1991թ. այս օրը զոհվեց ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը

Tatul1991թ. այս օրը Արցախյան պատերազմում «Օղակ» գործողության ժամանակ զոհվեցին ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը (ծնվել է 1967թ.), Սիմոն Աչիկգյոզյանը (ծնվել է 1939թ.), Հրաչ Դանիելյանը և Վալերի Նազարեթյանը (ծնվել է 1961թ.):

Արցախյան պատերազմի ժամանակ 1990թ.սեպտեմբերից մինչև 1991թ. մայիսը Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարն էր:

Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ: Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ:

Համալսարանի 4-րդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Նա Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր:

1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Իր զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների:

1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման: Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ: Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը:

Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»:

Թաթուլ Կրպեյանին (և ընկերներին) են նվիրված Ռաֆայել Սահակյանի «Արծվապաշտ երկիր» փաստագեղարվեստական վեպըմ «Կարոտից խելառը» տեսաֆիլմը, ինչպես նաև «Լեռան լանջին» (հեղ.` Ներսիկ Իսպիրյան) և «Մայրամուտ իջավ» (հեղ.` աշուղ Գևորգ) երգերը:

Տպել Տպել