Հայ Յեղափոխական Դաշնակցության քայլերթը Նոր Նորքում

երթԵրևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ-ն այսօր քայլերթ էր կազմակերպել Նոր Նորք վարչական համայնքում: Այստեղ առաջադրված են ՀՅԴ-ական 3 թեկնածուներ՝ Ենոք Աբրահամյանը, Լևոն Գաբրիելյանը և Արա Բաղրամյանը:

ՀՅԴ ավագանու թեկնածուների և դաշնակցական երիտասարդների մասնակցությամբ քայլերթը մեկնարկեց Նանսեն փողոցում գտնվող ՀՅԴ նախընտրական շտաբից: Թեև եղանակն անբարենպաստ էր և փողոցներում շատ մարդիկ չկային, սակայն, ինչպես yerkir.am-ին հավաստիացրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դա իրենց բնավ չէր ընկճում:

Թեկնածուները բուկլետներ էին բաժանում քաղաքացիներին, զրուցում նրանց հետ: Բնակիչներից շատերն իրենց հիասթափությունն էին հայտնում գործող կառավարությանը, ոմանց անգամ չէր էլ հետաքրքրում ավագանու ընտրությունները, շատերն անտեղյակ էին համայնքում առաջադրված քաղաքապետի թեկնածուներից.

Լավ է, որ շրջում են, բուկլետներ բաժանում, գոնե կկարդանք՝ կիմանանք նրանց ծրագրերի մասին,-մեզ հետ զրույցում անկեղծացավ բնակիչներից մեկը:

Քայլերթի մասնակիցներն այցելեցին նաև ԲՀԿ և ՀՀԿ տարածքային շտաբեր: ՀՀԿ շտաբում ՀՅԴ-ականները ջերմ ընդունելության արժանացան, բուկլետներ փոխանակեցին: Նույնը չի կարելի ասել ԲՀԿ շտաբի մասին. այստեղ, երբ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, Երևանի ավագանու թեկնածու Աղվան Վարդանյանը հորդորեց, թե Դաշնակցությանը կընտրեք, ԲՀԿ-ական երիտասարդները պարզապես կարկամեցին:

Ավագանու թեկնածուները շրջեցին նաև Նորքի տոնավաճառում, կարծիքներ փոխանակեցին վաճառողների հետ:

Նոր Նորք համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն առաջնայինը՝ սոցիալականն ,-yerkir.am -ի հետ զրույցում ասաց Նոր Նորք համայնքում առաջադրված ավագանու ՀՅԴ-ական թեկնածու Լևոն Գաբրիելյանը:

Նրա խոսքով, այսօր մեր մայրաքաղաքում անպատժելության մթնոլորտ է տիրում.

Նոր Նորքը Երևանի թոքերից մեկն է, որն առանձնանում է կանաչապատ տարածքներով: Սակայն վերջին տարիներին ծառահատումներն ավելացել են: Հատկապես կցանկանայի շեշտել Կենդանաբանական այգուց դեպի Նորք բարձրացող ճանապարհին գոյացող շենքերի մասին, որոնք կառուցվեցին ուռիների պուրակի հաշվին: Խոսակցություններ են պտտվում, որ այդ շինությունները պատկանում են օլիգարխներից մեկին,- ասաց նա և հավելեց, որ պետք է պայքարել նման երևույթների դեմ:

Գաբրիելյանը քաղաքացիներին կոչ արեց մայիսի 5-ին գիտակցելով գնալ ընտրության, որ, ի վերջո, հասկանան, թե ինչպիսի Երևան են ուզում:

ՀՅԴ քայլերթը դիտեք տեսանյութում:

yerkir.am

Ընդդիմադիր քաղաքապետն ուզած-չուզած լավ է աշխատելու

Մեր երկիրն ունի մեկ պրոբլեմ` ոչ մի պաշտոնյա չի հայտնվում իր պաշտոնում, որպեսզի իրականացնի իր պաշտոնից պահանջվող գործառույթները: Ոչ մի նախարար, ոչ մի մարզպետ եւ ոչ մի քաղաքապետ, ցավոք սրտի, մինչ հիմա չեն հայտնվում այդ պաշտոնում, որպեսզի կարգի բերի իրենց վստահված ոլորտը` լինի դա մարզ, նախարարություն, թե քաղաք. Ավանում այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Հայաստանում իշխանավորները հայտնվում են իրենց պաշտոններին, որպեսզի ապահովեն իշխանությունների վերարտադրվելը: Նույնն էլ, նշեց Հովհաննիսյանը, կատարվել է այնպիսի ընտրովի պաշտոնների հետ, ինչպիսիք երեւանի քաղաքապետը, կամ ավագանին են:

«Ցավոք սրտի, Երեւանը, որ մեր հասարակության ամենաըմբոստ, ընդդիմությանն ամենահակված մասն է, լուրջ պրոբլեմենր առաջացնելով իշխանության համար, հայտնվել է իշխանության հատուկ ուշադրության կենտրոնում: Դրա համար նրանք ամեն ինչ անում են, որ Երեւանի քաղաքապետին պահեն իրենց ձեռքում: Երեւանցի քաղաքապետը ձեր երկրացի է` ավանցի տղա է, եւ որպես անհատ, մենք նրա դեմ ոչինչ չունենք, նա նորմալ մարդ է, բայց հայտնվել է մի համակարգի մեջ, որտեղ նրան ոչ ոք չի էլ թողի, եթե անգամ նա ուզի, Երեւանը փրկել այս վիճակից: Որովհետեւ նրա առջեւ դրված հիմնական խնդիրն է ապահովել, որ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն բոլորից շատ ձայն հավաքի, ապահովել, որ նախագահական ընտրություններում Հանրապետականի թեկնածուն հաղթի»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ արդեն ժամանակն է, որ խոսքերից գործի անցնենք ու կարողանանք մաքրել այս երկիրը` սկսելով Երեւանից: Նա մանրամասնեց, որ եթե քաղաքապետը եղավ ընդդիմության ներկայացուցիչ, ուզի թե չուզի լավ է աշխատելու` շատ ավելի լավ է աշխատելու, քան ցանկացած հանրապետական, եթե նույնիսկ այդ հանրապետայկանը չտեսնված կրթություն ունի եւ շատ լավ մարդկային հատկանիշներ:

«Որովհետեւ նա լինելու է այսօրվա իշխանության ուշադրության կենտրոնում, իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ մարդու սխալբերը բռնի, նրան ինչ-որ ձեւով հեռացնի պաշտոնից, անվստահություն հայտնի եւ կամ ուղղակի խայտառակի` ցույց տալով, թե դուք մեզանից լավը չեք»,- պարզաբանեց Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ այդ դեպքում այն սխալները, որոնք այսօր ամենուր են, սկսած աղբահանությունից, մինչեւ կանաչապատում, այլեւս չեն լինի:

Ցանկացած քաղաքապետ, այսպես թե այնպես, քաղաքականացված պաշտոնյա է, որովհետեւ պաշտոնը ստանձնում է ընտրությունների միջոցով. ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ի պատասխան բնակիչներից մեկի հարցի, թե ինչո՞ւ պետք է քաղաքապետությունը քաղաքական պաշտոն լինի:

Այնուհետեւ Վահան Հովհաննիսյանը պարզաբանեց, որ կապ չունի, թե քաղաքապետը ինչ կուսակցության ներկայացուցիչը կլինի, այլ կարեւոր է, որ նա աշխատի, կատարի իր պարտականությունները եւ լինի ազնիվ:

yerkir.am

ՀՅԴ-ն որոշումների ընդունումը կիրականացնի տեղական հանրաքվեների միջոցով

ՀՅԴ-ն Երեւանի ավագանու ընտրություններն առաջին հերթին որպես քաղաքական ընտրություններ է դիտարկում, որն իր դերով, իր հնարավորություններով հետագայում պետք է արժեւորի փոփոխություններն ամբողջ երկրով մեկ. Կենտրոն Համայնքում` Հերացի փողոցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա հանդիպման մասնակիցներին ասաց, որ իրենց հաղթելու դեպաքում ՀՅԴ-ն իր ընդդիմադիրներին, որոնք այդ դեպքում, հավանաբար կլինեն իշխող ՀՀԿ-ն իր կոալիցիոն մյուս գործընկերոջ հետ միասին, կզիջեն իրենց վերահսկելու դիրքերը:

«Այսինքն մենք պատրաստ ենք մեզ վերահսկելու իրավասությունը տալ մեր ընդդիմախոսներին, որ նրանք հասկանան, թե որքան կարեւոր է, երբ ընդդիմությունն ու իշխանությունը կարողանում են փոխադարձ զսպումների համակարգով երկրում կայունություն բերել»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Նա հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նաեւ ՀՅԴ ծրագրային կարեւորագույն դրույթներից մեկը` երեւանցիների տեսակետն անմիջականորեն հաշվի առնելը: Մաշտոցի պուրակի, քաղաքաշինական բազմաթիվ խնդիրների օրինակով Մինասյանը նշեց, որ նման խնդիրները անընդհատ կոնֆլիկտների են բերում եւ երեւանցիների ոչ միայն նյարդերի հետ են խաղում, այլ նաեւ անվստահություն, ապագայի նկատմնամբ հավատի կորստի են բերում:

«Մենք ասում ենք, որ նման դեպքերում միանշանակ պետք է գործադրվի տեղական հանրաքվեի ինստիտուտը, ընդ որում երեւանցիների տեսակետն ամբողջությամբ հաշվի առնելու եւ ընդդիմադիր քաղաքապետի պարագայում նաեւ այդ տեսակետներով կառավարությանն ու իշխանություններին ընդդիմանալու հնարավորություն է ընձեռնվում»,- պարզաբանեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Այնուհետեւ Արծվիկ Մինասյանը, հանրային գերայկա շահ հռչակված երեւույթի օրինակով բացատրեց տեղական հանրաքվեի կարեւորությունն ու նրբությունները:

yerkir.am

Աղվան Վարդանյան. Դաշնակցությունը փորձում է

ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը չի հավատում սոցիոլոգիական հարցումներին: Henaran.am-ի հետ զրույցում նա ցավով նշեց, որ Հայաստանում սոցիոլոգիական հարցումները մի նպատակ ունեն՝ նկարագրել մի վիճակ և հավատացնել մարդկանց, թե դրանք իրականությանը մոտ արդյունքներ են, այնպես որ ՛՛դրանց հավատալը միամտություն է՛՛:

Աղվան Վարդանյանը վստահեցրեց, որ անցած օրերի ընթացքում գնալով բարձրանում է ՛՛Դաշնակցության՛՛ վարկանիշը և ինքը չի կիսում այն տեսակետը, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կամ ՛՛Ժառանգությունը՛՛ Երեւանի ավագանու ընտրություններում ավելի շանսեր ունեն.

”Մեծ թափով են ընթանում բակային հանդիպումները, մեր հրապարակային ելույթները լավ արձագանք են ստանում, և մենք փորձում ենք համոզել ժողովրդին, որ այս անգամ մի անգամ ՛՛Դաշնակցությունը՛՛ պիտի հաղթի և մեր քաղաքում, և սրանից հետո նաև մեր երկրում”:

henaran.am

Տպել Տպել