Մեր նպատակը պետք է լինի ջարդել քաղաքական մենաշնորհը ՀՀ-ում

Աղվան «Երեւան՝ փոխիր Հայաստանը» այս կարգախոսով է Դաշնակցույթունը մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին։ Այս մասին այսօր ասել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։

«Փոփոխություններն սկսվելու են Երեւանից եւ տարածվելու ամբողջ Հայաստանում»,-նշել է Աղվան Վարդյանյանը` տեղեկացնելով, որ մասնագիտական խումբն աշխատում է նախընտրական ծրագրի վրա։

«Մենք պետք է կարողանանք գիտակցել, որ սա ցուցակների առաջին համարների ընտրություն չէ, սա ընտրություն է քաղաքական ուժերի միջեւ։ Ընդամենը 4 տարում ՀՀԿ-ն երեք քաղաքապետ է նշանակել, եւ սա նշանակում է, որ այդ ուժի համար ոչ թե ընտրովի, այլ նշանակովի պաշտոն է»,- նկատել է Աղվան Վարդանյանն՝ ավելացնելով, որ Երեւանի ավագանին պետք է իսկապես լինի դերակատար, եւ, բնականաբար, այս ընտրությունները քաղաքական ընտրություններ են լինելու։

ՀՅԴ-ն խնդիր է դրել այս ընտրություններում իր իրական դիրքերն ընդգծել արդյունքներով, իսկ դա անելու նախադրյալներ կան՝ մասնագիտական թիմ, սկզբունքներ։ Կուսակցույթունն ամեն ինչ անելու է հաղթելու համար։

Անդրադառնալով ընտրություններում ընդդիմության միասնական ցուցակով հանդես գալու հարցին՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ միասին մի ցուցակով գնալը չհաջողվեց, բայց նաեւ առանձնաբար մասնակցությունն էլ կարող է իրավիճակ փոխել։ Նա կրկին խոսել է ավագանու ընտրութուններից առաջ նկատվող բացասական երեւույթների մասին։

Համատիրությունները վերածվել են ընտրական մեխանիզմների. մի շենք չի, որ համատիրություն է, մի քանի շենքեր, մեծ տարածքներ վերածվել են համատիրությունների, և դեռ ընտրությունները չսկսված՝ արդեն կանչում են գրասենյակներ, ցանկեր կազմում:

«Ասում են՝ հաջորդ ընտրությունները լինելու են ավելի լավը, բայց լինում են ավելի վատը: Թաղային հեղինակությունները շրջում են ու ասում՝ ՀՀԿ-ի ընտրություն չի, մեր ախպոր ընտրությունն է: Մարզպետները Երևանում շտաբներ են բացել ու քարոզչությունը դեռ չսկսած՝ գործունեություն են ծավալում»,- ասել է Աղվան Վարդանյանը:

«Արդեն իսկ սկսել են ընտրակեղծիքներ նախապատրաստել։ Ամեն օր մի վարչակազմում հերթական շրջայցեր են տեղի ունենում, բայց սա երեւացող կողմն է, իսկ չերեւացողն այն է, որ իշխանությունը գործի է դրել իր ողջ վարչակազմը։ Ուսուցիչներին, համատիրության նախագահներին հերթով կանչում են կուսակցության գրասենյակներ, ամենախիստ հանձնարարություններ են տալիս, ֆինանսական ռեսուրսներն արդեն կամաց-կամաց գործի են դրվում, մարզպետերը Երեւանում շտաբներ են բացել։ Բայց այսօր մթնոլորտ է փոխվել, եւ ժողովուրդը տեսնում է, որ կարող է ինչ-որ բան փոխվել»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Ըստ բանախոսի՝ ՀՅԴ-ն ֆորմալ առումով 5.5% կուսակցություն է, բայց իրականում ՀՅԴ կշիռը շատ ավելին է, ու ՀՅԴ-ն աշխատելու է ամենժամյա ռեժիմով՝ քաղաքը արդյունավետ կառավարելու պարտավորությունը ստանձնելու համար:

Նրա բնորոշմամբ՝ ՀՅԴ-ն ունի պրոֆեսիոնալ թիմ՝ շատ մեծ հնարավորություններով: Իհարկե, մենք ունեցել են շեղումներ, թերություններ, բայց հիմնական քաղաքական ուղուց չենք շեղվել ու փորձելու ենք քաղաքացուն հասանելի դարձնել ՀՅԴ իրական էությունը: Աղվան Վարդանյանը կոչ արեց այս անգամ վստահել, հավատալ և քվեարկել ՀՅԴ օգտին՝ խոստանալով փոփոխություններ ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում:

Պատգամավերի կարծիքով՝ գուցե լավ է, որ ընդդիմության միավորում չեղավ, այժմ ամեն մեկն իր առավելագույնը կանի, և ընտրություններից հետո հնարավոր է՝ միավորում լինի. «Մեր նպատակը պետք է լինի ջարդել քաղաքական մենաշնորհը ՀՀ-ում»:

Աղվան Վարդանյանի խոսքով՝ ՀՅԴ ցանկը ղեկավարում է ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, հաջորդ համարները երկու փոխներկայացուցիչներն են. «Սա մեր անձնական հեղինակությունն է, և ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար»:

Անդրադառնալով ՀՅԴ ցուցակին՝ թե ինչու ցանկում չկան այնպիսի ակտիվ դեմքեր, ինչպիսիք են՝ Արա Նռանյանը, Լիլիթ Գալստյանը, Ա. Վարդանյանը նշել է, որ Նռանյանը այլ ուղղությամբ է աշխատում, իսկ Լիլիթ Գալստյանը, որ «ակտիվ, լավ աղջիկ է», չցանկացավ ցուցակում լինել, բայց նրա հետ դեռ կաշխատեն:

ՀՅԴ պատգամավորը համամիտ է, որ Տարոն Մարգարյանը ժամանակին լավ թաղապետ է եղել, նա կարող է այս ընտրություններից հետո վերադառնալ և շարունակել համայնքը ղեկավարել: Ըստ նրա՝ ներկայում քաղաքապետարանի մեծ մասը ՀՀԿ-ական է, բայց նույն ՀՀԿ-ականները իրենք շատ լավ գիտակցում են երկրի իրական վիճակը:

«Մենք ունենք մի իրավիճակ, որը պահանջում է հանգուցալուծում: Այսպես շարունակելը լավ բան չի խոստանում: Հանգուցալուծում կարող է լինել միայն քաղաքական դաշտում, քաղաքական համաձայնությամբ: Ինչ-որ մի բան կարծես շարժվել է, մի պահ անջրպետն ավելի խորն էր»:

Ըստ նրա՝ գործող իշխանությունը պակաս պատասխանատվություն չպետք է ունենա առկա իրադրության համար, որովհետև կարող է վեց ամիս հետո այլ բան տեղի ունենալ:

Աղվան Վարդանյանը կրկին հիշեցրել է ՀՅԴ ճանապարհային քարտեզը, որով առաջարկվող սահմանադրական փոփոխություններից հետո հնարավոր կլինի անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի. «Նախագահական ընտրությունների դեպքում տեսնում ենք՝ ինչ է լինում»:

«Թող բանակցեն, լավ է, որ սկսվել է, տեսնենք՝ ինչով կավարտվի»,- ասել է Ա. Վարդանյանը:

Հարցին՝ որտե՞ղ կլինի ապրիլի 9-ին ՀՅԴ-ն, Ա. Վարդանյանը պատասխանել է հարցով. «Դուք գիտե՞ք, թե որտեղ կլինի այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը: Օրը կգա՝ բարին հետը»:

Նա չհամաձայնեց, որ ՀՅԴ-ն բացակայում է Ազատության հրապարակից. «Երկու անգամ հանրահավաքում ելույթներ ենք ունեցել, մենք այն տեսակը չենք, որ միկրոֆոնը տեսնենք, վազենք խոսենք… եթե ասելիք կա և ծրագրային, կարելի է առաջ տանել, մենք դա կասենք: Մենք շփումների մեջ ենք Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա շրջապատի հետ: Բայց չիմանալով Րաֆֆի Հովհաննիսյանի անելիքները՝ դու չես կարող ասել մի բան, ու հետո Րաֆֆի Հովհաննիսյանն անի մեկ այլ բան»:

Տպել Տպել