Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն առանց քաղաքական նկատառումների

qseneti andamՔնեսետի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման, հարցը Քնեսետի հանձնաժողովին հանձնելու, հանրային բաց քննարկում կազմակերպելու և մի շարք այլ հարցերի շուրջ Երուսաղեմում «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Իսրայելի «Մերեց» կուսակցության նախագահ, Քնեսետի անդամ Զահավա Գալոնի հետ:

– Ապրիլի 23-ին Ձեր նախաձեռնությամբ Քնեսետի լիագումար նիստում քննարկվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, եւ որոշվեց հարցը փոխանցել Քնեսետի հանձնաժողովին: Քնեսետի հանձնաժողովն արդյոք որոշե՞լ է, թե որ նախարարության հանձնաժողովում պետք է հարցը քննարկվի:

– Հարցը դեռ Քնեսետի հանձնաժողովում է: Քնեսետի հանձնաժողովն այն ոչ մի նախարարական հանձնաժողովի դեռ չի փոխանցել: Բայց հաջորդ շաբաթ մենք պետք է ստուգենք, թե արդյոք հնարավոր է հարցի քննարկումը փոխանցել Կրթության նախարարության հանձնաժողով: Մենք ցանկանում ենք հստակեցնել` արդյոք հնարավոր է կազմակերպել հանրային բաց քննարկում, որպեսզի հնարավոր լինի մասնագետներ, Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչներ հրավիրել: Այս պահին դեռ հստակ չէ:
Երկու տարի առաջ Հայոց ցեղասպանության հարցը Քնեսետի կողմից փոխանցվեց Կրթության նախարարության հանձնաժողովին, որտեղ նույնիսկ մեկ անգամ կազմակերպվեց հանրային քննարկում:

– Ինչո՞ւ քննարկումները չշարունակվեցին նույն հանձնաժողովում եւ հարցը փոխանցվեց Քնեսետի հանձնաժողովին:

– Ցավոք, դա քաղաքական կոնիեկտուրայի մաս է, Իսրայելի կառավարության քաղաքական ու պետական նկատառումների արդյունք: Իսրայելի կառավարությունն այն ժամանակ վատ հարաբերություններ ուներ Թուրքիայի հետ Մարմարա նավի դեպքերի պատճառով, հետեւաբար Իսրայելի կառավարությունը արտոնեց բաց քննարկում: Այժմ, երբ Իսրայելը գտնվում է Թուրքիայի հետ իր հարաբերությունները բարելավելու փուլում, չի ցանկանում արտոնել բաց քննարկում, բացի Քնեսետի լիագումար նիստի բաց քննարկումից:
Ուստի կարելի է ենթադրել, որ հարցը կապված է քաղաքական նկատառումների հետ, բայց, ափսոս, որ Հայոց ցեղասպանությունը, որ պետք է ճանաչվի Քնեսետի եւ Իսրայելի կառավարության կողմից, դարձել է քաղաքական նկատառումների նյութ:
2011 թվականին Քնեսետի անդամ Արիել Էլդատը մի առաջարկություն ներկայացրեց Քնեսետին, որով նա առաջակում էր ապրիլի 24-ը պաշտոնապես նշել որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

– Այս հարցի առնչությամբ ի՞նչ առաջընթաց կա:

Արիել Էլդատն այժմ Քնեսետի անդամ չէ, ուստի նրա առաջարկությունն այլեւս գործող չէ: Այժմ կան նոր առաջարկություններ, թե իմ եւ թե Իսրայել Խացոնի կողմից: Երբ Էլդատը դադարեց Քնեսետի անդամ լինելուց, այլես հնարավոր չեղավ քննարկել նրա առաջարկությունը:

– Երկու ամիս առաջ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ վերսկսած ջերմ հարաբերությունների ֆոնին ի՞նչ զարգացումներ եք ակնկալում Հայոց ցեղասպանության ճանաչման առումով:

– Ակնկալում եմ, որ արդեն հասել է ժամանակը, երբ Իսրայելի կառավարությունը Թուրքիայի հետ համաձայնության գա, պետական համաձայնության, եւ հաշտվի Թուրքիայի հետ ու Հայոց ցեղասպանության հարցը չօգտագործի քաղաքական նկատառումներով, այլ ճանաչի Հայոց ցեղասպանությունն առանց կապելու այդ հարցը Թուրքիայի հետ ունեցած իր հարաբերությունների հետ:

– Ըստ Ձեզ՝ որքա՞ն է Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը Քնեսետում, որի խոսնակն այլեւս Ռուվեն Լիվնին չէ եւ ոչ էլ կոալիցիայի ղեկավարը՝ Զեև Էլկինը: Նրանք աջակցում էին Ձեր առաջարկությանը եւ աշխատում, որ Քնեսետը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

– Ճիշտ է, Ռուվեն Լիվնին այլեւս Քնեսետի խոսնակը չէ, բայց ապրիլի 23-ին նա եւս խոսեց լիագումար նիստի քննարկման ժամանակ եւ իր աջակցությունը հայտնեց ճանաչման վերաբերյալ: Հավելեմ, որ Քնեսետի նոր խոսնակը եւս աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Շատերն են աջակցում ճանաչմանը, սական խնդիրն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կոալիցիոն իշխանության օրակարգում չէ, եւ սա է պատճառը, որ հարցի քննարկումն ուշանում է: Այս ուշացումը թելադրված է քաղաքական նկատառումներից եւ նաեւ արտաքին գործերի նախարարությունից: Բայց ես պիտի փորձեմ առաջիկա շաբաթների ընթացքում հարցն առաջ տանել եւ ձեռնարկել բաց, հանրային քննարկում, որով կփորձենք համոզել կառավարությանը, որ ուշադրությունը կենտրոնացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վրա:

– Իսրայելի հայ համայնքը եւ Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը ինպե՞ս կարող են օգնել Ձեզ այս հարցում:

– Կարծում եմ` շատ կարեւոր է, որ Իսրայելի հայ համանքը իրականացնի լոբբիստական աշխատանք Քնեսետի անդամների հետ, մանավանդ Քնեսետի նոր անդամների հետ, ովքեր ներգրավված չեն եղել այս հարցում եւ քիչ տեղեկություն ունեն հարցի վերաբերյալ, քանի որ անցյալ գումարման անդամ չեն եղել: Պետք է Քնեսետ մտած Հեշ Ատիդ («Ապագա կա») և Բաիտ Յեհուդի («Հրեական տուն») նոր կուսակցություններին ևս ծանոթացնել այս հարցի հետ:

– Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը կամ նորընտիր Հայ պատրիարքը կարո՞ղ են ինչ-որ կերպ օգնել Ձեզ, որպեսզի Իսրայելի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

– Այո, կարծում եմ` Երուսաղեմի նորընտիր հայ պատրիարքը պետք է հանդիպի Զեև Էլկինի հետ, ով այժմ արտաքին գործերի նախարարի տեղակալն է, եւ Իսրայելի վարչապետի հետ ու այս հարցը բարձրացնի նրանց առջեւ: Ի վերջո, նրանք մեծ ազդեցություն ունեն Քնեսետի վրա:

Կրկին ուզում եմ շեշտել, որ շատ կարեւոր է, որ լոբբիստական աշխատանք տարվի հարցի վերաբերյալ: Հիմնական պատգամն այն է, որ այսօր, այո, Իսրայելի կառավարությունը հաշտվում է Թուրքիայի հետ, սակայն ոչ մի կապ չպետք է լինի Իսայելի ու Թուրքիայի հարաբերությունների եւ Հայոց ցեղասպանության ճանաչման միջեւ: Պետք է վեր կանգնել ամեն ինչից: Սա պետք է լինի բարոյական հարց եւ ոչ թե պետական շահարկումների առարկա:

armenpress.am

Տպել Տպել