Այս մոդելը ուզում ենք կիրառել Երևանում, որպեսզի ցույց տանք, թե Հայաստանում ինչպես է դա հնարավոր

ԱրծվիկԱռաջիկա ավագանու ընտրություններում ՀՅԴ քարոզարշավի, ընտրած մարտավարության և ծրագրում ընդգրկված մի քանի առանցքային դրույթների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

– Պարոն Մինասյան, ինչպե՞ս կգնահատեք Դաշնակցության քարոզարշավի մեկնարկը և ի՞նչ մարտավարություն է կիրառվում:

– Սկզբնական մեր քարոզարշավի մեկնարկը ծրագրված էր մեծ միջոցառումներով, սակայն մեր ընկերոջ` արցախյան պատերազմի հերոս, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության հետ կապված խնդիրներով մենք հրապարակային միջոցառումները հանեցինք, փոխարենը` ընտրելով մեղմ մտնելու և շռնդալից դուրս գալու տակտիկան: Մենք սկսեցինք քարոզարշավը հեռուստաեթերներով, հարցազրույցներով, ինտերնետային կայք-էջերին մեր ծրագիրը ներկայացնելով: Այս շաբաթվանից սկսում ենք բակային հանդիպումները և յուրաքանչյուր վարչական շրջանում նախատեսում ենք ծրագրված ավելի մեծ միջոցառումներ: Կեզրափակենք համաերևանյան հանրահավաքով:

– Բակային հանդիպումները որքանո՞վ են արդյունավետ անցնում:

– Կարծում եմ, որ արդյունավետ պետք է լինի, որովհետև բակային հանդիպումները հնարավորություն են տալիս ուղղակի շփման մեջ մտնել քաղաքացիների հետ, երկրորդ` ներկայացնել ծրագրերն ավելի առարկայական և երրորդ` ներկայացնել նաև տեղային առանձնահատկությունը` թե ինչպես կարող են լուծվել տվյալ բակի, թաղամասի կամ վարչական շրջանի խնդիրները, եթե դաշնակցությունը քաղաքապետ ունենա:

– «Դաշնակցության» ծրագրում նախատեսվում է ընդլայնել վարչական շրջանի աշխատակազմի լիազորությունները, գործելու իրական դաշտ տալ նրանց: Ի՞նչ «լիազորությունների» և ի՞նչ «իրական դաշտի» մասին է խոսքը:

– Առաջինը խոսքը գնում է ֆինանսական հոսքերի մասին: Այսօր Երևանի բյուջեի 80 մլրդ ծախսերի մեջ վարչական շրջանների ծախսն ընդամենը կազմում է 20 մլրդ դրամ: Մնացած 60 մլրդ-ը ծախսվում է կենտրոնական կետից` քաղաքապետարանից: Իսկայդ 20 մլրդ-ից էլ, որ նայում ենք, վարչական շրջանի ղեկավարների և պատասխանատուների ուղղությունները, չենք տեսնում կոնկրետ ներդրումային ծրագրեր: Ընթացիկ ծախսեր են, որոնք վերաբերում են վարչական ապարատների պահպանմանը, աղբահանությանն ու շրջակա միջավայրի պահպանմանը: Բայց գլոբալ խնդիրներ, որոնք կբերեն վարչական շրջանների համաչափ զարգացմանը, մենք չենք տեսնում: Երկրորդը` վարչական շրջաններին կից ստեղծվելու են խորհուրդներ, որոնք վերահսկելու են վարչական շրջանների ղեկավարների գործունեությունը: Եվ երրորդ հարթությունը` դա ուղիղ պատասխանատվությունն է համատիրությունների և բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգում:

– Դուք ներդրումային ի՞նչ ծրագրեր ունեք:

– Այսօր Երևանի ավագանին և քաղաքապետը օրենքով չունեն լիազորություններ աշխատատեղերի ստեղծման և ներդրումային ծրագրերի ապահովման հարցում: Մենք ուզում ենք, որպես կառավարման մի կարևոր մշակույթ, դաշնակցական քաղաքապետը ստանձնի պատասխանատվություն, որ յուրաքանչյուր ծրագիր իրականացնելու է` որպես արդյունքային ցուցանիշ ունենալով աշխատատեղերի ստեղծումը և դրա հատկապես ուղղորդումը երիտասարդներին, սակավաշարժ անձանց ու փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին:

– Աշխատատեղեր ո՞ր ոլորտում և ինչպե՞ս եք նախատեսում ստեղծել:

– Մեր ծրագրով նախատեսված շուրջ 120 հազար աշխատատեղի մեջ մեծ մասը կազմելու է փոքր և միջին բիզնեսի այն հատվածը, որն արժեք է ստեղծում արդյունաբերության ոլորտում և որից ածանցվելու է ծառայությունների հատվածը: մեկ օրինակ բերեմ: Օրինակ, եթե մենք ժողովրդական արվեստների հատվածը զարգացնում ենք, հատկապես վարչական հեռավոր շրջաններում, հնարավորություն ենք տալիս նաև դրանց շուրջ ձևավորել ծառայությունների նոր համալիրներ, ենթակառուցվածքների նոր զարգացման տեմպեր: Մենք ակնկալում ենք, որ Երևանի համախառն ներքին արդյունքը կարող ենք կրկնապատկել:

Կարևոր աղբյուր է Երևանի ուղղակի մասնակցությունը բիզնես պրոյեկտներում, ինչպիսին, օրինակ, բաժնետեր լինելն է, հատկապես, խոսքը գնում է տրանսպորտային համակարգում ներդրումների մասին: Երևանը չունի միասնական տրանսպորտային համակարգ, կան առանձին ավտոբուսների մի քանակություն, որոնց ընդամենը 50 տոկոսն է այսօր օգտագործվում, երթուղային տաքսիներն ամբողջությամբ տրված են մասնավորներին, իսկ Երևանը կապ չունի դրա հետ: Մետրոպոլիտենի զարգացման ծրագրերում Երևանի դերակատարությունը նվազագույնի է հասցված: Եվ մի կարևոր ուղղութուն` տրոլեյբուսները, որն այսօր գրեթե զրոյական վիճակում է: Այս բոլորը միասնական համակարգ դիտարկելու դեպքում հնարավոր է մասնավորին էլ հրավիրել և Երևանի ուղղակի մասնակցության միջոցով ապահովել շահութաբեր գործունեություն: Հաջորդ ուղղութունն առանձին ծրագրերի իրականացումն է: Խոսքը Սփյուռքաահայերին Երևանում կոնկրետ ծրագրեր առաջարկելու և նրանց ներգրավելու մասին է:

– Այդ բիզնես ծրագրերն արվելու են մասնավորի հետ միասի՞ն:

– Այո, մասնավորի ներգրավմամբ, որպեսզի մասնավորը կարողանա իր ռեսուրսները ներդնել նաև Երևանի զարգացման գործում: Այսինքն` պարզ է, Երևանի բյուջեն չի կարողանա այդ բեռի տակից դուրս գա: Երևանն անուղղակի պայմաններ է ստեղծում, դառնում է վերահսկողական մեխանիզմներով օժտված, դառնում է նաև եկամուտներ ստացող:

– Մասնավորին դա ինչո՞վ է ձեռնտու լինելու:

– Մասնավորին ձեռնտու է լինելու, որ Երևանը տալու է տեղական վճարների և տուրքերի մասով ավելի արտոնյալ պայմաններ, խրախուսելու է, որպեսզի վարչական շրջաններում այդ բիզնես կառույցներն ավելի վստահ աշխատեն և երկրորդ շեշտադրումը` Երևանի ավագանին պետք է պատասխանատվություն վերցինի իր վրա` անձանց սեփականատվության իրավունքի պաշտպանության հարցում, այլ ոչ թե թողնի կամայականության, ինչպես այսօր է կատարվում` ով ասես, երբ ասես կարող սեփականության իրավունքից զրկել ներդրողին:

– Ծրագրում նախատեսվում է նաև սոցիալական բնակֆոնդի վերականգնում: Կմանրամասնե՞ք:

– Սա մեր կարևորագույն սոցիալական ծրագիրն է: Մենք համարում ենք, որ սա Երևանն ավելի բարեկեցիկ դարձնելու ամբողջական հայեցակարգի մի մասն է: Սոցիալական բնակֆոնդը երեք հիմնական սխեմա է առաջարկելու մեր քաղաքացիներին: Էությունն այն է, որ այն անձինք, ովքեր երիտասարդ ընտանիքներ են կազմում և չունեն աշխատանք, նախ ապահովվելու են աշխատատեղով նախորդ ծրագրի շրջանակներում, այնուհետև ապահովելու է նրան բնակարանով` երիտասարդն ինքը կարող է ընտրել` կամ ձեռք բերել, կամ երկարաժամկետ էժան վարկավորմամբ ձեռք բերել, կամ մնալ այնքան ժամանակ, որպեսզի ինքն առանձին բնակարան գնի և տեղափոխվի: Այս մոդելը ուզում ենք կիրառել Երևանում, որպեսզի ցույց տանք, թե Հայաստանում ինչպես է դա հնարավոր:

– Վերադառնանք տրանսպորտային խնդիրներին առնչվող դրույթին, դրանց լուծման ի՞նչ ուղիներ եք տեսնում:

– Սա կոչվում է միասնական սակագնային ցանցային տրանսպորտային համակարգ: Բոլոր հանրային տրանսպորտի միջոցները պետք է դիտարկվեն մեկ ամբողջության մեջ: Շղթան որևէ տրանսպորտով մտնելու դեպքում պետք է եզրափակվի մյուսով` Երևանի ցանկացած հատված հասնելու հնարավորությամբ: Բազմասակագնային մեթոդի էությունն այն է, որ եթե Դուք օրինակ, ցանկանում եք վերցնել մեկ շաբաթով, կամ մեկ ամսով այնպիսի տոմս, որը ձեզ հնարավորություն կտա օգտվել տրանսպորտի բոլոր միջոցներից, դա էականորեն էժան կլինի: Այս ամբողջական շղթան կղեկավարվի մի կետից` ներգրավելով նաև մասնավոր հատվածին:

– Մասնավորի հետ ինչպե՞ս է կայանալու պայմանավորվածությունը:

– Երևանի ավագանին հնարավորություն ունի հավելյալ պահանջներ սահմանելու: Եթե մասնավորն այդ պայմաններին կբավարարի, մենք որևէ խնդիր չունենք, որ մասնավորն ինքը շարունակի իր գործունեությունը:

– Բայց այդ պարագայում մասնավորի եկամուտը կնվազի, այդպես չէ՞:

– Ոչ, մեր կարծիքով չի նվազի, թե տնտեսությունը կշահի, թե բնակիչը, քանի որ այսօր երբ ամեն մեկն առանձին-առանձին է մասնակցում, թե´ ֆիկսված ծախսերը, թե´ փոփոխական ծախսերը չափազանց բարձր են, բայց երբ միասնական ցանց ենք դիտարկում, հաստատուն կամ ֆիկսված ծախսերն էականորեն էժանանում են:

Հարցազրույցը` Դավիթ Պետրոսյանի
panorama.am

Տպել Տպել