Ախալցխայում անցկացվեց սգո միջոցառում Սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակին

ԱխալցխաԱյսօր Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում անցկացվեց սգո միջոցառում նվիրված Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին: Երիտասարդական կենտրոնի ավագ խմբերի սաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը, որից հետո կենտրոնի պատմության ուսուցիչը կարդաց դասախոսություն 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության վերաբերյալ:

Դասախոսության ավարտին երիտասարդները մի քանի ծնողների ներկայությամբ դիտեցին «Սումգայիթ, Սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմը:

Ֆիլմի ավարտին երիտասարդները ծավալեցին քննարկում Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանության եւ Արցախյան ազատամարտի վերաբերյալ, որի ընթացքում բոլոր ներկաները միակարծիք նշեցին, որ 1988թ. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցածը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից:

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԻՇԵՑԻՆ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻՆ

Ախալցխա1
Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում կազմակերպվեց դասախոսություն Սումգայիթյան սպանդի վերաբերյալ: ԱԵԿ-ի Հայոց պատմության խմբակի մասնագետ Վաչագան Ռստակյանը պատմեց այդ ողբերգությանը նախորդած դեպքերի և Արցախյան շարժման մասին: Սրան հաջորդեց ֆիլմի դիտում, ուր առավել մանրամասն ներկայացվեցին Սումգայիթյան դեպքերը:

Ինչպես հատուկ նշեց կենտրոնի տնօրեն Նաիրի Մնացականյանը` ֆիլմն ընտրելուց հատուկ ուշադրություն էր դարձվել այն հանգամանքի վրա, որ ընտրվի այն ֆիլմը, որում հնարավորինս քիչ էին սարսափելի տեսարանները և հավելեց.

Մենք չպետք է այս տեսարանները դիտելուց ընկճվենք և թևաթափ լինենք,այլ այս դաժան պատմության դեպքերը մեզ պետք է համախմբի և համահայկական միասնական ուժերով մեր բողոքի նոտաները հղենք քաղաքակիրթ աշխարհին ու պահանջենք,որպեսզի դատապարտվեն նման վայրագությունները` հանուն արդարության և խաղաղության: Պայքարելով անենք կարելին ու անկարելին մեր ազգի իրավունքների համար,նրանք սպանվեցին մեկ պարզ պատճառով, որովհետև հայ էին:

Միջոցառումը սկսվեց և ավարտվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանայի աղոթքով, որն ուղղված էր իրենց ազգային ու հոգևոր էության պատճառով սպանված նահատակների հոգու հանգստությանը: «Մենք պարտավոր ենք հիշել այս սարսափելի դեպքերը, ինչքան էլ դա ցավալի և ողբերգական լինի»- նշեց տեր Տաթևը:

akhaltskha.net

Տպել Տպել