2017-ին լուրջ փոփոխություններ են լինելու միասնական քննություններում

FotorCreatedՀաջորդ տարի միասնական քննությունների ձևաչափն էականորեն կփոփոխվի. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա խոստացավ, որ հասարակության համար շատ ընկալելի, լուրջ փոփոխություններ են լինելու:

Ինչ վերաբերում է այս տարվան, ապա նախարարը հավաստիացրեց, որ Գիտելիքների թեստավորման կենտրոնն արդեն նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում, իսկ ԿԳ նախարարությունն իր պատասխանատվության շրջանակում հետևում է գործընթացին:

«Կարծում եմ, որ հասել ենք որոշակի արդյունքի` այն առումով, որ քննությունների շուրջ նախկինում տեղի ունեցող իրարանցումն այլևս չի լինում, ուսանողների համար տեղերը բավականաչափ են: Մենք ուրիշ խնդիր ունենք, որը պետք է փորձենք լուծել` եթե կարողանանք միասնական քննություններից անջատել անվճար համակարգը, և պետությունը կարողանա իր քաղաքականությունն ավելի ազատ իրականացնել, անվճար համակարգի մեջ սոցիալական շերտը մեծացնել, կստանանք շատ դրական արդյունք: Այսինքն` միասնական քննությունները կհանձնեն մի տեղ, մրցույթը կկարողանանք անցկացնել մեկ այլ վայրում»,- ասաց Մկրտչյանը:

Նա նշեց նաև, որ, փոփոխության հետ կապված, իրենք արդեն աշխատանքներ են տանում և պետք է փորձեն մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ամբողջական փաթեթը ներկայացնել:

Տեղեկացրել էինք, որ Հայաստանն այսուհետ անդամակցում է «Հորիզոն 2020» ծրագրին: Լևոն Մկրտչյանը լրագրողներին հայտնեց, որ դա մեր ամենամեծ հաջողություններից մեկը կարելի է համարել, քանի որ «Հորիզոն 2020»-ը գիտության և ինովացիաների ծրագիր է` 77 մլրդ եվրո ծավալով:

«Սա Եվրոպայի ամենամեծ ծրագիրն է, և մենք կարող ենք այնտեղ հանդես գալ` որպես անդամ, իսկ նախկինում մենք կարողանում էինք աշխատել միայն երրորդ պետությունների միջոցով: Մենք հիմա կարող ենք ոչ միայն մեր ծրագրերը ներկայացնել, այլև ինքներս երրորդ երկրների առաջարկել ծրագրեր կյանքի կոչել: Կարող եմ ասել` գնդակը մեր գիտնականների դաշտում է, մնում է տեսնենք` նրանք ինչքան կկարողանան ճիշտ ծրագրեր ներկայացնել, մենք էլ ամեն ինչ կանենք, որ օգնենք»,- ասաց Մկրտչյանը:

Նա նշեց նաև, որ շուտով Հայաստանում գրասենյակ կստեղծվի, որպեսզի կարողանան համակարգել աշխատանքը: «Մենք կունենանք դրամաշնորհներ, և այս ծրագրի լավն այն է, որ դրա մեջ կարող են մտնել ոչ միայն ինստիտուտներ, այլ անհատ գիտնականներ: Շատ դեմոկրատական և հզոր ծրագիր է: Մեր հարևան Վրաստանը, օրինակ, միայն անցած տարի 15 մլն ֆունտ ստերլինգի չափով ծրագրեր է իրականացրել: «Հորիզոն 2020»-ը մեր գիտության զարգացման համար մեծ հնարավորություն է ստեղծում»,- շեշտեց նախարարը:

Ի դեպ, «Հորիզոն 2020»-ի անդամ երկրների թիվը 16-ն է:

Տպել Տպել