Տարօրինակ կլինի, եթե ընդդիմության որևէ ուժ չմիավորվի և ընդդիմադիր քաղաքապետ չընտրվի

AxvanԵրևանի ավագանու ընտրություններից հետո ընդդիմությունը միավորվելու մեծ հնարավորություն ունի. այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։

«Եթե ընդդիմության ներկայացուցիչներն առանձին-առանձին հավաքեն առավելագույն ձայներ և ունենան ավագանու ավելի մեծ թիվ, քան իշխանությունը, տարօրինակ կլինի, եթե ընդդիմության որևէ ուժ չմիավորվի և ընդդիմադիր քաղաքապետ չընտրվի»,- ասաց դաշնակցական պատգամավորը և ընդգծեց, որ այն նաև քաղաքական դաշտում խաղացող ուժերի կարգավիճակը պարզելու հնարավորություն կընձեռի։

«Ով չմիավորվի, արդեն կդառնա, որ նա այս քաղաքական դաշտում այլ ուժ է և ազնիվ չի պայքարի մեջ, դա կլինի՝ «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, «Հայ ազգային կոնգրեսը», թե «Ժառանգությունը»»,- թվարկեց նա։

Հարցին, թե քաղաքապետի ընտրության հարցում գուցե ինչպես մյուս բոլոր դեպքերում ընդդիմությունը համաձայնության չգա՞, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Այս դեպքում, կարծում եմ, հնարավոր է լուծում գտնել»,- ասաց նա և նշեց, որ այս փուլում կոնկրետ իրենք գնում են առավելագույն ձայներ հավաքելու, իսկ արդեն ընտրությունների ավարտից հետո արդյունքների հիման վրա կքննարկեն։

Աղվան Վարդանյանը խոսելով տարբեր միջոցառումներին ՀՅԴ-ի ակտիվ մասնակցության մասին՝ այդ թվում նաև ՀՀ նախագահի հետ հանդիպման, որը կայացել էր երեկ Արմեն Ռուստամյանի և Սերժ Սարգսյանի միջև, այն օրինաչափ համարեց։

«Մենք Հայաստանում գործող քաղաքական կուսակցություն ենք, և մենք Հայաստանում թշնամի չունենք, բաց ենք և հրապարակային, աշխատում ենք հնարավոր բոլոր ուժերի հետ, և՛ ընդդիմության բոլոր կուսակցությունների հետ, և՛ իշխանության հետ, երբ դիմում է մեզ որևէ բան խորհրդակցելու։ Մենք թաքցնելու բան չունենք մեր հասարակությունից, գնում ենք և հստակ ասում ենք մեր մոտեցումները, տեսակետը իրենց տարբերություններով։ Դա նորմալ քաղաքական ուժին վայել պահվածք է»,- նշեց նա և ավելացրեց, որ կոնկրետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն իրենք ներկայացրել են երկրում փոփոխությունների վերաբերյալ սեփական մոտեցումները և արտահայտել իրենց կարծիքը վերանշանակված վարչապետի մասին, որ նրա ղեկավարած Կառավարությունը ձախողել է նախորդ ծրագրերը։

«Մենք հստակ քաղաքական առաջարկ ենք ներկայացրել, որը վերաբերում է և՛ խորհրդարանական համակարգի անցմանը, Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություններին, և՛ ընդդիմություն-իշխանություն միասնական օրակարգին, որտեղ ընդդիմությանն ըստ օրենքի՝ տրվում է իշխանությանը վերահսկելու լիազորություններ, և այս հարցերը ներկայացրել ենք նախագահին։ Բացի այդ, ասել ենք, որ անընդունելի է վարչապետի նշանակումը, այս Կառավարությունը և վարչապետը ձախողել են նախորդ ծրագիրը, մի քանի անգամ ասել ենք, անվստահություն ենք հայտնել և ներկայացրել ենք, թե ինչպես ենք պատկերացնում լուծումները»,- ասաց նա։

Իսկ թե ինչ պատասխան են ստացել Սերժ Սարգսյանից, առանց հստակեցնելու՝ պատասխանեց, որ նախագահն ասել է, որ որոշ մոտեցումներ քննարկելի խնդիրներ են, որոնք հնարավոր է հաշվի առնեն, իսկ որոշ հարցերի դեպքում նշել է, որ իրենք այլ բան են կարծում։

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստան» ճակատ ստեղծելու նախաձեռնության նկատմամբ ՀՅԴ-ի վերաբերմունքին՝ ՀՅԴ պատգամավորը նշեց, որ իրենք իրենց տեսակետն արդեն իսկ հայտնել են երեկ կայացած բաց քննարկմանը, իսկ մնացածն ըստ նրա՝ ընթացքում քննարկվելիք, խորհրդակցվելիք հարցեր են։

«Որևէ վերջնական բան այսօր դեռ գոյություն չունի։ Հանդիպումներ, բնականաբար, առջևում կլինեն, եթե մենք գնում ենք շարժումը հզորացնելու, առաջ տանելու և ուղղորդելու ճանապարհով, քննարկումների ու խորհրդակցությունների անսահման դաշտ կա առջևում»,- նշեց նա։

Հարցին, թե ՀԱԿ-ի բուրժուադեմոկրատական հեղափոխության և «Նոր Հայաստան» շարժման ճակատներից որն է ՀՅԴ-ի համար առավել ընդունելի՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Դաշնակցության համար ընդունելի են Դաշնակցության առաջարկությունները, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր պատկերացումները, մոտեցումները, և ես կարծում եմ, կամաց-կամաց բոլորը կգան մեր տեսակետին»։

Հարցին, թե հնարավո՞ր է հենց Դաշնակցությունը լինի այս ուժերին, ի վերջո, մեկ սեղանի շուրջ նստեցնելու նախաձեռնողը, Աղվան Վարդանյանը չբացառեց։

«Համագործակցելու, միասնական քայլեր անելու նախաձեռնողը վերջին մեկ տարում գրեթե մենք ենք եղել և՛ նախագահական ընտրություններից հետո, և՛ ավագանու ընտրություններից առաջ։ Մենք պնդում ենք, որ ունենք հանգրվան՝ ավագանու ընտրություններն են, որտեղ մրցակցությունը ոչ թե անձերի, այլ ուժերի մեջ է»,- ասաց նա և ևս մեկ անգամ կարևորեց ավագանու ընտրությունները։

«Ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ առավելագույն ձայներ հավաքի և Երևանը դառնա ընդդիմադիր ղեկավարություն ունեցող կենտրոն։ Դա հնարավորություն կտա մրցակցելու իշխող ղեկավարությանը և ընդդիմությանը»,- եզրափակեց նա։

tert.am

Տպել Տպել