Հայ դատ. Ամերիկյան դատարանի վճիռը քաջալերում է Թուրքիայի պահվածքը Ցեղասպանության հարցում

logo -ANCA Թուրքիայի դեմ հայերի հայցը մերժելով՝ դատարանը քաջալերում է հետևել Թուրքիայի օրինակին և մերժել պատմությունը, խուսափել պատասխանատվությունից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի կառավարության հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի դատարանի՝ մի խումբ հայերի Թուրքիայի դեմ ներկայացրած հայցի մերժմանը:

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչը նշեց, որ հայցվորներն անպայման ապագայում ևս պետք է աշխատեն բողոքարկել այս վճիռը, թեև դատարանը համարել է, որ թուրքական Կենտրոնական բանկը և Ziraat Bankasi բանկը պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական բանկեր են և չեն կարող պատասխանատվություն կրել Հայոց ցեղասպանության ժամանակ համատարած բռնությունների և թալանված ունեցվածքի համար: Քեյթ Նահապետյանը ճիշտ չի համարում, որ ի վերջո դատարանը մերժեց հայցը՝ այն որակելով քաղաքական:

«Մերժելով այս գործը քաղաքական պնդումներով՝ դատարանը միայն քաջալերում է մյուս երկրներին հետևելու Թուրքիայի օրինակին, մերժելու պատմությունը՝ խուսափելով պատասխանատվությունից: Բայց դա թերի կարծիք է: Դատարանը մեծապես ապավինում է
Մովսիսյան և Վիկտորյա Վերսիչերունգ գործին, որը գերագույն դատարանը կարող է վերանայել՝ հրավիրելով Գլխավոր արխիվի ներկայացուցչին, որպեսզի համառոտ ներկայացնի եղելությունը: Առաջիկա շաբաթներին դա տեղի կունենա»,- ասաց Քեյթ Նահապետյանը՝ պնդելով, որ պետք է նման վճիռների դեպքում անընդհատ բողոքարկել և պայքարել արդարության վերականգնման համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Կալիֆոռնիայի դատարանը մերժել էր Թուրքիայի դեմ մի խումբ հայերի հայցը՝ Ցեղասպանության ժամանակ հայկական հողերը (այդ թվում՝ ներկայում Ինջիրլիք ամերիկյան ավիաբազայի տարածքը) զավթելու դիմաց փոխհատուցում ստանալու գործով:

Դատարանը վճռել էր, որ «հարցը քաղաքական է, ոչ թե դատական»: Նշենք, որ դատական գործընթացը շարունակվում էր շուրջ 3 տարի:

2010թ. ԱՄՆ-ում բնակվող Հայոց ցեղասպանության զոհերի երեք ժառանգներ Լոս Անջելեսի դատարան հայց էին ներկայացրել Թուրքիայի կառավարության, Թուրքիայի Կենտրոնական բանկի և Ziraat Bankasi բանկի դեմ՝ պահանջելով 63 միլիոն դոլարի փոխհատուցում իրենց նախնիների կորցրած կարողության դիմաց: Հայցում նշվում էր, որ նրանց պապերին Ադանայում պատկանել է 49.5 հա հողատարածք, այդ թվում՝ Ինջիրլիքում ներկայիս ամերիկյան ավիաբազայի տարածքը:

1in.am

Տպել Տպել