Դաշնակցությունը պատրաստ է գործով ցույց տալ ` ինչի է ընդունակ

Arsen-HambarcumyanՄեր հարցերին ի պատասխան՝ Դաշնակցության քարոզչական մարտավարությանը եւ մայրաքաղաքի զարգացման ծրագրերին անդրադառնում է Երեւանի ավագանու ցուցակի 3-րդ հորիզոնականն զբաղեցնող Արսեն Համբարձումյանը

-Քարոզարշավի հետ կապված, մշակել ենք որոշակի մարտավարություն՝ քարոզարշավն իրականացնում ենք երեք փուլով՝ տարբեր ձեւաչափերով եւ տարբեր մոտեցումներով։

Առաջին փուլում հիմնական շեշտադրումը դնում ենք տնային այցելությունների վրա. մեր քարոզիչները, ավագանու անդամների թեկնածուները այցելում են տուն առ տուն եւ Դաշնակցության ծրագրերը, մոտեցումները, առաջարկները ներկայացնում անմիջականորեն մեր ընտրողներին։ Հաջորդ փուլի համար ծրագրում ենք բակային հանդիպումներ տարբեր ձեւաչափերով, քայլերթեր, շրջիկ մեքենաներով քարոզարշավ, որից հետո կփորձենք ավելի լայն ձեւաչափերով, հանրահավաքային եղանակով եզրափակել նախընտրական քարոզչությունը։

-Բոլոր քաղաքական ուժերը գրեթե նույն բանն են ասում՝ ավելի բարեկարգ, հարմարավետ Երեւան, մաքուր, լուսավոր փողոցներ եւ շքամուտքեր, վերանորոգված տանիքներ եւ այլն։ Որո՞նք են Դաշնակցության ծրագրային առաջնահերթությունները՝ ինչո՞ւ պետք է երեւանցին քվեարկի ձեր օգտին։

-Բնականաբար քաղաքական ուժերի ծրագրերում կան ընդհանրություններ, բայց կան նաեւ որոշակի տարբերություններ, եւ մեր ծրագիրն այդ առումով, կարծում եմ, շահեկանորեն առանձնանում է։ Սեղմ ծավալի մեջ մենք փորձել ենք ներկայացնել այն կարեւորագույն խնդիրները, որոնց լուծմանը մտադիր ենք ձեռնամուխ լինել՝ ներկայացված լինելով ավագանու կազմում։

Կցանկանայի մատնանշել մի քանի կարեւոր դրույթներ, որ առաջ է քաշել Դաշնակցությունը իր ծրագրում՝ մասնավորապես, սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման, տարեցների ցերեկային խնամքի, ծրագրային բյուջետավորման անցում կատարելու հետ կապված։

Այսօր Երեւանում ծախսերը կատարվում են հիմնականում նախահաշիվների հիման վրա։ Նաեւ դրանով են պայմանավորված ամենատարբեր ծախսային ուղղություններով կատարվող ոչ արդյունավետ ծախսերը, որոնց մասին քարոզարշավի ժամանակ բարձրաձայնում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Դրա հիմնական պատճառներից մեկը հենց ծրագրային բյուջետավորման բացակայությունն է։ Եթե ուզում ենք փոխել իրավիճակը՝ ավելացնել ծախսերի արդյունավետությունը եւ թափանցիկությունը, քաղաքի բյուջեն առավելագույնս արդյունավետ տնօրինել եւ տեսանելի արդյունքներ ունենալ, պետք է անցնենք ծրագրային բյուջետավորման սկզբունքին։

Բացի դրանից, մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ ավագանու «հսկիչ փաթեթը» ստանալու դեպքում ընդդիմությանը վերապահել բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որովհետեւ, անկախ նրանից, թե ով է մեծամասնություն, ով՝ փոքրամասնություն, միայն հակակշիռների, զսպումների, վերահսկողական ճիշտ մեխանիզմներ որդեգրելու պարագայում է հնարավոր ակնկալել արդյունավետ աշխատանք, այդ թվում՝ մայրաքաղաքի խորհրդարանում։

-Հանրապետականները, մեղմ ասած, վերապահումով են մոտենում իշխանափոխությունը Երեւանից սկսելու հավակնություններին՝ ասելով, որ ընդդիմությունը մայրաքաղաքը պատկերացնում է որպես պետություն պետության մեջ, ինչը առնվազն իրատեսական չէ։ Համաձայն չե՞ք այդ տեսակետին։

-Իրողությունն այն է, որ բնակչության թվով, տնտեսական ներուժով եւ մի շարք այլ պարամետրերով մայրաքաղաքը բավական լուրջ կշիռ ունի։ Եվ եթե Երեւանի կառավարումն անցնի այլ քաղաքական ուժի, այսինքն՝ հնարավոր լինի ձերբազատվել իշխող կուսակցության իշխանությունից, տվյալ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչն ամեն ինչ անելու է՝ ապացուցելու համար, որ հնարավոր է ավելի լավ աշխատել եւ առկա իրողությունների պայմաններում անգամ ավելի լավ արդյունքներ ցույց տալ։

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ դեպքում իշխող կուսակցության բոլոր հիմնավորումները, փաստարկները, թե հնարավոր չէ ավելին անել, քան այն, ինչ այսօր արվում է հանրապետական մեծամասնության կողմից, ուղղակի հօդս կցնդեն։ Այդ պարագայում, վստահ եմ՝ ե՛ւ մայրաքաղաքի, ե՛ւ երկրի համար առողջ այլընտրանք կձեւավորվի, ի վերջո՝ նաեւ համեմատության համար շատ լավ դաշտ կստեղծվի, որովհետեւ մի բան է խոստումներ տալ, խոսել ծրագրերի մասին, բոլորովին այլ բան՝ այդ ծրագրերը կյանքի կոչել եւ գործով ապացուցել, որ հնարավոր է ավելին անել եւ ավելի լավ անել։

-Քաղաքային իշխանությունն ունի՞ բավարար անկախություն՝ Երեւանի առջեւ ծառացած խնդիրներն ինքնուրույն լուծելու եւ իրավիճակի արմատական փոփոխություն արձանագրելու համար։

-Եթե քաղաքապետը լինի այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, նույնիսկ գործող օրենսդրության պայմաններում ունի գործելու ազատություն եւ կարող է դրսեւորել իրեն, ի ցույց դնել իր ունակությունները։

Ի՞նչ ունենք այսօր. քաղաքապետը ՀՀԿ ներկայացուցիչ է, Հանրապետականը Երեւանի ավագանիում ունի մեծամասնություն, եւ այս պարագայում քաղաքապետի պաշտոնը, ըստ էության, նշանակովի է դառնում։ Անցած 4 տարում Երեւանը ունեցել է 3 քաղաքապետ, եւ առնվազն երկրորդի պարագայում քաղաքապետը փոխվել է առանց որեւէ հիմնավորման։

Իրավիճակն այլ կլիներ ընդդիմադիր քաղաքապետի պարագայում՝ առանց հիմնավորումների կամ այլեւայլ պատճառներով հնարավոր չէր լինի ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անել եւ նոր քաղաքապետ նշանակել։

Բայց քանի որ ունենք մեծամասնության իշխանություն, դե յուրե ավագանու կողմից ընտրվող քաղաքապետը դառնում է դե ֆակտո նշանակված քաղաքապետ, ինչը աղճատում է ոչ միայն օրենքի տրամաբանությունը, այլեւ կաշկանդում քաղաքապետի գործունեությունը։ Իմանալով, որ ցանկացած պահի տարբեր պատրվակներով կարող են հրաժարական պարտադրել, քաղաքապետը հաշվի է նստում իրողությունների հետ եւ ստիպված է լինում սպասարկել այն մարդկանց շահերը, ովքեր կարող են ազդել իր եւ իր կայացրած որոշումների վրա։ Այսինքն՝ ծառայում է ոչ թե քաղաքացիներին, այլ իրեն նշանակողներին։

Դրա համար էլ ասում ենք՝ Երեւանը պետք է ունենա ավագանու կողմից ընտրված քաղաքապետ, որն ունի անկաշկանդ գործելու հնարավորություն եւ հաշվետու է միայն Երեւանին ու երեւանցիներին։

-Ընդդիմադիր ուժերին, այդ թվում՝ Դաշնակցությանը, քննադատում են ընտրողների հետ «ազնիվ չլինելու» համար։ Ասվում է, թե ընդդիմադիր ուժերը չեն շտապում բացահայտել քաղաքապետի իրենց թեկնածուի անունը։

-Կարծում եմ, ընտրողները պիտի դատեն այս կամ այն քաղաքական ուժի անկեղծության մասին։ Մենք, համենայն դեպս, անկեղծ ենք մեր ընտրողների հետ՝ ներկայանում ենք այն թիմով, որով պատկերացնում ենք մեր աշխատանքը Երեւանի ավագանիում հաջողության հասնելու դեպքում։ Բնականաբար համապատասխան քվոտաներ ապահովելու պարագայում մեր թեկնածուն Արմեն Ռուստամյանն է՝ նրա դեմքով ենք ներկայանում եւ որեւէ մեկի թիկունքում «թաքնվելու» խնդիր չունենք։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»

Տպել Տպել