Քուէարկութիւն, Այլ Ոչ Թէ Ընտրութիւն Ապահով Հայաստան, Բայց Ոչ Միայն Իշխող Վերնախաւի Համար

AztagAM2013ElectionsԱնցնող շաբաթ հինգ օր անցկացրեցի Արցախում` Հատրութում, Շուշիում եւ Ստեփանակերտում: Քսանհինգ տարի առաջ` 1988-ի փետրուարեան այս օրերին փողոց դուրս եկաւ արցախահայութիւնը, ապա մի քանի օր անց Խորհրդային Հայաստանի քաղաքացիների հիմնական հաւաքատեղին դարձաւ Թատերական (այսօր` Ազատութեան) հրապարակը, ապա ողջ հայկական աշխարհը պահանջեց վերականգնել պատմական արդարութիւնը` Արցախը վերամիաւորել Խորհրդային Հայաստանի հետ:

Տրամաբանական եւ արդարացուած կը լինէր, եթէ յատուկ «Ազդակ»-ի համար պատրաստուող շաբաթական իմ հերթական յօդուածը նուիրուած լինէր հէնց Արցախեան շարժման 25-ամեակին: Սակայն Գորիսից Երեւան ճանապարհին տեղադրուած երեք վահանակներ` «Սերժ Սարգսեան. դէպի ապահով Հայաստան», «Անդրէաս Ղուկասեան. վե՛րջ շինծու ընտրութիւններին», «Հնարաւոր է. Րաֆֆի», փոխեցին իմ միտքը: Արցախեան շարժման 25-ամեակի եւ Ազրպէյճանում ծայր առած նոր հակահայ դրսեւորումների մասին կը գրեմ յաջորդ շաբաթ:
Փետրուարի 18-ը Հայաստանում նախագահական ընտրութիւնների օր է: Ես այն անուանում եմ քուէարկութեան օր, քանի որ Հայաստանում, լայն հաշուով` ընտրութիւն չկայ: Ամէն ինչ պարզ է` առանց դժուարութեան ու մրցակցութեան, ծափ ու ծիծաղով, Սերժ Սարգսեանը եւս հինգ տարով կը զբաղեցնի նախագահի աթոռը:

Նախագահական այս ընտրութիւնները նախորդ նախագահական ընտրութիւններից տարբերւում էին մի շարք առանձնայատկութիւններով: Բացառութեամբ 1991-ի նախագահական ընտրութիւնների, մնացած բոլոր ընտրութիւնները եղել են մրցակցային, գաղափարական պայքարով լեցուն եւ մինչեւ վերջին պահը ակնյայտ չի եղել, թէ ով է դառնալու նախագահ: Ճիշդ է, նախագահական ընտրութիւններում երբեք ընդդիմութեան թեկնածուն յաղթանակ չի տարել, սակայն եղել է իրական պայքար: Մի քանի անգամ իշխանութիւնները բիրտ ուժ են գործադրել նախագահի աթոռը պահելու նպատակով: Նախագահական նախորդ ընտրութիւններում իշխանութիւնը եւ ընդդիմութիւնը հասարակութեանը բաժանել են երկու հակադիր ճամբարների, որոնց միջեւ հակասութիւնները վերածուել են թշնամանքի: 1996-ի, 2003-ի եւ 2008-ի նախագահական ընտրութիւններից յետոյ ընդդիմութեան եւ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառուեց, տասնեակ քաղաքական գործիչներ եւ ակտիւիստներ լցուեցին բանտերը: 2008-ի ընտրութիւններին յաջորդած օրերին լարուածութիւնը հասաւ գագաթնակէտին, եղաւ մարտի 1, սպաննուեցին 10 քաղաքացիներ:

Այս ընտրութիւններում, աւելի ճիշդ` նախընտրական շրջանում, չկար լարուած, թշնամական իրավիճակ, նախընտրական քարոզարշաւի հատուածը կարելի է բնորոշել որպէս հումորային, անգամ` թատերական: Եղան նաեւ զաւեշտալի պահեր, անգամ մահափորձի դէպք: Ճիշդ է, այդ մահափորձի իրական լինելուն չի հաւատում Հայաստանի բնակչութեան մեծագոյն մասը, գրեթէ ոչ մէկը չի հաւատում: Շատերը այդ մահափորձն էլ են դասում զաւեշտի շարքում: Անկասկած, լաւ է, որ այս ընտրութիւններից յետոյ հայեր չեն սպաննուելու, բանտերը չեն լցուելու քաղբանտարկեալներով, Հայաստանը չի բաժանուելու երկու թշնամի ճամբարների: Սակայն անընդունելի է եւ ներքաղաքական իմաստով վտանգաւոր, երբ Հայաստանում ստեղծւում են այնպիսի պայմաններ, երբ գործող նախագահի` պաշտօնում մնալու հաւանականութիւնը դառնում է գրեթէ 100 տոկոս, իսկ քաղաքական ուժերի մեծագոյն մասը անիմաստ է համարում մասնակցել ընտրութիւններին: Հետեւաբար, սա ընտրութիւն չէ, այլ` քուէարկութիւն:

Աւելին, եթէ նախորդ նախագահական ընտրութիւնները յատկանշական էին դառնում նրանով, որ կեղծւում էին, ապա այս ընտրութիւններում վարկաբեկուել է ընտրութեան ինստիտուտը: Ահա հէնց այստեղ պէտք է յիշել նախագահի թեկնածու Անդրէաս Ղուկասեանին, ով նախընտրական քարոզչութեան ողջ ընթացքում դիմեց քաղաքական ծայրայեղ քայլի` հացադուլի: Ղուկասեանը այն հարիւր հազարաւոր հայերից մէկն է, ով հասկացել ու համոզուել է, որ Հայաստանում նախագահական ընտրութիւնները կեղծւում են, ըստ էութեան` ընտրութիւն չի լինում, հետեւաբար` այսպէս շարունակել չի կարելի: Նրա նախընտրական կարգախօսը` «Վե՛րջ շինծու ընտրութիւններին», հոգեհարազատ են բոլոր այն հայաստանցիներին, ովքեր հասկանում են, որ օրուայ իշխանութիւնների համար ընտրութիւնները վերարտադրուելու միջոց են: Իր` Անդրէաս Ղուկասեանի, ինչպէս նաեւ քաղաքականութիւնից հասկացողների համար ակնյայտ է, որ ազատ, արդար եւ մրցակցային ընտրութիւնների պայմաններում ինքը` Ղուկասեանը, կը հաւաքէր ընդամէնը մի քանի հազար ձայն: Սակայն Ղուկասեանը առաջադրուել է ոչ թէ ձայներ ակնկալելու, այլ իր բողոքը յայտնելու Հայաստանի արատաւոր ընտրական համակարգի դէմ: Հէնց այս ենթաթեքսթում պէտք է դիտարկել դաշնակցական Վահան Յովհաննիսեանի այն մեկնաբանութիւնը, որ իր համար աւելի կարեւոր է Անդրէաս Ղուկասեանի հացադուլը, քան Պարոյր Հայրիկեանի դէմ մահափորձը:

Գորիս-Երեւան ճանապարհին մի քանի տեղ գրեթէ հարեւանութեամբ կամ յաջորդաբար տեղադրուած վահանակները` «Վե՛րջ շինծու ընտրութիւններին», «Դէպի ապահով Հայաստան» եւ «Հնարաւոր է», հաւատալու, յուսալքուելու եւ խորհելու առիթ են տալիս: Ինչո՞ւ են Հայաստանում ընտրութիւնները կեղծւում կամ վերածւում զաւեշտի: Ինչո՞ւ հնարաւոր չէ յաղթել գործող իշխանութիւններին, թէեւ նախագահի թեկնածու Րաֆֆի Յովհաննիսեանը կարծում է, որ «Հնարաւոր է»: Ինչպէ՞ս վերջ տալ շինծու ընտրութիւններին: Ինչպէ՞ս կառուցել ապահով Հայաստան, որտեղ վերադառնան պանդխտութեան ճամբան բռնած հայաստանցիներն ու սփիւռքահայերը եւ ոչ թէ հայրենիքից հայերը շարունակեն արտագաղթել` չհաւատալով Սերժ Սարգսեանի խոստումներին: Այս հարցերին խորը, համապարփակ եւ գիտական պատասխան տալու համար անհրաժեշտ է հաստափոր հատոր հրապարակել: Այժմ փորձենք պատասխան տալ այն հարցին, թէ ինչո՞ւ են փետրուարի 18-ի ընտրութիւնների արդիւնքները կանխորոշուած:

Առաջին. Հայաստանում տնտեսական եւ հետեւաբար քաղաքական մենաշնորհները գտնւում են հիմնականում իշխանութիւնների, մասնաւորապէս` իշխող Հանրապետական կուսակցութեան վերնախաւի կամ նրան յարող օլիգարխների ձեռքում: Սա իշխանութիւններին հնարաւորութիւն է տալիս կառավարել քաղաքական գործընթացները, այդ թւում` ընտրութիւնների ընթացքը:
Նախկին նախագահներ Ռոպերթ Քոչարեանը եւ Լեւոն Տէր Պետրոսեանը եւս ստեղծել էին տնտեսական ու քաղաքական մենաշնորհներ, ունէին իրենց սիրելի օլիգարխները, սակայն Սերժ Սարգսեանը կատարելագործեց եւ գրեթէ հարիւր տոկոսով վերահսկելի դարձրեց այն համակարգը, որ այսօր երբեմն անուանւում է «քրէա-օլիգարխիկ»:

Երկրորդ. 2008-ի մարտեան ողբերգական դէպքերից յետոյ հիմնական ընդդիմութեան` Հայ ազգային քոնկրեսի անդամները գտնւում էին բանտերում, եւ Լեւոն Տէր Պետրոսեանը ինչ-որ տեղ գործարքի գնաց իշխանութիւնների հետ, որպէսզի այդ մարդիկ, որոնք քաղաքական բանտարկեալներ էին, դուրս գան ազատութիւն, միանան իրենց ընտանիքներին: Այս եւ Տէր Պետրոսեանի մի շարք քայլեր ու յայտարարութիւններ յուսալքութիւն ստեղծեցին ընդդիմադիր դաշտում: 2013-ի նախագահական ընտրութիւնների նախօրէին, ընդդիմադիր դաշտ, որպէս այդպիսին, կարելի է ասել չկար:

Երրորդ. խորհրդարանում ներկայացուած ոչ իշխանական ուժերը` Բարգաւաճ Հայաստան, Հայ ազգային քոնկրես եւ ՀՅԴ, չեն մասնակցում այս ընտրութիւններին` ունենալով իրենց պատճառները` հիմնաւոր կամ ոչ: Բարգաւաճ Հայաստանը չդիմացաւ իշխանական ճնշումներին եւ հնազանդուեց Սերժ Սարգսեանի կամքին: Հայ ազգային քոնկրեսը համոզուեց, որ Հայաստանում անհնար է ոչ միայն ընտրութիւններով իշխանութիւն փոխել, այլ անգամ դա հնարաւոր չէ յետընտրական գործընթացներով: ՀՅԴ-ն դեռ ամիսներ առաջ ներկայացրեց այն հիմնաւորումները, թէ ինչու է անիմաստ սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրութիւններին:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«ԱԶԴԱԿ», 18 Փետրուար 2013

Տպել Տպել