ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը Քերրիի հետ կառուցողական աշխատանք է ակնկալում

Aram Փետրվարի 1-ին ԱՄՆ Կոնգրեսի փակ նիստում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության նորանշանակ ղեկավար Ջոն Քերին երդմնակալության արարողությամբ ստանձնեց ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը։

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն ավանդաբար ԱՄՆ հայ համայնքի համար կարևոր պաշտոն է եղել. ամերիկահայերը պարբերաբար հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարներին, ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու առաջարկները: Թեև նախորդ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ աշխատանքն այդքան էլ կոնստրուկտիվ չի եղել, ԱՄՆ Հայ Դատի գրասենյակն ակնկալիքներ ունի նոր պետքարտուղար Ջոն Քերիից:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վաշինգտոնում Հայ Դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը հիշեցրեց, որ Ջոն Քերին շուրջ 30 տարի ջանքեր է ներդրել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Սակայն նա նկատեց և ափսոսանք հայտնեց, որ օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը ստանձնող Ջոն Քերիի՝ հայկական հարցերի առնչությամբ տված պատասխաններում արտացոլված էր Թուրքիայի ճնշումների ներքո նախագահ Օբամայի նահանջը:

Նա նշեց, որ, Թուրքիային չբարկացնելու նպատակով ազնվորեն չդատապարտելով Հայոց ցեղասպանության իրագործումը, Օբամայի կառավարությունը շատ լուրջ վնասակար ծառայություն է մատուցում և վտանգավոր հաղորդագրություն ուղարկում բոլոր նրանց, ովքեր ապագայում նման ոճիր կիրագործեն՝ վստահություն տալով, որ համապատասխան քաղաքական լծակներով իրենք կարող են գործել անպատիժ և ստիպել ամբողջ աշխարհին չդատապարտել իրենց գործողությունները:

«Այնուամենայնիվ, մենք անհամբերությամբ սպասում ենք, որ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ կաշխատենք կառուցողական՝ ի նպաստ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարվող քաղաքականության, ինչպես նաև ջանքեր կգործադնենք՝ ապահովելու Ղարաբաղի ժողովրդի վճռականությունը և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրությունը»,- եզրափակեց իր խոսքը Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը ստանձնող Ջոն Քերին Սենատում իր թեկնածության շուրջ քննարկումների ընթացքում պատասխանել էր հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերի և Ռոբերտ Մենենդեսի հարցերի շարքին։ Սակայն Քերին ամեն կերպ խուսափել էր 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակելուց՝ ըստ էության, շարունակելով ԱՄՆ կառավարության քաղաքականությունը:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել