Լևոն Մկրտչյանը կարևորում է սոցիալապես անապահով խավի համար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնումը

UntitledՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը երկրի կրթական համակարգում փոփոխությունների կարիք է տեսնում: Ազգային ժողովում ՀՀ 2015 թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ, պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, Լևոն Մկրտչյանը ներկայացրեց իրականացվելիք փոփոխությունները, որոնց վրա այս պահին նախարարությունն աշխատում է: «Մենք նոյեմբերին համապատասխան փոփոխությունների վերաբերյալ նախագիծը կներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը: Մենք մոտավոր պատկերացում ունենք, թե ինչպես պետք է լուծենք երկու կարևորագույն հարց՝ միասնական քննությունների, ինչպես նաև պետական պատվերի քաղաքականությունը: Այսօր մեր երկրում աղքատության ցուցանիշը գիտեք, որ բավականին մեծ է: Եվ կա հատկապես աղքատ բնակչության մի շերտ, որն բարձրագույն կրթություն ստանալու շանս ընդհանրապես չունի: Դա այն շերտն է, որը չունի վարձ վճարելու հնարավորություն, չունի մասնավորի մոտ պարապելու հնարավորություն, իսկ նրա ընտանիքը, եթե կարողանա վարկ վերցնել, ապա կվերցնի գյուղատնտեսական վարկ, այլ ոչ թե ուսումնական: Նրանք խելացի երեխաներ են, սակայն նրանք իրենց գիտելիքներով կարող են ընդունելության միասնական քննություններին ստանալ առավելագույնը 16 միավոր, ինչը բավարար է բուհ ընդունվելու համար, սակայն բավարար չէ անվճար ուսում ստանալու համար»,- մանրամասնեց նախարարը:

Նախարարը հավելեց, որ ինքն առաջարկելու է տարանջատել միասնական քննությունները, պետական պատվերը և մրցույթը: «Մենք առաջարկում ենք ԳԹԿ-ին տալ իրավունք անցկացնել քննություն՝ վաուչեր տալով: Այսինքն, մենք առաջարկելու ենք, որ երեխան ընտրի իր քննական առարկաները, հանձնի քննությունները, ստանա վաուչերները, որից հետո կլինի հիմնադրամ, որտեղ պետությունը կտեղադրի պետպատվերը: Այստեղ մենք կառաջարկենք, որպեսզի այդ պետական պատվերի, այսինքն՝ անվճար կրթության մեջ, սոցիալական պատվերը լինի 50-60 տոկոսի սահմաններում: Այս դեպքում 13-14 միավոր ստացած երեխան իր սոցիալական կացության վկայականը ներկայացնելով համապատասխան հիմնադրամ, կստանա սոցիալական անվճար վաուչեր: Դրանից հետո նա կվերցնի իր երկու վաուչերները, այսինքն՝ գիտելիքի գնահատման վաուչերը և սոցիալական վաուչերը և արդեն ինքը կորոշի, թե որ համալսարանում է ցանկանում սովորել, իսկ համալասարաններն էլ իրենց մրցույթը կհայտարարեն, կհաստատեն իրենց շեմերը»,- մանրամասնեց Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ եթե հնարավոր լինի կրթական պետպատվերն անել ավելի հասցեական, այդ դեպքում հնարավոր կլինի պետության կողմից ֆինանսավորվող բարձրագույն կրթության դռները բացել հասարակության շուրջ 40 տոկոսի, այդ թվում՝սոցիալապես անապահով խավի առաջ:

Լևոն Մկրտչյանն անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ծախսերի օպտիմալացման գնալու հայտարարությանը, նշեց, թե մեքենաների կրճատում ԿԳՆ-ում չի լինի:

«Մեր նախարարությունն ունի 4 մեքենա՝ երկու փոխնախարարների մեքենա, իմը և աշխատակազմի ղեկավարինը: Կոնկրետ նախարարության մասով կրճատում դժվար թե լինի, բայց մեր ուղեկից կառույցներում պետք է նայենք: Եթե խոսում ենք օպտիմալացման մասին, ապա պետք է նայենք 3 հարթությամբ՝ նախարարություն, մեր ուղեկից կառույցները՝ Կրթության ազգային ինստիտուտը` իր կառույցներով, Լեզվի տեսչությունը, Լիցենզիոն գործակալությունը և այլն: Երրորդ՝ մեր ամբողջական համակարգը՝ դպրոցներ և այլն: Համենայն դեպս, մյուս շաբաթ կփորձենք ինչ-որ առաջարկներ ներկայացնել»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ չի բացառվում` աշխատանքների կարգավորման համար որոշ ուղղություններ ավելի ուժեղացնեն, օրինակ՝ ավագ դպրոցների համար ստեղծվի հատուկ բաժին և այլն:

Ինչ վերաբերում է ծախսերի օպտիմալացմանը, ԿԳ նախարարը նշեց. «Իմ ամբողջ գործունեության ընթացքում որևէ դեպք չկա, որ պետական բյուջեից մեկնեմ բիզնես կլասով՝ ո՛չ հիմա, ո՛չ անցյալում: Գտնում եմ, որ ՀՀ ԿԳ նախարարը պետք է օգտվի էկոնոմ կլասից: Իսկ եթե հրավիրում են բիզնես կլասով, ապա հաճույքով կթռչեմ»: