Ցուցակը գլխավորել՝ չի նշանակում հրաժարվել իշխանափոխության գաղափարից

Armen-Rustamyan_1 «Հայկական ժամանակ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը

– Պարոն Ռուստամյան, ՀՅԴ-ն առաջարկել էր, որ միասնական ցուցակի 1-ին համարը լինի Րաֆֆին, կամ՝ Վարդան Օսկանյանը: Ինչո՞ւ:

– Տեսեք, անկախ նրանից, թե ով ինչպիսի մոտեցումներ ունի երկրի հետ կապված, դա չդարձնենք գլխավոր տարաձայնության առարկա, այլ ոչ իշխանական դաշտը համախմբենք լիարժեքորեն և միասնական ցուցակով հասնենք Երևանում ընդդիմության իշխանության հաստատմանը: Սա էր գաղափարը: Եվ, բնականաբար, մենք էդ բանակցությունները սկսեցինք բոլոր նրանց հետ, ովքեր էսօր ոչ իշխանական դաշտում են: Եվ որպեսզի դա տեղի ունենար, Դաշնակցության հավակնությունները մենք գրեթե զրոյացրել ենք, չենք պահանջել՝ ցուցակը գլխավորել: Մեր խնդիրը միասնական ցանկ առաջացնելն էր: Բայց դժբախտաբար, չեմ էլ ուզում ոչ մեկին մեղադրել, երկուսով էին, որ չկարողացան որոշել, թե ով կլինի առաջին տեղում: Դրանից հետո էլի պայքարը մնում է, բայց՝ պակաս արդյունավետ: Այն տարբերակը ամենալիարժեքը կապահովեր և գրեթե հարյուր տոկոսանոց հաջողություն կունենար: Ուղղակի, ի սկզբանե Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցման մեջ միանշանակություն չկար, և նա ասում էր, որ ինքն ընդհանրապես ցուցակում չլինի, համարելով, որ դա նսեմացնելու է իր՝ նախագահական ընտրությունների հաջողությունը: Ես այդպես չեմ կարծում, որովհետև ունենք բազմաթիվ փաստեր, որ տեղի է ունեցել այլ թեկնածուների հետ, և դա երբեք նրանց կողմից չի դիտվել որպես իրենց հաղթանակի նսեմացում: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը կա, նույն Սերժ Սարգսյանը գլխավորում է Աժ ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը:

– Շարժման ընդդիմախոսները հենց սկզբից ժողովրդի մեջ տարածում էին, թե՝ կտեսնեք, Երևանի ավագանու ընտրություններում Րաֆֆին կգլխավորի ցուցակն ու իշխանություններից կստանա Երևանի քաղաքապետի պաշտոնը: ՀՅԴ-ն Րաֆֆուն առաջարկեց այն, ինչը ժողովրդի կողմից դիտվում է իշխանական պրոեկտ:

– Եթե այդ ասողը հասավ նրան, որ դա տեղի չունեցավ, ուրեմն իր նպատակին հասավ: Դա ամենաանցանկալի և ամենավտանգավոր սցենարը կլիներ իշխանության համար, եթե Րաֆֆին գլխավորեր ցուցակը:

– Իսկ Վարդան Օսկանյանին բերել ցուցակ այն դեպքում, երբ ԲՀԿ-ն ինքը չեղավ Ազատության հրապարակում և էս պրոցեսներում կարծես թե դիտորդի կարգավիճակում է…

– Եթե այդ եռամիասնությունը ձևավորվեր, ԲՀԿ-ն ուզեր, թե չուզեր, Շարժման մաս էր կազմելու: Պետք չէր ընկնել նորից փորփրել, թե ով ինչ է, ինչոց է և այլն: Իզուր տեղը սև ու սպիտակ ման գալու խնդիր էստեղ պետք չէր դնել: Դա Շարժմանը նոր թափ էր հաղորդելու, որովհետև իրենք պիտի բացատրեին, թե ինչի են միանում Ր.Հովհաննիսյանին: Եթե էդպիսի բան լիներ, սա անխուսափելի պարտություն էր ենթադրում իշխանությունների համար: Եվ վերջիններս ամեն ինչ արել են, որ դա չստացվի:

– Իսկ միգուցե Ազատության հրապարա՞կը կդատարկվեր, քանի որ Շարժման ուժերը կկորցնեին ժողովրդի վստահությունը:

– Հակառակը, ես վստահ եմ, որ կբազմապատկվեր: Մեր ասածը նա է, որ գլխավորել ցուցակը՝ չի նշանակում հրաժարվել իշխանափոխության գաղափարից: Սա իշխանափոխության ծրագրի մաս պետք է դիտվի, ոչ թե՝ հրաժարում այդ ծրագրից: Մի բան է ընդդիմադիր շարժումը առանց ընդդիմադիր քաղաքապետի, մի բան՝ ընդդիմադիր քաղաքապետով: Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, երբ իշխանության են եկել ընդդիմադիր ուժերը, նախևառաջ մայրաքաղաքում քաղաքապետ ունենալով: Որովհետև մայրաքաղաքներն ամենաքաղաքականացված տարածքներն են երկրների:

– Այլընտրանքային տարբերակ մնացե՞լ է:

– Ամեն ինչ կորած չէ: Մենք հիմա ասում ենք՝ չստացվե՞ց նախընտրական դաշինք՝ ոչինչ: Հնարավոր է հետընտրական դաշինքով էլի նորից քադաքականացնել խնդիրը: Այսինքն, դրա մասին հայտարարել, սա կբերի նրան, որ ժողովուրդը կհասկանա, որ չպիտի ձայն տա իշխանություններին: Եթե մենք չենք կարողանում ուղղակի ընտրությամբ հասնել քաղաքապետի ընտրության, որը կարող էր լինել նախընտրական դաշինքում, հետընտրականով դա կատարենք անուղղակի՝ ավագանու միջոցով: Վստահ եմ, որ որևէ մեկը այսօր 50 կամ 40 տոկոս չունի, որ բոնուսը կիրառվի: Ուրեմն հնարավոր է, որ տեղի ունենա ավագանու մեջ քաղաքապետի ընտրություն: Էս գլխից որոշենք, որ միավորում կարող է լինել ոչ իշխանական քաղաքական ուժերի միջև, և նրանք տեղում որոշեն քաղաքապետին: Սա է մեր առաջարկը:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»

Տպել Տպել