Հայաստանի՝ Մաքսային միության հետ գործակցության աստիճանի ճշգրտման համար հայ-ռուսական հանձնաժողով է ստեղծվել

YuriNavoyan Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներից ոմանց համար Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հարցը փակված չէ: Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր նաև ինտեգրացիոն գործընթացներին՝ շեշտելով, որ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու: «Գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող չէ՞ հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին»,- հստակեցրել էր ՀՀ նախագահը: Վերջինիս այս խոսքը շատերն ընկալեցին, որպես «ո՛չ Մաքսային միությանը»:

Սակայն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանն ասաց, որ իր կարծիքով՝ խոսքը հրաժարվելուն չի վերաբերում, այլ Մաքսային միության և ապագա Եվրասիական միության հետ համագործակցության կամ ինտեգրվածության մակարդակին: Վերջինս նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսի այդ հատվածից տպավորություն է ստացել, որ նա լույս է սփռում Մաքսային միության հետ համագործակցության աստիճանի ճշգրտման ընթացքի վրա, ու թեև կարծես թե ապագայում ուրվագծվում է դիտորդ-անդամի կարգավիճակ, բայց դեռ վերջնական եզրակացություններ չկան։ Այս հարցով գործում է համատեղ հանձնաժողով և ապրիլին էլ քննարկումների նոր ակտիվ փուլ է սպասվում:

«Այս հարցով համատեղ հանձնաժողովի ստեղծումն արդեն մերժումը բացառող քայլ է, իսկ համագործակցության և ինտեգրման մակարդակի որոշումը պայմանավորված է այդ միավորումների կենսունակ լինելուց և իրական ու փոխշահավետ համագործակցության ուղղությունների որոշումից: Այդ միավորումների հետ համագործակցության քննարկման ձևաչափերի առկայութան պայմաններում Հայաստանի կամ հայության վրա ճնշման մասին խոսելը տեղին չէ, այստեղ արդեն աշխատելու են փաստարկված առաջարկությունները և դրանց վերաբերյալ համաձայնության գալու հնարավորությունները»,- նման կարծիք հայտնեց ռուսաստանաբնակ Յուրի Նավոյանը:

Նա նշեց, թե կան որոշակի մոտեցումներ՝ Ռուսաստանի նախաձեռնած նոր ինտեգրացիոն նախագծերում Հայաստանը բավարար չափով ակտիվ չէ, կամ էլ ընդհակառակը` դրանց մասնակցելով սահմանափակելու է իր զարգացման հնարավորությունները: Սակայն, նրա խոսքերով, ինտեգրումը ենթադրում է տարբեր աստիճաններ՝ թե՛ ռազմաքաղաքական և թե՛ առևտրատնտեսական ոլորտներում, և Հայաստանը եվրոպական ու եվրասիական ուղղություններով հենց այդ ատիճանները որոշող գործընթացների մասնակիցն է:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ տեղի ունեցող ակտիվ բանակցություններին՝ նա նշեց, որ տարբեր ուղղություններում համագործակցության խորացմամբ Հայաստանը հետաքրքիր գործընկեր կլինի բոլորի համար: «Օրինակ, չեմ կարծում, թե ենթադրենք, Ռուսաստանի հետ լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանը ավելի գրավիչ գործընկեր կարող է լինել Եվրոպայի համար: Կամ էլ, ենթադրենք, մեկուսացման մեջ գտնվող Հայաստանը ավելի հրապուրիչ գործընկեր կլինի Ռուսաստանի համար:

Ուստի Հայաստանն, իր շահերից ելնելով, մասնակից է տարբեր ինտեգրման գործընթացների` առանց դրանք իրար հակադրելու: Օրինակ, Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ լինելով՝ Հայաստանը դիտորդ է ԵվրԱզԷՍ-ում, ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին զուգահեռ էլ միացավ ԱՊՀ ազատ առևտրի գոտու պայմանագրին: Իհարկե, նոր փուլին ավելի պատրաստ լինելու համար անհրաժեշտ է արդյունավետ քաղաքական համակարգի վրա հենվող կենսունակ պետական կառույց, որպեսզի համագործակցության զարգացման և ինտեգրման տարբեր գործընթացներն իր շահերի հետ համադրելու համար Հայաստանը բավարար ներուժ ունենա»,- ասաց «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:

1in.am

Տպել Տպել