Պաշտոնը չպետք է փակի մարդու աչքերը

Alesja-BeganyanYerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ցուցակով ավագանու անդամի թեկնածու Ալեսյա Բեջանյանը:

-Ինչո՞ւ որոշեցիք, որպես թեկնածու, մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

– Կուսակցությունն է ինձ առաջարկել ընդգրկվել ավագանու թեկնածուների շարքում: Կուսակցությունն ինձ նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ առաջարկեց պատգամավորության հայտ ներկայացնել, բայց քանի որ ես երկքաղաքացի եմ, չկարողացա մասնակցել` օրենքը թույլ չի տալիս:

– Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է կայացած ավագանու ինստիտուտը:

– Կարծում եմ` այն չկայացած ինստիտուտ է առ այսօր: Պարզվում է` մեր դիմացի շենքում բնակիչներից մեկը ներկայիս ավագանու անդամ է, որին, սակայն, չեմ ճանաչել: Չեմ ասում, որ ավագանուն պետք է հանրապետությունով մեկ ճանաչեն, բայց գոնե իր վարչական շրջանում պետք է իմանան: Կարծում եմ` նա պետք է հայտնի դառնա իր գործով: Ամենակարեւորը` ցանկացած մարդ պաշտոն ստանալիս պետք է իրականությունից չկտրվի, այսինքն` եթե ես շարքային քաղաքացի եմ եւ տեսնում եմ, որ վերելակը լավ չի աշխատում, բակն ասֆալտապատ չէ, ծառերը չորանում են, երբ ավագանի դառնամ, այդ ամենը պետք է նորից տեսնեմ, այլ ոչ թե չտեսնելու տամ: Բայց նաեւ պետք է կարողանամ ինձ տրված հնարավորությամբ այդ բացասական իրականության դեմ պայքարել: Մինչ այս հակառակն է եղել, եւ ավագանու անդամներն ինչ-որ նախաձեռնություններով հանդես չեն եկել: Կարեւոր է նաեւ, որ ավագանու անդամն իր համայնքի բնակիչների բողոքները հավաքի եւ դրանք ներկայացնի նիստերին, որ հարցերը լուծում ստանան:

– Ինչպե՞ս կգնահատեք գործող ավագանու աշխատանքը:

– Անշուշտ, արված աշխատանք կա` տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, ծաղիկներն են ավելացել, բայց սա միայն տեսանելի է Կենտրոնում: Մյուս կողմից, երբ պարզվում է, թե դրանք իրականացնելու համար որքան գումար է ծախսվել, մի քիչ երկրորդ պլան է անցնում արված գործը. արվել է աշխատանք, բայց ի՞նչ գումարի դիմաց, եւ ի՞նչ աշխատանք է արվել: Ներկայիս ավագանու աշխատանքը կգնահատեի ոչ բավարար:

– Ի՞նչ նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ եւ ի՞նչ անելիքներ եք տեսնում:

– Նախ պետք է հասկանանք, որ Երեւանը միայն Կենտրոնը չէ, այլեւ` վարչական շրջանները, որոնք ավելի մեծ են եւ ուշադրության կարոտ: Վարչական շրջաններ կան, որտեղ ճանապարհները վատն են, լուսավորության, կանաչապատման, վերելակների խնդիր կա: Սրանք այն հարցերն են, որոնց ամեն օր բախվում է քաղաքացին, եւ սկզբից հենց այս հարցերը պետք է լուծենք: Եթե ես դառնամ ավագանու անդամ, առաջին քայլս կլինի կապեր հաստատել իմ վարչական շրջանի ավագանու անդամների հետ` կապ չունի նա ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչ կլինի: Կփորձեմ կապեր հաստատել համայնքում մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ երկու պատգամավորների հետ, որպեսզի հարկ եղած դեպքում առկա խնդիրները օրենսդրական դաշտ տեղափոխվի, կհամագործակցեմ նաեւ վարչական շրջանի ղեկավարի հետ: Այսինքն` որպես ավագանու անդամ` դու միայնակ չես կարող ինչ-որ բան անել, անհրաժեշտ է համագործակցել շրջանի բոլոր պատասխանատուների հետ` համակարգված առավել հեշտ ու արդյունավետ աշխատելու նպատակով:

-4-5 տարի հետո ինչպիսի՞ Երեւան կուզեիք, որ ավագանին թողներ իր հաջորդներին:

– Կուզեի, որ գալիք սերունդը խոսեր ավագանու արած աշխատանքի մասին եւ արձանագրեր, որ ավագանին, իրոք, աշխատանք է կատարել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
yerkir.am

Տպել Տպել