Մերժվել է հրապարակի կառուցման նախագիծը

Fotor0911142316Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը մերժել է նախագիծը, որն առաջարկում էր քաղաքի Կոլրեին հատվածում «Ադրբեջանի Հանրապետություն» անվանումով հրապարակ կառուցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com-ը, օրենքի նախագիծը քննարկման առաջին իսկ վայրկյանից արժանացել է Արգենտինայի հայ համայնքի քննադատությանն ու նրանց ջանքերի եւ ակտիվության շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել Ադրբեջանի հորինած սուտն ու կեղծիքը:

Խնդիրն այն է, որ նախագիծը նվիրված էր Ադրբեջանի Հանրապետությանը, ի պատիվ այն բանի, թե իբր Հայաստանը, Ադրբեջանին ներքաշելով Ղարաբաղյան պատերազմի մեջ, մթագնել է այդ երկրի անկախության առաջին տարիները: Սակայն վերջին տարիներին, Ադրբեջանը` որպես տարածաշրջանում խաղաղարար գործունեություն ծավալող պետություն, ամեն ջանք գործադրում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ իր ժողովրդի համար տնտեսական եւ քաղաքական կայունություն ապահովելու համար:

Բուենոս Այրեսի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կարոլինա Կարագյոզյանն առաջին է բարձրացրել հարցը` Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի անդամներին ներկայացնելով իրական փաստեր Ադրբեջանի այսպես կոչված «ժողովրդավարության եւ խաղաղասիրության մասին»:

Կա մտավախություն, որ նման անմեղ նախագծով Ադրբեջանը ցանկանում է փրկել իր դեմքը, բարձրացնել վարկանիշն ու քողարկել մարդու իրավունքների մշտական խախտումները, որ կատարվում են այդ երկրում: Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատունը հատուկ բացվեց, որպեսզի նրանք կարողանային դիմակայել տեղի արգենտինահայերին, ովքեր ակտիվ պայքար են մղում մարդկության դեմ կատարվող հանցագործությունների դեմ»,- ասել է Կարագյոզյանը` հավելելով, որ թեպետ Ադրբեջանը ներկայացնում է, թե տարածաշրջանում խաղաղարար առաքելությամբ է հանդես գալիս, իրականում խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, ովքեր ցանկանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ հիմունքներով:

«Բացի այդ, Ադրբեջանի նախագահը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի հետ կշարունակի 2015թ. ընդառաջ զարգացնել այն սուտը, որ 100 տարի առաջ Հայոց ցեղասպանություն չի եղել: Նման հայտարարություններն ու նման դիրքորոշումը պետք է անընդունելի լինի Բուենոս Այրեսի համար: Բուենոս Այրեսը չի կարող ընդունել նման նախաձեռնությունն ու տուրք տալ ադրբեջանական քարոզչությանը, հատկապես այն ժամանակ, երբ քաղաքը նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,- ասել է Կարագյոզյանը:

Նա հիշեցրել է, որ ադրբեջանի դիվանագետները նման նախագիծ ցանկանում էին իրականացնել երկու տարի առաջ Մեխիկոյում, որը սակայն տապալվեց: Իսկ 2010թ. ցանկանում էին Բուենոս Այրեսում տեղադրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը, որը նույնպես արժանացավ կառավարության մերժմանը:

Հայ համայնքի բարձրացրած աղմուկից հետո Ադրբեջանի հրապարակի անվանակոչության նախագծի հեղինակ Ալեքսանդրա Կաբալերոն ներողություն է խնդրել եւ հայտարարել, որ ապագայում այդ նախագիծը այլեւս երբեք չի ներկայացնի քննարկման:

«Արգենտինահայերն ինձ համար հարազատ մարդիկ են: Ես նրանց հետ կիսում եմ նրանց ցավն ու այն հիշողությունը, որ նրանք ունեցել են 99 տարի առաջ Ցեղասպանության ժամանակ: Ես այդ նախագիծը սխալմամբ եմ ստորագրել, ես ցանկանում էի, որպեսզի Բունեոս Այրեսում այլ երկրներն էլ ունենան իրենց փոքրիկ հարթակը եւ ի թիվա այլ նախագծերի` ստորագրել եմ նաեւ Ադրբեջանի նախագիծը: Ես ներողություն եմ խնդրում այն անձանցից, ովքեր իմ սխալի եւ անտեղյակության պատճառով վիրավորվել են եւ խորին շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին, ովքեր ինձ տեղեկացրին եւ ներկայացրեցին իրականությունն ու թույլ չտեցին ավելի մեծ սխալ գործել»,- ասել է Կաբալերոն:

armenpress.am

Տպել Տպել