Հայ դատի հանձնախումբն ու Հելլենական ինստիտուտը կոչ են արել ԱՄՆ-ին ստիպել Թուրքիային վերջ տալ Հայաստանի և Կիպրոսի շրջափակմանը

logo ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելլենական ինստիտուտը կոչ են արել Միացյալ Նահանգների Առևտրի պալատին`ստիպել Թուրքիային վերջ տալ Կիպրոսի և Հայաստաի շրջափակմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցիչ Դեմիտրիոս Մարանտիսին հղած նամակում հելլենական ինստիտուտի նախագահ Նիք Լարիգակիսը և ԱՄՆ Հայ դատի հանձախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը հորդորել են թուրք-ամերիկյան ցանկացած նոր առևտրային համաձայնագրում մտցնել կետ, որը կպարտավորեցնի Անկարային վերջ տալ Կիպրոսի անօրնական շրջափակմանն ու Հայաստանի հետ փակ սահմաններին:

Նրանք ողջունել են նախագահ Օբամայի վարչակազմի առաջնորդությունը ԱՄՆ առևտրային և ներդրումային քաղաքականության ընդլայնման գործում` հիմնված արդար պայմանների և օրենքի գերակայության վրա, սակայն ընդգծել են, որ ԱՄՆ-ի ազգային շահերից, արժեքներից, ինչպես նաև տնտեսական բարվոքությունից չի բխում համագործակցությունը մի պետության հետ, որը կոպտորեն խախտելով գլոբալ առևտրային համակարգի ամբողջականությունը` օկուպացրել է Եվրոպական միության անդամ երկրի և փակ է պահում սահմանը մեկ այլ պետության հետ:

Դեռ անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղեկացրել էր Կոնգրեսին, որ իր վարչակազմը պատրաստվում է առևտրային բանակցություններ վարել Եվրոպական Միության հետ` աշխարհի ամենամեծ ազատ առևտրային գոտին ամրապնդելու համար: Թուրքական լրատվամիջոները դրանից հետո հաղորդել են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անմիջապես նամակ է ուղղել Օբամային` առաջարկելով ԵՄ-ի հետ մեկտեղ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել նաև Թուրքիայի հետ:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել