դրա պատճառը, Շ. Գանդահարյանն ասաց. «Չէի ասի, որ Սփյուռքը ընդհանրապես չի խառնվում Հայաստանի կյանքին։ Սա միանշանակ երևույթ չի։ Քաղաքացի դառնալը, հայրենիք այցելելը, բնակարան վերցնելը, ներդրում կատարելը, Սփյուռքի նախարարության բազմաոլորտ ծրագրերին մասնակցությունը իրողություններ են, որոնք հակառակն են փաստում։ Սփյուռքյան կազմակերպությունների աշխատանքները Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ և հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ ասելիք փոխանցելու առումով՝ Հայաստանի կյանքի հետ կապված հարցեր են։ Խնդիրը Երևանում որոշվող համահայկական հարցերին Սփյուռքի մասնակցության բացակայությունն է։ Ազգային ժողովի համահայկականացումը կամ Սփյուռքի անդամներ ունենալը ՀՀ Ազգային ժողովում առաջին կարևոր քայլը կլինի Սփյուռքի իրողական և իրավական մասնակցության համար»:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել