Ընդդիմության միավորումը ձախողողը կդառնա քաղաքական դիակ

Armen-Rustamyan_1Ընդդիմության միավորումը ձախողողը կդառնա քաղաքական դիակ

Հարցազրույց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանի հետ

-Երեւանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունների ծրագրերը, որոշ բացառություններով, գրեթե նույնն են: Ո՞րն է Դաշնակցության ծրագրային առավելությունը, ինչո՞վ կփորձեք տարբերվել մյուսներից ու շահել ընտրողի համակրանքը:

-Ընդամենը առաջին հայացքից է այդ տպավորությունը ստեղծվում, թե կա ծրագրերի նմանություն: ՀՅԴ-ն յուրովի է ներկայանում իր ընտրողին: Նախ՝ մեր նպատակն է երեւանցիներին հասու դարձնել, որ այս ընտրություններն ունեն քաղաքական բնույթ, եւ ներկայացնել, թե ի՞նչ կտա Հայաստանին ու Երեւանին ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը:

Իզուր չէ, որ ՀՅԴ-ն ընտրեց «Երեւան, փոխի՛ր Հայաստանը» կարգախոսը: Այսօր նույնացված են գործող իշխանությունն ու պետությունը եւ սրա դեմ պայքարն է լինելու մեր հիմնական նպատակը: Այդ ճանապարհին Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընդդիմության ներկայացուցչի ընտրությունը համարում ենք կարեւորագույն քայլ: Դա իշխանություններին հակակշռելու, զսպելու միակ ելքն է:

Հիմա խոսեմ երեւանցիների խնդիրներից, որոնց ծագման հիմնական պատճառն այն է, որ քաղաքապետն ու ավագանին ներկայացնում են միեւնույն քաղաքական թիմը: Իսկ միահեծան իշխանության պարագայում մեկ թիմում մրցակցություն չի կարող լինել, ավելին՝ դա կվտանգի թիմակիցներին:

Մինչդեռ ընդդիմադիր քաղաքապետի պարագայում կունենանք այլ իրավիճակ: Առաջին հարցը, որ պետք է լուծի ընդդիմադիր քաղաքապետը, քաղաքում կարգ ու կանոնի հաստատումն է, պայքարը հոռի բարքերի, անպատժելիության դեմ: Իսկ այդ պայքարը կարող է իրականացվել մունիցիպալ ոստիկանության ստեղծմամբ:

-Այսինքն՝ քաղաքապետը կունենա իր ուժային կառույցը, ասել է թե, պետություն` պետության մեջ:

-Այո, ոստիկանությունը կենթարկվի միայն քաղաքապետին: Զարմանալու բան չկա, աշխարհում էլ է այդպես, եւ մունիցիպալ ոստիկանությունը կարգ ու կանոն է պահպանում միայն իր համայնքի սահմաններում:

-ՀՅԴ-ն կարեւորում է համայնքային հանրաքվեների իրականացումը, սա ենթադրում է, որ Երեւանում պարբերաբար հանրաքվենե՞ր են կազմակերպվելու:

-Այո, եւ սա լավագույն ելքն է, որպեսզի կարեւոր խնդիրները լուծվեն ոչ թե միանձնյա կամ ինչ-որ գաղտնի խորհրդակցությամբ, այլ երեւանցիների մասնակցությամբ: Օրինակ, հանրաքվեի կարող է դրվել փողոցային առեւտրի վերացման հարցը, տրանսպորտին առնչվող հարցերը: Ի վերջո, քաղաքապետարանը պետք է տնօրինի Երեւանի տրանսպորտային համակարգը: Բայց մեզանում տնօրինողը «գծի տերերն» են, եկամուտներն էլ նրանց գրպանն են մտնում` շրջանցելով Երեւանը:

Հանրաքվեները հնարավորություն կտան քաղաքապետին հեշտությամբ կոտրել կենտրոնացված իշխանության դիմադրությունը, ու եթե կառավարությունը քաղաքապետին կարող է «ոչ» ասել, ապա չի կարող մերժել երեւանցու խոսքը:

Այսօր քաղաքապետը կամավոր հրաժարվել է աշխատատեղերի, սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման հնարավորություններից, բայց այս հարցերը կարող է հստակ դնել ձեռներեցների, շինարարների առաջ ու պահանջել:

-Տպավորությունն այնպիսին է, որ ՀՅԴ-ն քաղաքապետին վերագրում է երկրի նախագահի, վարչապետի լիազորություններ:

-Այո, այդպես էլ կա, քաղաքապետը մինի նախագահ է, մինի վարչապետ: Աշխարհի շատ երկրների նախագահներ նախ եղել են իրենց երկրի մայրաքաղաքների քաղաքապետերը: Դրա համար ենք ասում, որ այս ընտրությունները լուրջ հնարավորություն են երկրում իշխանափոխություն իրականացնելու:

-Ինչպես միշտ, այս ընտրություններում էլ ընդդիմությանը չհաջողվեց միասնաբար հանդես գալ, սակայն ՀՅԴ-ն խոսում է հետընտրական ինչ-որ միասնության մասին:

-Բացատրեմ: Միայն տեսականորեն է հնարավոր, որ քաղաքական որեւէ ուժ միանգամից շահի ընտրողների ձայների 50 տոկոսը ու կարողանա իր ցուցակով քաղաքապետ ընտրել: Կարծում եմ, որ դա տեղի չի ունենա, ու քաղաքապետի ընտրության հարցը կլուծվի ավագանու ներսում` ավագանու կազմից: Հենց դա էլ կլինի ոչ իշխանական ուժերի համախմբման պահը. միասնաբար կհաղթահարենք 50 տոկոսի շեմն ու հետընտրական փուլում մեր ավագանու կազմից կառաջադրենք քաղաքապետի թեկնածուին:

-Վստա՞հ եք, որ ընդդիմադիրներին կհաջողվի հաղթահարել սեփական հավակնությունները:

-Այն ուժը, որը կփորձի ձախողել այդ միավորումը ու ամբիցիա դրսեւորել, կբացահայտվի որպես իշխանության կողմից ներդրված ական ու կդառնա քաղաքական դիակ: Վերջապես կհստակեցվի դաշտը, մենք էլ կհասկանանք` ով է կեղծը, ով` շիտակը ու մեկընդմիշտ կփակվի այդ հարցը:

-Նախագահական ընտրություններից հետո ասում էիք, թե Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայների 37 տոկոսը ոչ իշխանական ուժերի ձայների հանրագումարն է: Մայիսի 5-ը կլինի այն լակմուսի թուղթը, որն ի ցույց կդնի, թե 37-ի ո՞ր մասը ո՞ւմ բաժինն է: Իսկ սա նշանակում է` ընտրապայքարը ծավալվելու է ընդդիմադիր ուժերի միջեւ` ընդդիմադիր էլեկտորատի համար:

-Եթե մենք գնանք այդ սխալ ճանապարհով ու պայքարը տեղափոխենք միմյանց դեմ, դրանից միայն ինքներս ենք տուժելու: Բայց ընդդիմության շահը հակառակն է պահանջում` համատեղել ձայները:

Սա պիտի հասկանանք ու ոչ թե մեկմեկու դեմ պայքարենք, այլ քաղաքականապես ակտիվացնենք ընդդիմադիր զանգվածին, համոզենք երեւանցիներին, որ սա ոչ այնքան ավագանու ընտրություններ են, որքան իշխանություններին անվստահություն հայտնելու առիթ: Մեր միակ ելքը ժողովրդին ակտիվացնելն է:

-Փաստորեն ընտրազանգվածի ակտիվացմանն է միտված իշխանության քննադատությունը: Եվ արդարացի են իշխանության որոշ ներկայացուցիչներ, նկատելով, թե սեփական ծրագրերը ներկայացնելու փոխարեն ընդդիմությունը զբաղված է գործող քաղաքապետին քննադատելով:

-ՀՅԴ-ի պարագայում այդպես չէ: Մենք չենք ասում՝ իշխանությունը վատն է ու վերջ, ասում ենք` ինչու են վատը, ու եթե մենք եկանք, ինչ պետք է փոխենք: Եվ սա է իշխանություն-ընդդիմություն իրական, դասական պայքարը: Ի վերջո, խնդիրը անձերը չեն, այլ համակարգը փոխելը: Պետք է գործի այնպիսի համակարգ, որ ոչ մի քաղաքապետ հնարավորություն չունենա սխալներ անելու:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»

Տպել Տպել